ԱՊՐԻԼԻ 23, 2025
ՈՒԿՐԱԻՆԱ
2025 թ. փետրվարին և մարտին Ուկրաինայում վեց եղբայրներ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար հայտնվել են ճաղերի հետևում
2025 թ. փետրվարին և մարտին Ուկրաինայում ազատազրկվել են զինծառայությունից հրաժարված երեք եղբայրներ
Եվս երեք եղբայրներ վերցվել են նախնական կալանքի
Ինչպես ավելի վաղ՝ 2025 թ. հունվարին, տեղեկացվել էր jw.org կայքում, եղբայր Վիտալի Կրյուշենկոն առաջին Եհովայի վկան է, ով Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր բանտարկվել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Դրանից հետո Ուկրաինայի կառավարությունը ևս վեց եղբայրների է բանտարկել զինծառայությունից հրաժարվելու համար։
Անդրի Խոմենկոն և նրա կինը՝ Իրինան
2025 թ. փետրվարի 3-ին 50-ամյա Անդրի Խոմենկոն դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։ Նա և իր կինը՝ Իրինան, ունեն երկու որդի։ Իր ազատազրկումից կարճ ժամանակ առաջ Անդրին ասաց. «Վստահ եմ, որ նույնիսկ ամենավատ հանգամանքներում Եհովան ինձ հետ կլինի և ներքին խաղաղություն կտա»։
Սերխի Իվանուշչենկոն
Դրանից ընդամենը մեկ շաբաթ անց՝ 2025 թ. փետրվարի 11-ին, ազատազրկվեց 48-ամյա Սերխի Իվանուշչենկոն։ Նա կալանավայրում երեք տարի կկրի իր պատիժը։ 2023 թ. նոյեմբերին մկրտվելուց մի քանի ամիս անց Սերխին զորակոչի ծանուցագիր էր ստացել։ Համոզված լինելով, որ Աստծու ծառաները այլևս չպետք է «սովորեն պատերազմել»՝ նա ներկայացել էր զորակոչային հանձնաժողովին և հարգալից կերպով հրաժարվել զինվորական ծառայությունից (Եսայիա 2:4)։
Սերխի Նեչայուկը
Այնուհետև՝ 2025 թ. մարտի 5-ին, իշխանությունները բանտարկեցին 35-ամյա եղբայր Սերխի Նեչայուկին, որն ամուսնացած է և ունի երկու երեխա։ Եղբայրը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ Իր ազատազրկումից առաջ Սերխին ասաց. «Իմանալով, որ եղբայրներս ու քույրերս անկեղծորեն աղոթում են ինձ համար, զգում եմ, որ մենակ չեմ։ Ինձ հետ է նաև Եհովան»։
Ի հավելումն այս դեպքերի՝ 2025 թ. հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում զինվորները Միխայլո Ադամովիչին (40 տարեկան), Յարոսլավ Բոդնարչուկին (28 տարեկան) և Օլեքսանդր Ռադաշկոյին (35 տարեկան) բռնի տեղափոխեցին ռազմաբազա, ինչը, ըստ ուկրաինական օրենսդրության, փաստացի նշանակում է զինվորական ծառայության սկիզբ։ Երբ այս եղբայրները համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվեցին զինվորական համազգեստ հագնել կամ զենք վերցնել, նրանք, ըստ զինվորական կանոնադրության, մեղադրվեցին հրաման չկատարելու մեջ և կալանավորվեցին։ Միխայլոն և Օլեքսանդրը գտնվում են նախնական կալանքի կենտրոնում և սպասում են իրենց դատավարությանը։ Իսկ Յարոսլավին ազատ են արձակել գրավի դիմաց։ Եթե եղբայրները մեղավոր ճանաչվեն, նրանցից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել հինգից տասը տարվա ազատազրկման։
Ձախից աջ՝ Միխայլո Ադամովիչը, Յարոսլավ Բոդնարչուկը, Օլեքսանդր Ռադաշկոն
Իշխանությունների այս գործողությունները հակասում են միջազգային և ուկրաինական օրենքներին։ Օրինակ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում են անհատի՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու իրավունքը։ Ուկրաինայի կառավարությունը համաձայնել է հետևել միջազգային այդ նորմերին։ Զինծառայություն կատարելու փոխարեն այլընտրանքային (ոչ զինվորական) ծառայություն կատարելու իրավունքը երաշխավորված է նաև Ուկրաինայի Սահմանադրությամբ։
Մեր համաշխարհային ընտանիքը աղոթում է, որ Եհովան շարունակի մխիթարել ու պաշտպանել այս եղբայրներին և բոլոր նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են հավատարիմ մնալ իրեն (Սաղմոս 34:7)։

