ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2024
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի 100-ամյակը
Ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի առաջին թողարկումը՝ տպագրված 1924 թ. հունվարին
2024 թ. հունվարին լրանում է ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի հրատարակման 100 տարին։ Բարի լուրը առաջին անգամ Ուկրաինա հասավ 1891 թ. սկզբին, և շատերը դրականորեն արձագանքեցին։ Հաջորդ տասնամյակներին է՛լ ավելի մեծ թվով ուկրաինախոս մարդիկ սեր զարգացրին աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ։ Սակայն 20-րդ դարի սկզբում Ուկրաինայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պատճառով շատ ուկրաինախոսներ արտագաղթեցին այլ երկրներ, գլխավորապես՝ Կանադա և Միացյալ Նահանգներ։
1923 թ.-ին, երբ եղբայր Ռադերֆորդը այցելեց Կանադա, եղբայր Էմիլ Զարիցկիին (նրա ծնողները ներգաղթել էին Ուկրաինայից) հրավիրեց մասնակցել ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի թարգմանությանը։ Էմիլը նոր էր սկսել ծառայել որպես գրքեր տարածող (ռահվիրա) և պիլիգրիմ (շրջագայող վերակացու)։ Բացի այդ՝ նա և իր կինը հինգ երեխա ունեին։ Այնուամենայնիվ, Էմիլն ընդունեց եղբայր Ռադերֆորդի հրավերը, և 1924 թ. հունվարին հրատարակվեց ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի առաջին թողարկումը։ Էմիլը 40 տարի շարունակեց հավատարմորեն ծառայել որպես թարգմանիչ։ Նրա դուստր Ռոուզն ասում է. «Այն, ինչ ամենաշատն եմ հիշում այդ օրերից, գրամեքենայի ձայնն է, որն անընդհատ հնչում էր մեր տանը, երբ հայրս տպում էր դրանով»։
1964 թ․-ին Էմիլը վերապատրաստեց եղբայր Մորիս Սարանչուկին և նրա կնոջը՝ Էնին, որպեսզի հոգ տանեն ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի թարգմանչական աշխատանքների մասին։ Սարանչուկները եռանդորեն կատարում էին իրենց նշանակումը, երբեմն նույնիսկ թարգմանում էին աշխատանքի ընդմիջման ժամերին՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած։ Ի վերջո քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի այս զույգը կարողանա տեղի Թագավորության սրահում մի փոքր տարածք օգտագործել որպես թարգմանչական գրասենյակ։ 1977 թ.-ին Սարանչուկները հրավիրվեցին ծառայելու Կանադայի Բեթելում։ Ժամանակի ընթացքում մասնաճյուղի ուկրաինախոս այլ ծառայողներ էլ վերապատրաստում անցան, որ ճշգրտորեն թարգմանեն «Դիտարան» ամսագիրը և աստվածաշնչյան մյուս հրատարակությունները։
Ձախ կողմում՝ Էմիլ և Մարիա Զարիցկիները՝ ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի առաջին թարգմանիչները (1924 թ.)։ Աջ կողմում՝ Մորիս և Էն Սարանչուկները, ովքեր 1960-ականների սկզբին մասնակցել են ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի թարգմանությանը
1940-ականների վերջում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դրվեց Խորհրդային Միությունում։ Հաջորդող տասնամյակներին մեր եղբայրները նոր միջոցներ գտան ուկրաիներեն «Դիտարան» ամսագիրը և աստվածաշնչյան մյուս հրատարակությունները երկիր բերելու համար։ Երբ Խորհրդային Միության եղբայրները ստանում էին այդ հրատարակությունները, զգուշորեն բազմացնում և տարածում էին դրանք՝ հավատակիցներին ապահովելով անհրաժեշտ հոգևոր սննդով։ 1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այդուհետ մեր հավատակիցները կարող էին ազատորեն դավանել իրենց կրոնը։ Շուտով Գերմանիայի մասնաճյուղում ուկրաիներենի թարգմանչական խումբ կազմավորվեց։ Ավելի ուշ խումբը տեղափոխվեց Լեհաստան, իսկ 2001 թ.-ին վերջնականապես հաստատվեց Ուկրաինայի նոր մասնաճյուղում։ Քույրերից մեկը, ով վերջին 30 տարիներին ծառայում է այդ թարգմանչական խմբում, ասում է. «Եղբայրներն ու քույրերը, ովքեր սկիզբ դրեցին «Դիտարան» ամսագրի թարգմանությանն ու տարածմանը, նպաստեցին այն աճին, որն այսօր տեսնում ենք Եհովայի կազմակերպության մեջ։ Այժմ, երբ ես եմ մասնակցում նույն գործին, ոգեշնչվում եմ նրանց վճռականությամբ, որ շարունակեմ ծառայությունս»։
Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր ուկրաինախոսներ օգուտներ են քաղում իրենց լեզվով առկա «Դիտարան» ամսագրից։ Այժմ Ուկրաինայում գործում է ուկրաինախոս 67 խումբ և 541 ժողով։ Ուկրաինախոս խմբեր և ժողովներ կան նաև Ավստրիայում, Բելգիայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Չեխիայում, Սլովակիայում և Ֆրանսիայում։
Շնորհակալ ենք Եհովային ուկրաիներեն «Դիտարան» ամսագրի համար, որը անգին միջոց է՝ օգնելու ավելի շատ մարդկանց ապավինել նրան (Սաղմոս 78։7)։

