Հաճախակի հոսանքազրկումը խոչընդոտ չէ, որ Ուկրաինայի հավատակիցները մասնակցեն հանդիպումներին։ Ձախ կողմում՝ շրջանային վերակացուն եղբայրներից մեկի տանը մի խումբ քարոզիչների առաջ ելույթ է ներկայացնում։ Վերևի աջ կողմում՝ Թագավորության սրահում հանդիպումը շարունակվում է առանց էլեկտրականության։ Ներքևի աջ կողմում՝ մի ընտանիք Zoom-ով միացել է հանդիպմանը՝ չնայած հոսանքազրկմանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #14 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #14 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Հաճախակի ռմբակոծությունների հետևանքով Ուկրաինայի շատ հատվածներում բազմաթիվ ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ լրջորեն վնասվել։ Այդուհանդերձ, անգամ էլեկտրականության հաճախակի անջատումների պայմաններում մեր եղբայրներն ու քույրերը չեն դադարում հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել աստվածապետական գործունեության մյուս ձևերին։

Քույրերը Zoom-ով մասնակցում են հանդիպմանը, թեպետ հոսանք չունեն

Անաստասիան և Դեբորան, ովքեր Կիևում ռահվիրա են ծառայում, ասում են, որ օրական առնվազն 12 ժամ զրկված են լինում հոսանքից։ Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք լիցքավորում են իրենց էլեկտրոնային սարքերի մարտկոցները, իսկ ժողովի հանդիպումներին միանալու համար օգտվում են բջջային ինտերնետից։ Հաճախ հանդիպումների ավարտին ինտերնետային կապը խափանվում է։

Էլեկտրամատակարարման խափանումների ստեղծած մեկ այլ խոչընդոտ էլ ջեռուցման բացակայությունն է։ Որոշ հավատակիցներ տաքանում են հոսանքի գեներատորների շնորհիվ, մյուսները տեղափոխվում են իրենց բարեկամների տներ, ովքեր ջեռուցում ունեն։ Ոմանք էլ ուղղակի դիմանում են ցրտին։ Լավն այն է, որ շատ հավատակիցների տներ գազով են ջեռուցվում, իսկ դրա վրա էլեկտրամատակարարման խափանումները չեն անդրադառնում։

Իվանո-Ֆրանկովսկից Իրինա անունով մի ռահվիրա չի կորցնում իր դրական մտավիճակը։ Նա ասում է. «Որոշել եմ չանհանգստանալ այն բաների մասին, որոնք իմ վերահսկողությունից դուրս են։ Փորձում եմ ապրել տվյալ ժամով։ Մտածում եմ, թե հոսանքի անջատման դեպքում ինչով եմ զբաղվելու և համոզվում եմ, որ բեռնել եմ անհրաժեշտ հրատարակությունները»։

Չնայած բազում դժվարություններին՝ Ուկրաինայի մեր եղբայրներն ու քույրերը մեծ եռանդով ծառայում են Եհովային։ Համոզված ենք, որ նա կշարունակի օրհնել նրանց ջանքերը, որ ներդնում են «բարին անելու» համար (Գաղատացիներ 6։9

2022 թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 47 քարոզիչ մահացել է։

  • 97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 11 537 քարոզիչ ներկայումս տեղահանված է։

  • 590 տուն ավերվել է։

  • 645 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 722 տուն թեթևակի է վնասվել։

  • 7 Թագավորության սրահ ավերվել է։

  • 19 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 68 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե (ԱՏՕԿ)։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 54 212 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 26 811 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։