ՀՈՒԼԻՍԻ 18, 2025
ՇՐԻ ԼԱՆԿԱ
Ձախ կողմում՝ Շրի Լանկայի Գերագույն դատարանի շենքը։ Աջ կողմում (ձախից աջ)՝ քույրեր Ջ.Ա.Դ.Մ. Մալկանտին, Մ.Ա. Սունիտա Կալյանի դե Սիլվան, Ռ.Ա. Նիրուջան և Տիսուրի Ամա Լիյանաջը (մայիս, 2025)
Շրի Լանկայի Գերագույն դատարանը 11 տարի անց մարդու իրավունքներին առնչվող կարևոր որոշում կայացրեց
2025 թ. մայիսի 21-ին Շրի Լանկայի Գերագույն դատարանը մի կարևոր որոշում հրապարակեց, որը շրջադարձային է երկրում կրոնական ազատությունը պաշտպանելու հարցում։ 11 տարի տևած դատաքննություններից հետո Դատարանը որոշեց, որ իշխանությունները ոտնահարել են իրենց հավատը խաղաղ ձևով դավանելու մեր չորս քույրերի իրավունքը։ Այս որոշումը տարբեր առումներով նշանակալից իրավական հաղթանակ է Շրի Լանկայում ապրող մեր հավատակիցների համար։ Դրանով հաստատվեց, որ համաձայն Շրի Լանկայի սահմանադրության՝ Եհովայի վկաները իրավունք ունեն խաղաղ կերպով ուրիշների հետ խոսելու իրենց հավատի մասին։ Այն նաև կրոնական ազատությունը հարգելու հարցում օրինակ է ծառայում ողջ հարավային Ասիայի երկրների համար։
2014 թ. հոկտեմբերին չորս քույրեր Շրի Լանկայի հարավում գտնվող Կիրամա գյուղում մարդկանց հետ զրուցում էին Աստվածաշնչի մասին։ Անսպասելիորեն զայրացած մի ամբոխ վրա հասավ ու փորձեց խանգարել նրանց։ Ժամանած ոստիկանները ագրեսիվ մարդկանց հանգստացնելու փոխարեն ապօրինաբար ձերբակալեցին և ոստիկանական բաժանմունք տարան մեր չորս քույրերին։ Առանց որևէ մեղադրանք առաջադրելու ոստիկանները մեր քույրերին գիշերը պահեցին բանտում։ Նրանց փակեցին առանձին խցերում վտանգավոր հանցագործների հետ։ Սակայն այդ դժվար փորձության ժամանակ քույրերը կարողացան հանդարտ մնալ և ապավինել Եհովային։ Հաջորդ օրը նրանց ազատ արձակեցին։
Մեկ ամիս անց՝ 2014-ի նոյեմբերին, տեղի դատավորը առանց դատաքննության փակեց գործը։ Բայց չորս քույրերը, համոզված լինելով, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, որոշեցին բողոք ներկայացնել Շրի Լանկայի Գերագույն դատարան և Մարդու իրավունքների հանձնաժողով։ Ի վերջո՝ 2025-ի մայիսին, դատարանը որոշեց, որ իշխանությունները դեպքի ժամանակ իսկապես ոտնահարել են քույրերի իրավունքները և տեղի ոստիկանապետին ու պետական իշխանություններին պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել յուրաքանչյուր քրոջը։ Գերագույն դատարանի կայացրած որոշման մասին քույր Մալկանտին ասում է. «Այս որոշումը հաղթանակ էր ոչ միայն չորս քույրերիս համար, այլև Շրի Լանկայում ապրող մեր բոլոր եղբայրների ու քույրերի, քանի որ դրանով պաշտպանվեց Աստծուն խաղաղ կերպով պաշտամունք մատուցելու մեր իրավունքը։ Ես հստակ տեսնում եմ, որ Աստված պահում է Եսայիա 54։17-ում գրված իր խոստումը. «Քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենա»»։
Սրտանց ուրախ ենք Շրի Լանկայի մեր եղբայրների ու քույրերի համար, քանի որ այդ դրական որոշումը մեկ անգամ ևս հաստատեց, որ նրանք իրավունք ունեն «շարունակելու հանգիստ ու խաղաղ կյանք վարել՝ ամեն ինչում դրսևորելով.... Աստծու հանդեպ նվիրվածություն» (1 Տիմոթեոս 2։2)։

