ՄԱՐՏԻ 27, 2025
ՆՈՐՎԵԳԻԱ
Բորգարտինգի վերաքննիչ դատարանը (Օսլո, Նորվեգիա)
Նորվեգիայում վերաքննիչ դատարանը միաձայն չեղարկեց հակասահմանադրական վճիռը
2025 թ. մարտի 14-ին Բորգարտինգի վերաքննիչ դատարանը միաձայն չեղարկեց Նորվեգիայում Եհովայի վկաների պետական գրանցումը կասեցնելու մասին Օսլոյի շրջանային դատարանի վճիռը։ Բորգարտինգի վերաքննիչ դատարանը նաև որոշեց, որ մեր եղբայրներին պետք է տրամադրվի 8 500 000 կրոն (806 833 ամերիկյան դոլար)՝ որպես երկու դատավարությունների իրավաբանական ծախսերի փոխհատուցում։
2022 թ.-ին Օսլոյի և Վիկենի նահանգապետը չեղարկեց մեր պետական գրանցումը՝ զրկելով մեզ պետական դրամաշնորհներից, որոնք կառավարությունը տրամադրում է երկրում գրանցված ավելի քան 700 կրոնական ուղղություններին։ Պետության դիրքորոշումն այն էր, որ մենք՝ Եհովայի վկաներս, պետք է փոխենք չզղջացող մեղավորներին ժողովից հեռացնելու Աստվածաշնչի վրա հիմնված մեր կարգը։ Այն բանից հետո, երբ 2024 թ. մարտի 4-ին Օսլոյի շրջանային դատարանը հաստատեց Նորվեգիայում Եհովայի վկաների պետական գրանցումը չեղյալ հայտարարելու մասին Նորվեգիայի կառավարության որոշումը, Վկաները բողոքարկեցին։ Եվ այս ամենավերջին որոշմամբ չեղյալ համարվեց ստորին ատյանի հակասահմանադրական վճիռները։ Պետությունը դեռևս կարող է բողոքարկել այս որոշումը՝ դիմելով երկրի Գերագույն դատարան։
Մեր բողոքարկման գործընթացում երեք դատավորներից բաղկացած վերաքննիչ հանձնախումբը մանրակրկիտ ուսումնասիրեց մեր կրոնական սովորույթները և աստվածաշնչյան ուսմունքները։ Եվ պետության պնդումներին հակառակ՝ վերաքննիչ դատարանը որոշեց, որ ժողովից հեռացված չզղջացող մեղավորի հետ շփումը սահմանափակելը նրա իրավունքների խախտում չէ։ Իսկ երբ խոսքը չզղջացող անչափահասին ժողովից հեռացնելու մասին է, դատարանը որոշեց, որ դա «հոգեբանական բռնություն չէ»։
Դատարանը անվավեր ճանաչեց «Եհովայի վկաներին դրամաշնորհներից և գրանցումից զրկելու պետության որոշումը»։
Իրավաբանական խմբի անդամները՝ դատարանի բակում
Մենք անչափ ուրախ ենք, որ Նորվեգիայի վերաքննիչ դատարանը նման որոշում է կայացրել։ Մեր բոլոր հաղթանակների համար ողջ փառքը ուղղում ենք Եհովային (Սաղմոս 40։4)։

