ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2025
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Կործանարար հրդեհները հսկայական ավերածություններ են պատճառել Փասիֆիք Փալիսեյդսում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Կալիֆոռնիայի հարավում անտառային հրդեհները անխնա ոչնչացնում են ամեն բան
2025 թ. հունվարի 7-ին Լոս Անջելեսից դուրս՝ Կալիֆոռնիայի լեռներում (ԱՄՆ), երեք խոշոր հրդեհներ սկսվեցին: Հաջորդ երկու օրերի ընթացքում այդ տարածաշրջանում առնվազն երեք այլ հրդեհներ բռնկվեցին: a Չորային եղանակի և մինչև 160 կմ/ժ (100 մղոն/ժամ) արագության հասնող ուժեղ անապատային քամիների պատճառով հրդեհները արագ տարածվեցին։
Հրդեհներից ներկայումս այրվել է ավելի քան 16 000 հեկտար (40 000 ակր) տարածք: Մոտ 12 000 շինություն, այդ թվում՝ տներ և ձեռնարկություններ ավերվել են: Ավելի քան 130 000 մարդ տարհանվել է։ Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է առնվազն 24 մարդ։
Ստորև ներկայացված են տուժած տարածքներից ստացված նախնական հաշվետվությունների հիման վրա հաշվարկված ընդհանուր թվերը։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
1 068 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
83 տուն ավերվել է։
3 տուն լրջորեն վնասվել է։
12 տուն թեթևակի է վնասվել։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել և չի ավերվել։
Օգնություն աղետից տուժածներին
Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում հրդեհից տուժածներին։ Մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը մեկնել է աղետի գոտի՝ մեր եղբայրներին ու քույրերին մխիթարելու։
2 Թագավորության սրահներ ժամանակավորապես ծառայում են որպես աղետից տուժածներին օգնություն տրամադրելու կենտրոններ։
Աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորվել հումանիտար օգնություն տրամադրելու գործը կազմակերպելու համար։
Մենք աղոթում ենք այդ տարածքներում ապրող մեր հավատակիցների համար։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Աստծու խոստման համաձայն՝ բնական աղետներն ու դրանց սարսափելի հետևանքները կվերանան (Հայտնություն 21։4)։
a 2025 թ. հունվարի 7-ին սկսվեցին Փալիսեյդս, Իթոն, Հերսթ հրդեհները, հունվարի 8-ին դրանց հետևեցին Լիդիա և Սանսեթ հրդեհները, իսկ հունվարի 9-ին բռնկվեց Քենեթ հրդեհը։