Հայերեն
2025-ի հունիսին Աստվածաշունչը և դրա առանձին մասերը լույս են տեսել 4 լեզուներով
https://cms-imgp.jw-cdn.org/img/p/702025078/univ/art/702025078_univ_sqr_xl.jpg

Հուլիսի 11, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2025-ի հունիսին Աստվածաշունչը և դրա առանձին մասերը լույս են տեսել 4 լեզուներով

2025-ի հունիսին Աստվածաշունչը և դրա առանձին մասերը լույս են տեսել 4 լեզուներով

Անգոլական ժեստերի լեզու

2025 թ. հունիսի 13-ին Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Թեյլոր Բորնշայնը հայտարարեց, որ Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել անգոլական ժեստերի լեզվով։ Հայտարարությունը արվեց Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում տեղի ունեցած «Մաքուր երկրպագություն» տարածաշրջանային համաժողովի ժամանակ, որին ներկա էին 1 540 հոգի։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքները բեռնման համար անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում, JW Library և JW Library Sign Language հավելվածներում։

Սա Քրիստոնեական Հունարեն Գրվածքների առաջին ամբողջական թարգմանությունն է անգոլական ժեստերի լեզվով։ Այդ լեզվով Եհովայի վկաները սկսել են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ թողարկել 2013 թ.-ից։ Այսօր Անգոլայում մոտ 1 100 եղբայրներ և քույրեր են ծառայում ժեստերի լեզվով խոսող 37 ժողովներում և 11 խմբերում։

Վենեսուելական ժեստերի լեզու

2025 թ. հունիսի 14-ին Վենեսուելայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Էդգարդո Լոպեսը հայտարարեց վենեսուելական ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Հայտարարությունը հնչեց հատուկ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Լա Վիկտորիա քաղաքում՝ Վենեսուելայի մասնաճյուղում։ Հանդիպմանը ներկա էին 309 հոգի, ևս 1 215-ը ծրագիրը դիտեցին տեսակապով։ Իսկ 918 հոգի ավելի ուշ՝ նույն շաբաթավերջին, դիտեցին ծրագրի ձայնագրությունը։ Նոր թարգմանությունը բեռնման համար միանգամից հասանելի դարձավ jw.org կայքում, JW Library և JW Library Sign Language հավելվածներում։

Ներկայումս ավելի քան 100 000 մարդ է խոսում վենեսուելական ժեստերի լեզվով։ Այդ լեզվով գործող 33 ժողով և 34 խումբ կա, որոնցում ծառայում են ավելի քան 1 300 եղբայրներ ու քույրեր։

Կիտուբա

2025 թ. հունիսի 20-ին եղբայր Էմբեթե Ֆրանսուան, ով Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց, որ կիտուբա լեզվով լույս են տեսել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը և Աստվածաշնչի «Ծննդոց» ու «Ելք» գրքերը։ Հայտարարությունը արվեց Կոնգոյի Հանրապետության Փուենթ Նուար քաղաքում գտնվող համաժողովների սրահում «Մաքուր երկրպագություն» տարածաշրջանային համաժողովի ժամանակ, որին ներկա էին 1 276 հոգի։ Թվային տարբերակը բեռնման համար միանգամից հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։ Ներկաների համար սահմանափակ քանակությամբ առկա էր նաև Քրիստոնեական Հունարեն Գրվածքների տպագիր տարբերակը։ Ժամանակի ընթացքում ժողովները նույնպես կստանան տպագիր տարբերակը։

Ավելի քան 12 միլիոն կիտուբախոս մարդ է ապրում Անգոլայում, Գաբոնում և Կոնգոյի Հանրապետությունում։ Նրանց թվում են մեր ավելի քան 2 500 եղբայրներն և քույրերը, որոնք ծառայում են 35 կիտուբախոս ժողովներում։

Կոլումբիական ժեստերի լեզու

2025 թ. հունիսի 21-ին Կոլումբիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Անդրես Մեխիյան հայտարարեց կոլումբիական ժեստերի լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Հայտարարությունը եղավ Կոլումբիայի Կոտա քաղաքի համաժողովների սրահում հատուկ միջոցառման ժամանակ։ Ներկաների թիվը 1 980 էր։ Հարյուրավորներ էլ ծրագիրը տեսակապով էին դիտում երկրի 47 տարբեր վայրերից։ Նոր թարգմանությունը բեռնելու համար միանգամից հասանելի դարձավ jw.org կայքում, JW Library և JW Library Sign Language հավելվածներում։

Սա կոլումբիական ժեստերի լեզվով Աստվածաշնչի առաջին ամբողջական թարգմանությունն է։ Այսօր մոտ 500 000 մարդ է խոսում կոլումբիական ժեստերի լեզվով։ Ավելի քան 25 տարի է՝ Եհովայի վկաները Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն են թողարկում այդ լեզվով։ Կոլումբիայում ներկայումս ավելի քան 1 400 եղբայրներ և քույրեր են ծառայում ժեստերի լեզվով գործող 35 ժողովներում և 11 խմբերում։ Նրանք անչափ ուրախ են, որ կարող են օգտվել այս նոր ամբողջական թարգմանությունից իրենց ծառայության, անձնական ուսումնասիրության և ժողովի հանդիպումների ժամանակ։