ՄԱՐՏԻ 21, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2025 թ. մարտին Աստվածաշնչի գրքեր են լույս տեսել ժեստերի երկու լեզուներով
Կորեական ժեստերի լեզու
2025 թ. մարտի 8-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը հայտարարեց, որ կորեական ժեստերի լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ամբողջական տարբերակը։ Նա այդ հայտարարությունն արեց Հարավային Կորեայի Կոյան քաղաքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ։ Ներկաների թիվը 7 226 էր, ևս 64 960-ը միացել էին տեսակապով։ Գիրքը բեռնելու համար անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում, JW Library և JW Library Sign Language հավելվածներում։
Սա կորեական ժեստերի լեզվով երբևէ լույս տեսած Աստվածաշնչի առաջին ամբողջական թարգմանությունն է։ Ներկայումս մոտ 100 000 մարդ հաղորդակցվում է կորեական ժեստերի լեզվով, այդ թվում՝ մեր 1 700 եղբայրներն ու քույրերը, ովքեր ծառայում են Հարավային Կորեայում ժեստերի լեզվով խոսող 39 ժողովներում և 2 խմբերում։
Գանայական ժեստերի լեզու
2025 թ. մարտի 16-ին Գանայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջոել Գրիմը Կումասի քաղաքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ հայտարարեց գանայական ժեստերի լեզվով Աստվածաշնչի «Մատթեոս» գրքի լույսընծայման մասին։ Ներկաների թիվը 1 554 էր, ևս 424-ը ծրագրին միացել էին տեսակապով։ Հայտարարությունից հետո գիրքը բեռնելու համար անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում, JW Library և JW Library Sign Language հավելվածներում։
Սա գանայական ժեստերի լեզվով երբևէ լույս տեսած առաջին աստվածաշնչյան գիրքն է։ Ներկայումս մոտ 211 000 մարդ խոսում է այդ լեզվով։ Գանայում ավելի քան 1 250 եղբայրներ ու քույրեր ծառայում են ժեստերի լեզվով խոսող 32 ժողովներում և 35 խմբերում։

