ՀՈՒՆԻՍԻ 2, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2025 թ. մայիսին «Նոր աշխարհ» թարգմանության ամբողջական տարբերակը լույս տեսավ երկու լեզվով

2025 թ. մայիսին «Նոր աշխարհ» թարգմանության ամբողջական տարբերակը լույս տեսավ երկու լեզվով

Կիսի

2025-ի մայիսին Լիբերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ուինստոն Բեստմանը հայտարարեց կիսի լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Հայտարարությունը արվեց Գվինեայի Գեկեդու քաղաքում կայացած հատուկ միջոցառման ժամանակ, որին ներկա էր 1 029 հոգի։ Եվս 2 467-ը ծրագիրը տեսակապով լսեցին այլ վայրերում՝ Ֆոյայում (Լիբերիա) և Կոյնդույում (Սիեռա Լեոնե)։ Ներկաներին բաժանվեց թարգմանության տպագիր օրինակը։ Հրատարակությունը բեռնման համար անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։ Նաև հայտարարվեց, որ կիսի լեզվով «Նոր աշխարհ» թարգմանության ձայնագրությունը նույնպես աստիճանաբար հասանելի կդառնա բեռնման համար։

Կիսի լեզվով խոսող մոտ մեկ միլիոն մարդ կա։ Նրանք ապրում են Կիսիլենդ կոչվող տարածքում, որտեղով անցնում է երեք երկրների՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնեի ընդհանուր սահմանը։ Ներկայումս ավելի քան 1 200 եղբայրներ ու քույրեր են ծառայում Լիբերիայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող 29 կիսիախոս ժողովներում և մեկ խմբում։ Մեր կիսիախոս հավատակիցները շատ ուրախ են, որ ունեն ողջ Աստվածաշնչի այդպիսի ճշգրիտ մի թարգմանություն, որում գործածվում է Աստծու անունը՝ Եհովա։

Սողոմոնի կղզիների պիջին

2025-ի մայիսին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը հայտարարեց Սողոմոնի կղզիների պիջին լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ամբողջական տարբերակի լույսընծայման մասին։ Հայտարարությունը արվեց հատուկ միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ Սողոմոնի կղզիների մայրաքաղաք Հոնիարայում։ Ծրագրին ներկա էր 2 317 հոգի։ Եվս 1 695-ը Մալաիտա կղզու երկու տարբեր վայրերից ծրագրին միացան տեսակապով։ Բոլոր ներկաները ստացան Աստվածաշնչի տպագիր օրինակը։ Հրատարակությունը նաև բեռնման համար հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։

Բարի լուրը Սողոմոնի կղզիներում առաջին անգամ քարոզվել է 1953-ին։ Ներկայումս այդ կղզային պետությունում ապրում է մոտ 757 000 մարդ, և բնակչությունը խոսում է տեղի ավելի քան 70 լեզվով։ Թեև երկրի պաշտոնական լեզուն անգլերենն է, բայց ամենատարածված լեզուն Սողոմոնի կղզիների պիջինն է։ Այդ լեզվով խոսող մոտ 2 100 հավատակիցներ ունենք, որոնք ծառայում են 38 ժողովներում։