ԱՊՐԻԼԻ 21, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2025 թ. ապրիլին Քրիստոնեական Հունարեն Գրվածքները լույս են տեսել երկու լեզվով
Ֆրանսիական ժեստերի լեզու
2025 թ. ապրիլի 6-ին Ֆրանսիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ժան-Կլոդ Փոնը հայտարարեց ֆրանսիական ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց Նորմանդիայի մարզի Էնկարվիլ համայնքի Թագավորության սրահում անցկացված հատուկ ծրագրի ընթացքում։ Ծրագրին ներկա էին 197 հոգի, ևս 836-ը հանդիպմանը միացել էին տեսակոնֆերանսի միջոցով։ Գիրքը բեռնման համար անմիջապես հասանելի դարձավ JW Library և JW Library Sign Language (ժեստերի լեզու) հավելվածներում։
Մինչ այդ ֆրանսիական ժեստերի լեզվով լույս էին ընծայվել Աստվածաշնչի մի քանի գրքեր, բայց սա արդեն Քրիստոնեական Հունարեն Գրվածքների ամբողջական թողարկումն էր։ Ֆրանսիայում մոտ 200 000 մարդ հաղորդակցվում է ֆրանսիական ժեստերի լեզվով։ Ֆրանսիայում ժեստերի լեզվով առաջին ժողովը կազմավորվել է 1970-ականների սկզբին։ Այսօր մասնաճյուղի ողջ տարածքում գրեթե 700 եղբայրներ ու քույրեր ծառայում են ժեստերի լեզվի 8 ժողովներում և 32 խմբերում։
Նահուատլ (հուաստեկա)
2025 թ. ապրիլի 6-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը՝ եղբայր Հոաքին Ռեյեսը, հայտարարեց նահուատլ (հուաստեկա) լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց Մեխիկո նահանգի Էլ Տեխոկոտե համաժողովների սրահում հատուկ ծրագրի ժամանակ, որին ներկա էին 2 356 հոգի, իսկ 457-ը միացել էին տեսակոնֆերանսի միջոցով։ Համաժողովի սրահում բոլոր ներկաները ստացան Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության տպագիր օրինակը։ Նաև բեռնման համար այն անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։
Մեքսիկայի տարածքում առնվազն 94 000 մարդ խոսում է նահուատլ (հուաստեկա) լեզվով։ Այդ լեզվով առաջին ժողովը կազմավորվել է 2002 թ.-ին։ Այսօր նահուատլ (հուաստեկա) լեզվով խոսող ավելի քան 2 200 եղբայրներ ու քույրեր ունենք, որոնք ծառայում են 74 ժողովներում և մեկ խմբում։

