ՀՈՒԼԻՍԻ 23, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձախ կողմում՝ հրապարակային ծառայություն՝ Ռիեկա (Խորվաթիա)։ Աջ կողմում՝ (վերևից ներքև) նախկին Հարավսլավիայի տարածքում Եհովային երկրպագելու համար հավաքված մեր հավատակիցների նկարները
Սիրո և միասնության հարյուր տարին՝ նախկին Հարավսլավիայում
2025 թ.-ին լրացավ 100 տարին, ինչ Եհովայի վկաները գործունեություն են ծավալել նախկին Հարավսլավիայի տարածքում։ 1925 թ.-ին դրվեց համեստ սկիզբը, և այդուհետ բարի լուրը շարունակում է այստեղ տարածվել՝ չնայած պատերազմներին, քաղաքական փոփոխություններին և հակառակությանը։ Նախկին Հարավսլավիայի տարածքում գործող ժամանակակից պետությունների՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Սլովենիայի տարածքներում Եհովայի վկաների գործունեությունը վերահսկում են Բելգրադ, Կամնիկ, Սկոպիե և Զագրեբ քաղաքների մասնաճյուղերը։
Եղբայր Ֆրանց Բրանդը
Եղբայր Ֆրանց Բրանդը, ով ապրում էր Ավստրիայում, այնտեղ իմացավ ճշմարտությունը և 1925 թ.-ին մկրտվեց։ Նույն տարվա վերջերին նա վերադարձավ այն տարածք, որտեղ այժմ Սերբիան է, և սկսեց քարոզել այնտեղ ու կազմակերպել Աստվածաշնչի կանոնավոր խմբակային ուսումնասիրություն։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Մարիբոր (այժմ գտնվում է Սլովենիայում) և շարունակեց տարածել բարի լուրը։ 1927 թ.-ին Մարիբոր քաղաքում ներկայացվեց առաջին հանրային ելույթը, իսկ 1930-ին եղավ առաջին մկրտությունը, որի ժամանակ մկրտվեցին 20 հոգի։ 1930 թ. սեպտեմբերի 9-ին մեր գործունեությունը օրինականապես գրանցվեց, որից հետո մեր հավատակիցներն արդեն կարող էին ավելի ազատորեն քարոզել և ժողովներ կազմակերպել։
Հետագա տասնամյակների ընթացքում իրավիճակը փոխվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստները սկսեցին դաժանորեն հալածել Եհովայի վկաներին։ Այն տարածքում, որտեղ հիմա Սլովենիան է, մոտ 100 քարոզիչներից գրեթե կեսը ձերբակալվեցին և այլևս չվերադարձան։ Պատերազմից հետո Հարավսլավիայի տարածքը անցավ կոմունիստական վարչակարգի վերահսկողության տակ, ու այնտեղ խիստ բռնապետություն հաստատվեց։ Ժողովներն ու քարոզչական գործը գաղտնի էին արվում։ Իրենց քաղաքական չեզոքության համար շատ եղբայրներ և քույրեր բանտարկվեցին։ Այնուամենայնիվ, այս բոլոր դժվարությունների ընթացքում մեր հավատակիցները շարունակում էին աջակցել միմյանց ու երկրպագել Եհովային, և արդյունքում ամբողջ Հարավսլավիայում քարոզիչների թիվը շարունակեց աճել։
1990-ականների սկզբին՝ կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո, Հարավսլավիան աստիճանաբար բաժանվեց վեց անկախ երկրի։ Սակայն ազգային, միջպետական և կրոնական տարակարածությունները նորից բռնություն և պատերազմ ծնեցին։ Այդ իրավիճակում Եհովայի վկաների համար Աստծու թագավորության հանդեպ իրենց նվիրվածությունը փաստելու և եղբայրական սեր դրսևորելու առիթ ստեղծվեց։ Մինչ շրջապատում քաոս ու թեժ հակամարտություններ էին, 1991-ին Զագրեբ քաղաքում (այժմ՝ Խորվաթիա) անցկացվեց խաղաղ միջազգային համաժողով, որը ակնհայտ ցույց էր տալիս, թե Եհովայի ժողովուրդը որքան է տարբերվում այս պառակտված աշխարհից։ Եղբայր Դրագուտին Նովակը, ով մասնակցել էր համաժողովի կազմակերպչական աշխատանքներին, պատմում է. «Չնայած պատերազմական իրավիճակին՝ համաժողովում բացառիկ միասնության մթնոլորտ էր տիրում։ Մինչ հասարակության մեջ գնալով աճում էր անհանդուրժողականության ոգին, մենք փաստեցինք, որ քրիստոնեական սերը հաղթում է ատելությանն ու պառակտումներին»։
Հարավսլավիայի եղբայրներն ու քույրերը մասնակցում են միջազգային համաժողովին (Զագրեբ, 1991 թ.)
Այսօր նախկին Հարավսլավիայի երկրներում ուս ուսի ծառայում են մոտ 13 000 քարոզիչներ։ Շատ ենք գնահատում մեր այն եղբայրներին և քույրերին, ովքեր անցած հարյուր տարիների ընթացքում այս տարածքում դիմացել են զանազան դժվարությունների և փաստել, որ սերը բոլորին «կատարելապես միավորող կապն է» (Կողոսացիներ 3։14)։

