ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարի լուրը տարածում ենք 2023 թ. ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնության ընթացքում

Բարի լուրը տարածում ենք 2023 թ. ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնության ընթացքում

2023 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան երկու միլիոն մարդ ներկա եղավ ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնությանը։ Այն տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարբեր քաղաքներում։ Առաջնության ընթացքում երկու երկրների 9 քաղաքներում շուրջ 1 200 եղբայրներ ու քույրեր մասնակցեցին հատուկ քարոզարշավին։ Առնվազն 18 մարդ Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնեց։

Հնդկաստանից երկու երիտասարդ կին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մոտեցան ցուցատախտակին և նկատեցին Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության դասընթաց առաջարկող գրվածքը։ Նրանք հարցրին քույրերին, թե որտեղ կարող են մասնակցել այդ դասընթացին։ Նրանք էլ պատասխանեցին, որ Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացը, որպես կանոն, անհատական է անցկացվում։ Հետո բացատրեցին, որ սկան անելով «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի շապիկին նշված QR կոդը՝ կարող են խնդրել, որ Վկաները այցելեն իրենց։ Երկու կանայք էլ անմիջապես լրացրին օնլայն հայտը։ Շուտով յուրաքանչյուրի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից մի Վկա ամուսնական զույգ իր օգնությունը առաջարկեց մի կնոջ, ով մոլորվել էր։ Նա ասաց, որ փորձում է գտնել իր հյուրանոցը։ Վկա զույգն ասաց, որ կօգնի նրան։ Ճանապարհին կինը պատմեց, որ եկել է Պապուա Նոր Գվինեայից։ Նա հաճելիորեն զարմացավ՝ իմանալով, որ զույգն էլ է նախկինում ապրել Պապուա Նոր Գվինեայում։ Ավելի ուշ Վկա զույգը պայմանավորվեց նրա հետ զբոսնել քաղաքում և, օգտագործելով այդ հնարավորությունը, նրան պատմեց աստվածաշնչյան ճշմարտությունը։ Երիտասարդ կինը իր երկիր վերադառնալուց հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում Թերինա անունով մի քույր հանրային ավտոկայանատեղիում զրույց սկսեց անվտանգության երկու աշխատակիցների հետ, ովքեր փենջաբիախոս էին։ Մեկ այլ աշխատակից ընդհատեց զրույցը, և մյուս երկու տղամարդկանց հետ սկսեց փենջաբի լեզվով ինչ-որ բան խոսել։ Քույրը հետաքրքրվեց, թե արդյոք նա նկատողություն է անում նրանց՝ աշխատանքի ժամանակ իր հետ զրուցելու համար։ Ի զարմանս նրա՝ նա բացատրեց, որ այդ տղամարդկանց համար թարգմանում է զրույցը։ Նա ավելացրեց. «Նրանք ինձ հարցրին, թե ինչ է Աստվածաշունչը, ես էլ ասացի, որ Աստծուց տրված գիրք է։ Այդպես չէ՞»։ Նրա ասածները հաստատելուց հետո Թերինան jw.org կայքի միջոցով ցույց տվեց, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես կարող է իր մայրենի լեզվով Աստվածաշունչ ուսումնասիրելու հայտ լրացնել։

Կոլումբիայից Նիկոլաս անունով մի տղամարդ մոտեցավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում տեղադրված գրականության ցուցատախտակին և հարցրեց մեր հանդիպումների մասին։ Նա ասաց, որ իր մայրը, տատն ու պապը Եհովայի վկաներ են և միշտ հորդորել են մասնակցել հանդիպումներին։ Ցուցատախտակի մոտ գտնվող եղբայրները իսպանախոս ժողովին խնդրեցին, որ կապ հաստատեն այդ տղամարդու հետ։ Մեկ ժամվա ընթացքում իսպանախոս մի եղբայր կապվեց Նիկոլասի հետ։ Վերջինս համաձայնեց այդ շաբաթավերջին ներկա լինել «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովին։

Ուրախ ենք, որ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մեր եղբայրներն ու քույրերը հնարավորություն ունեցան «փայլելու ինչպես լուսատուներ»՝ այս միջոցառման ժամանակ տարածելով Թագավորության բարի լուրը (Փիլիպպեցիներ 2։15