ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2024
ԿԱՆԱԴԱ
Կանադայի մասնաճյուղում երեք պատմական ցուցահանդեսներ են բացվել
2024 թ.-ին Կանադայի մասնաճյուղում այցելուների առաջ իրենց դռները բացեցին երեք պատմական ցուցահանդեսներ։ Դրանցից երկուսը լուսաբանում են, թե աստվածաշնչյան լուրն ինչպես է տարածվել Կանադայում։ Իսկ երրորդը ներկայացնում է, թե Աստվածաշունչ ուսումնասիրողները 1914-1919 թթ.-ին ամբողջ աշխարհում ինչ փորձությունների միջով են անցել ու ինչպես են զտվել։
«Ճշմարտության լույսը փայլատակում է Կանադայում» խորագրով ցուցադրությունը այցելուներին օգնում է խորասուզվել Կանադայի Եհովայի վկաների շուրջ 150-ամյա պատմության մեջ։ Ներկայացված են բնօրինակ ցուցանմուշներ, որոնք բացահայտում են, թե քաջ տղամարդիկ ու կանայք ինչպես են եռանդով տարածել բարի լուրը այդ երկրի հսկայական տարածքում։ Ցուցադրությունը նաև պատկերացում է տալիս այն մասին, թե Վկաները ինչպես են հաղթահարել մշակութային խոչընդոտները, որպեսզի կարողանան թարգմանել աստվածաշնչյան գրականությունը տարբեր լեզուներով խոսող մարդկանց, այդ թվում՝ Կանադայի բնիկ ժողովուրդների համար։
Բացի այդ՝ ցուցադրության շրջանակներում կարելի է ծանոթանալ Վկաներից մի քանիսի կենսագրություններին և պարզել, թե նրանք ինչպես են անսասան մնացել ծանր դժվարությունների՝ արգելքների ու ազատազրկման ներքո։ Նաև ներկայացված են Վկաների մի քանի նշանակալի ու ոգևորիչ իրավական հաղթանակներ, որոնք պաշտպանել են քարոզելու մեր իրավունքը և երաշխիք են դարձել բոլոր կանադացիների հիմնարար իրավունքների պահպանման համար։ Շրջայց կատարելուց հետո մի եղբայր նշեց. «Շատ ոգեշնչվեցի՝ տեսնելով լուսանկարները և ծանոթանալով այն եղբայրների ու քույրերի կյանքին, ովքեր ճանապարհ են հարթել Կանադայում ճշմարիտ երկրպագության համար։ Վճռել եմ նրանց պես քաջ ու անսասան լինել»։
«Քվեբեկի պայքարը» խորագրով ցուցափեղկը ներկայացնում է, թե 1940-1950-ականներին Վկաները ինչ ուժգին հակառակության են բախվել Քվեբեկ նահանգում
«Մեր Աստծու Խոսքը հավիտյան է մնում. Աստվածաշունչը Կանադայում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Աստվածաշնչերի օրինակներ, որոնք պատկանել են Կանադայում բարի լուրի տարածմանը նպաստած առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանց։ Սերնդեսերունդ անցնելով՝ այս Աստվածաշնչերը օգնել են մի շարք լեզուներով խոսող շատ ու շատ մարդկանց ծանոթանալ աստվածաշնչյան ճշմարտություններին։
Այս ցուցադրության շրջանակներում տեղ են գտել Կանադայի պատմության մեջ կարևոր դեր խաղացած մի քանի Աստվածաշնչեր, ինչպիսին է Ջոն Հենրի Ուայթի Աստվածաշնչի հազվագյուտ թողարկումը։ Այս թարգմանությունը Կանադայում տպագրված առաջին ամբողջական Աստվածաշունչն է, որից այժմ տասից էլ քիչ օրինակներ են մնացել։ Բացի այդ՝ թանգարանի ցուցափեղկերում ներկայացված են արևմտյան կրի, ինուկտիտուտ, մասաչուզետերեն, միկմակ, մոհավկի և օջիբվա լեզուներով Աստվածաշնչեր, որոնք վառ կերպով վկայում են, թե տարիների ընթացքում ինչ ահռելի ջանքեր են ներդրվել Աստծու Խոսքը բնիկների լեզուներով թարգմանելու համար։
«Մեր Աստծու խոսքը հավիտյան է մնում. Աստվածաշունչը Կանադայում» ցուցադրության մի հատվածում ներկայացված են Կանադայի բնիկների, ինչպես նաև առաջին ներգաղթյալների լեզուներով Աստվածաշնչի թարգմանությունները
Եվ, վերջապես, «Քաջություն, որն օգնում է հաստատ կանգնել փորձությունների դեմ» խորագրով հատուկ ցուցահանդեսը պատմում է 1800-ականների վերջին Աստվածաշունչ ուսումնասիրողների դրսևորած քաջության և ծավալած գործունեության մասին։ Այն նաև բացահայտում է, թե որքան դժվարություններ են նրանք կրել 1914 թ. Առաջին աշխարհամարտից մինչև 1919 թ.։ Ցուցադրության վերջում նշվում է, թե այս փորձությունները ինչպես են ամրացրել ու զտել Աստվածաշունչ ուսումնասիրողներին՝ նախապատրաստելով սպասվող մեծածավալ գործին։
«Քաջություն, որն օգնում է հաստատ կանգնել փորձությունների դեմ» ցուցահանդեսը պատմում է այն եղբայրների մասին, ովքեր Առաջին աշխարհամարտի ժամանակ ազատազրկվել են պարտադիր զինծառայությունից հրաժարվելու համար
Կանադայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Քևին Քնաուսը ասել է. «Այս երեք ցուցահանդեսները վկայում են Կանադայի Եհովայի վկաների հարուստ հոգևոր ժառանգության մասին։ Եվ որ ամենակարևորն է՝ դրանք հավաստիացնում են, որ «Եհովայի խոսքը մնում է հավիտյան», և ցույց են տալիս, թե մեր Աստված ինչպես է բարի լուրը հասանելի դարձնում ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 1։25)։