Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

19 000 թռիչք

19 000 թռիչք

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը 2013 թ. հուլիսին մի ոգևորիչ նամակ ուղարկեց միսիոներներին և բոլոր հատուկ լիաժամ օտարերկրյա ծառայողներին։ Նամակում ասվում էր, որ օտարերկրյա ծառայողները աջակցություն են ստանալու տարածաշրջանային և միջազգային համաժողովներ մեկնելու համար, որոնք տեղի էին ունենալու 2014 թ.-ից 2015 թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում։

Այս ծրագրի նպատակն էր ոչ միայն օգնել օտարերկրյա ծառայողներին մասնակցելու համաժողովին, այլ նաև հնարավորություն ընձեռել նրանց տեսնելու իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Նամակում ասվում էր, որ կազմակերպությունը հոգալու է ավիատոմսերի ծախսերը։

Նման նախաձեռնություն նախկինում էլ եղել էր, բայց այս մեկը տարբերվելու էր։ Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեի հսկողության ներքո կազմվեց նոր բաժին՝ գլխավոր վարչության ճանապարհորդությունների բաժինը, որը զբաղվելու էր ավիատոմսերի հարցերով։

Հրավերը ստանալուց հետո հատուկ լիաժամ ծառայողները սկսեցին ավիատոմսերի համար նամակներ ուղարկել գլխավոր վարչության ճանապարհորդությունների բաժին։ 2014 թ. հունվարին բաժինը արդեն հեղեղված էր նամակներով։ Նշանակվեց մի խումբ, որը զբաղվելու էր ամբողջ աշխարհում գտնվող հատուկ լիաժամ ծառայողների համար ավիատոմսեր փնտրելու և դրանք գնելու հարցերով։

Որոշ չվերթներ գտնելը մեծ դժվարությունների հետ էր կապված։ Օրինակ՝ ոմանք Ռեյկյավիկից՝ Իսլանդիա, պետք է հասնեին Կոչաբամբա՝ Բոլիվիա։ Մյուսները Նումեայից՝ Նոր Կալեդոնիա, մեկնելու էին Անտանանարիվու՝ Մադագասկար։ Ուրիշները Փորտ Մորսբիից՝ Պապուա Նոր Գվինեա, մեկնելու էին Սիեթլ՝ Վաշինգտոն (ԱՄՆ)։ Իսկ ոմանք էլ Ուագադուգույից՝ Բուրկինա Ֆասո, դեպի Վինիպեգ՝ Կանադա։

Գլխավոր վարչության ճանապարհորդությունների բաժնի հինգ ծառայողները մոտ 19 000 թռիչքների համար տոմսեր ամրագրեցին։ Ժողովների նվիրաբերած գումարով, որն արվել էր հենց այդ նպատակով, նրանք ավիատոմսեր գնեցին և ուղարկեցին 176 երկրներում մոտ 4 300 հատուկ լիաժամ ծառայողների։

Հատուկ ծառայության մեջ գտնվող մեր քույրերն ու եղբայրները խորապես գնահատեցին այս նախաձեռնությունը։ Մի միսիոներ զույգ գրեց. «Այսօր մենք վերադառնում ենք մեր նշանակման վայր՝ Հարավարևելյան Ասիա։ Մենք շատ շնորհակալ ենք, որ այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ լինել մեր ծննդավայրում՝ Անգլիայում։ Հինգ տարի էր, ինչ չէինք տեսել մեր ընտանիքի անդամներին։ Եթե չլիներ այս նախաձեռնությունը, դժվար թե կարողանայինք տուն վերադառնալ։ Մենք ի սրտե շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում օգնությամբ դա հնարավոր դարձավ»։

Պարագվայում ծառայող մի միսիոներ գրեց. «Ես ու կինս ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մասնակցել Նյու Ջերսիի (ԱՄՆ) միջազգային համաժողովին։ 2011 թ. սկզբին մենք պլանավորել էինք մեկնել Միացյալ Նահանգներ, որպեսզի այցելենք գլխավոր վարչություն։ Այդ նպատակով որոշ խնայողություններ էինք արել։ Սակայն այդ տարի՝ հունիսին, մեզ խնդրեցին այցելել ժեստերի ժողովներ։ Դա մեծ դժվարությունների հետ էր կապված։ Երկար մտածելուց հետո մենք որոշեցինք մեր խնայած գումարով ոչ թե մեկնել Միացյալ Նահանգներ, այլ մեքենա գնել, ինչը մեզ շատ անհրաժեշտ էր նոր նշանակման մեջ։ Որոշ ժամանակ հետո մենք հրավեր ստացանք մասնակցելու միջազգային համաժողովի։ Այսպիսով մեր երազանքը իրականություն դարձավ։ Մենք երախտապարտ ենք Եհովային մեր հանդեպ ցուցաբերած բարության ու սիրո համար»։

Մալավիից մի ամուսնական զույգ գրեց. «Այս փոքր նամակով մեր մեծ գնահատանք ենք հայտնում ձեզ։ Պատկերացնում ենք, թե որքա՜ն աշխատանք է արվել, ժամանակ ու միջոցներ են ծախսվել այսքան շատ թռիչքների տոմսեր ամրագրելու համար։ Մենք շնորհակալ ենք ձեր ծանր աշխատանքի համար և հատկապես Եհովայի կազմակերպության առատաձեռնության համար, ինչի շնորհիվ մենք կարողացանք մասնակցել միջազգային համաժողովին, ժամանակ անցկացնել մեր ընտանիքի ու ընկերների հետ»։

Գլխավոր վարչության ճանապարհորդությունների բաժնում ծառայողները հաճույքով արեցին իրենց գործը։ Նրանցից մեկը՝ քույր Միլեյվին, գրեց. «Ինձ համար հատուկ առանձնաշնորհում էր օգնել միսիոներներին վերադառնալ տուն իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին տեսնելու համար»։ Իսկ մեկ ուրիշ քույր՝ Դորիսը, ասաց. «Այս նախաձեռնությունն օգնեց ինձ տեսնել կազմակերպության մեծ սերն ու գնահատանքը օտարերկրյա ծառայողների հանդեպ»։ Այդ բաժնի վերակացուն՝ Ռոդնին, ասաց. «Ինձ համար մեծ ուրախություն էր այս ծրագրին մասնակցելը»։

Ամբողջ աշխարհում գտնվող Եհովայի վկաները հաճույքով արձագանքեցին իրենց անձնազոհ ու ջանասեր եղբայրներին և քույրերին այս գեղեցիկ նվերը անելու նախաձեռնությանը։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։