Անցնել բովանդակությանը

Գանձերի քաղաքում ցուցադրվում է «մարդկանց տրված Աստծու պարգևը»

Կլուժ-Նապոկան Ռումինիայի մեծ քաղաքներից է, որը հայտնի է որպես գանձերի քաղաք։ Այդ քաղաքում 2016թ. ապրիլի 20–24-ը անցկացված «Գաուդեամուս» գրքի տոնավաճառի ժամանակ Եհովայի վկաները ցույց տվեցին Աստվածաշնչում պարփակված բարոյական և հոգևոր արժեքները։ Նրանք տաղավար դրեցին տոնավաճառում և զրուցեցին հազարավոր այն այցելուների հետ, որոնց հետաքրքրել էին ցուցադրված տեսանյութերը, Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններն ու Աստվածաշնչերը։

Մի քանի դպրոցներից տոնավաճառ շրջայցի եկած ուսուցիչներն ու աշակերտները այցելեցին Վկաների տաղավար։Աշակերտներին հատկապես դուր եկավ «Դարձիր Եհովայի ընկերը» անիմացիոն տեսաշարը։ Նրանցից շատերը ցանկացան ունենալ « Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը և «Սովորեցրեք ձեր երեխաներին» գրքույկը։ Մի դայակ, որը դիտեց անիմացիոն տեսանյութերը, իր աշխատակցին ասաց. «Մենք պետք է գրենք այս կայքի հասցեն [www.jw.org], որ երեխաներին ցույց տանք բոլոր մուլտֆիլմերը»։

Պատանի աշակերտները տպավորված էին պլանշետներով ցուցադրվող անիմացիաներով։ Դրանց թվում էին « Սե՞ր, թե՞ սիրահարություն», «Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս», «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիաները։

Ուղղափառ եկեղեցու մի քահանա իր կնոջ հետ մի քանի անգամ այցելեց տաղավար ու վերցրեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» և մի քանի գրքույկներ։ Քահանան ասաց, որ իրեն տպավորել են «Աստվածաշնչի բառացանկը» և այն բազմաթիվ վստահարժան աղբյուրները, որոնցից օգտվել են թարգմանիչները։ Նա Վկաներին տվեց իր հեռախոսահամարը և խնդրեց, որ նրանք կապ հաստատեն իր հետ, որպեսզի զրուցեն աստվածաշնչյան թեմաներով։

Քահանայի կինը հարցրեց, թե jw.org վեբ կայքում որտեղ կարող է երեխաների համար տեղեկություն գտնել, և նրան ցույց տվեցին կայքի «Երեխաներ» ենթաբաժինը։ Այնուհետև նա դիտեց «Եղիր ճշտախոս» տեսանյութը, որը նրան շատ դուր եկավ։ Մեր կայքի այս և այլ առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո այդ կնոջ ամուսինն այն կոչեց «մարդկանց տրված Աստծու պարգևը»։