Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Վկայություն են տալիս Շինգու գետի երկայնքով

Վկայություն են տալիս Շինգու գետի երկայնքով

2013 թ. հուլիսի սկզբներն էր, երբ Բրազիլիայում 28 Եհովայի վկաներից բաղկացած մի խումբ դուրս եկավ Սան Ֆելիս դու Շինգու քաղաքից։ Նրանք նստեցին 15 մետր երկարությամբ նավակ և ուղևորվեցին դեպի կայապու և յուրունա հնդկացիական ցեղերով բնակեցված տարածքներ, որոնք փռված են Շինգու գետի երկայնքով, որը 2 092 կիլոմետր երկարություն ունի և լցվում է Ամազոնի մեջ։ Վկաները գնացին դեպի հարավ՝ նավարկելով հոսանքն ի վեր։

Խմբի նպատակն էր գետի եզերքին գտնվող գյուղերում քարոզել Աստծու Թագավորության մասին։ Ճամփորդության երրորդ օրը նրանք հասան Կոկրայմորո։ Գյուղացիները հյուրընկալ մարդիկ էին և նրանց ընդունեցին ժպիտներով։ Մի կին, նրանց տեսնելով, սկսեց ոգևորված ինչ-որ բան հասկացնել ժեստերով։ Տեղացիներից մեկը, որն ուղեկցում էր խմբին, ասաց, որ նրա ժեստերը նշանակում են. «Բոլորդ էլ եկեք։ Բոլորիդ հետ էլ ուզում ենք ծանոթանալ»։

Վկաները խոսեցին բոլորի հետ, ոմանց հետ պորտուգալերեն, իսկ ոմանց հետ նշանների ու ժեստերի օգնությամբ։ Այն գունագեղ նկարներով հրատարակությունները, որ նրանք վերցրել էին իրենց հետ, բավականին օգնեցին։ Գյուղացիներից շատերը գրականություն վերցրին։ Նրանց հատկապես գրավեց «Լսիր Աստծուն» գրքույկը։

Ժարսոն, ով հատուկ ռահվիրա է Սան Ֆելիս դու Շինգու քաղաքում, պատմեց, թե ինչպես էր մի գյուղացի վերցրել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը. «Նա նայեց գրքին ու անմիջապես երկու ձեռքերով պինդ բռնեց այն։ Ոչ մի վայրկյան չէր ուզում ցած դնել»։

Այդ գյուղերում Եհովայի վկաները տարածեցին մոտ 500 գրքեր, ամսագրեր և գրքույկներ։ Կավատիրի գյուղի բնակիչները մեծ հետաքրքրությամբ էին լսում երկրային դրախտի վերաբերյալ աստվածաշնչյան լուրը։ «Ուրեմն մարդիկ դրախտում ապրելու են այնպես, ինչպես մենք»,— ասաց մի հյուրասեր մարդ կայապու ցեղից։

Սան Ֆելիս դու Շինգու քաղաքում շատերը գիտեին այդ ճանապարհորդության մասին։ Սիմոնին, որը Վկաների խմբից էր, ասաց, որ մարդիկ մտածում էին, թե մեզ թույլ չեն տա մտնել այդ գյուղերը։ Սակայն ոչ մի խնդիր չեղավ։ «Մեզ ուրախությամբ ընդունեցին,— ասաց նա,— և մենք բոլորին քարոզեցինք»։