Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների հետ համագործակցում են Ուորվիքում

Եհովայի վկաների հետ համագործակցում են Ուորվիքում

Շատերին ապշեցրել է Ուորվիքի շինհրապարակում կամավորների դրսևորած ոգին։ Վերելակներ տեղադրող մի ընկերության տնօրեն աշխատողներից մեկին ասաց. «Դուք իսկական սխրագործներ եք։ Այսօր շատ մարդիկ չեն համաձայնի աշխատել որպես կամավոր՝ անվճար տրամադրելով իրենց ժամանակը»։

Երբ նա և ուրիշներ առաջին անգամ լսեցին, որ Եհովայի վկաների՝ Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչության շենքը հիմնականում կամավորների միջոցով է կառուցվում, մտածեցին, որ տեղի Վկաները աշխատում են միայն շաբաթ և կիրակի։ Սակայն նրանք զարմացան, երբ հանդիպեցին այն մարդկանց, ովքեր թողել էին իրենց աշխատանքը ու եկել երկրի տարբեր մասերից, որպեսզի ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ իրականացնեն այդ նախագիծը։

Մինչև 2015 թ. վերջը Ուորվիքում Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի անդամների հետ աշխատել էին մոտ 23 000 Վկա կամավորներ։ Բացի այդ, մոտ 750 ոչ Վկա շինարարներ օգնել էին շատ աշխատանքներ ավարտելու ժամանակին։ Եհովայի վկաների հետ համագործակցությունը մեծ տպավորություն էր թողել նրանցից շատերի վրա։

Թարմացնող միջավայր

Պատուհանների և պատերի արտադրությամբ զբաղվող մի ընկերության մենեջեր գրեց. «Մեր ընկերության այն աշխատողները, ովքեր ներգրավված են այս նախագծի մեջ, զարմանում են՝ տեսնելով այն մարդկանց վերաբերմունքը, ում հետ գործ են ունենում։ Դա է պատճառը, որ մեզնից շատերը ցանկանում են մասնակցել այդ նախագծի իրագործմանը»։

Մեկ ուրիշ ընկերություն աշխատողներ տրամադրեց, որպեսզի բնակելի շինությունների համար վերնաշենքեր կառուցեն։ Երբ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, աշխատողներից երեքը որոշեցին մնալ ու շարունակել աշխատել Ուորվիքում։ Նրանք հեռացան իրենց աշխատանքից, ընդունվեցին մեկ ուրիշ ընկերություն, որը շինհրապարակում դեռ համագործակցում էր Վկաների հետ։

Որոշ աշխատողների վրա դրական ազդեցություն թողեցին Վկաների ցուցաբերած քրիստոնեական հատկությունները։ Մի մարդ աշխատում էր մի ընկերությունում, որը զբաղվում էր շենքերի հիմք գցելով։ Ուորվիքում մի քանի ամիս աշխատելուց հետո նրա կինը զգալի տարբերություն նկատեց ամուսնու վարքի և խոսելաձևի մեջ։ Նա գոհունակությամբ ասաց. «Ամուսինս անճանաչելի է դարձել»։

«Վկա կանայք գալու են աշխատելու»

Ուորվիքում նախագիծն իրականացնող Վկաներից շատերը կանայք էին։ Նրանք ոչ միայն ավտոբուսներ էին վարում, սենյակներ մաքրում և քարտուղարություն անում, այլև կանոնակարգում էին երթևեկությունը, գործարկում էին ծանր սարքավորումները, միահյուսում էին օպտիկա-մանրաթելային կաբելները, զբաղվում էին խողովակների մեկուսացման աշխատանքներով, տեղադրում էին գիպսաստվարաթղթե պատեր, նաև ջրմուղ-կոյուղու համակարգ և բետոն էին անում։ Այդ կանայք տքնաջան էին աշխատում։

Մի ոչ Վկա անձնավորություն, որը տանիքների հետ կապված գործեր էր անում, նկատեց, որ որոշ ամուսնական զույգեր ավտոբուսից դուրս գալիս իրար ձեռք բռնած էին գնում շինհրապարակ։ Դա տպավորեց նրան։ Նա նկատեց նաև, թե ինչպես էին կանայք անձնվիրաբար աշխատում։ Նա ասաց. «Գուցե սկզբում թվար, թե կանայք պարզապես ուղեկցում էին իրենց ամուսիններին։ Բայց իրականում նրանք գալիս էին աշխատելու։ Ես Նյու Յորքի տարբեր մասերում շինարարական նախագծերի եմ մասնակցել, բայց այսպիսի բան երբեք չեմ տեսել»։

2014–2015 թթ. ձմեռը անսովոր ցրտաշունչ էր, և գայթակղությունը մեծ էր ցուրտ եղանակին տանը մնալ ու չգնալ շինհրապարակ՝ աշխատելու։ Ջերեմի անունով մի Վկա, որը շինարարական աշխատանքները վերահսկողներից մեկն էր, հիշում է. «Խիստ ցուրտ օրերին շենքերի հիմք գցող ընկերություններից մեկի աշխղեկը երբեմն մոտենում էր ինձ ու հարցնում.

— Ձեր կանայք վաղը աշխատելո՞ւ են։

—Այո՛,— պատասխանում էի ես։

—Նույնիսկ նրանք, ովքեր կանոնակարգում են երթևեկությո՞ւնը։

—Այո՛։

Ավելի ուշ նա ասաց, որ իր աշխատողներին ասել է, որ գան աշխատանքի, քանի որ անգամ Վկա կանայք գալու են աշխատելու»։

Ավտոբուսների վարորդներին դուր էր գալիս իրենց աշխատանքը

Վարձվել էին ավտոբուսներ և հրավիրվել ավելի քան 35 անհատներ՝ աշխատելու որպես վարորդ, որպեսզի Ուորվիքում աշխատող կամավորներին տանեին շինհրապարակ, ապա՝ իրենց կացարաններ։

Մի անգամ նախքան ճանապարհ ընկնելը մի վարորդ կանգնեց և շրջվելով ուղևորների կողմը՝ ասաց. «Շատ եմ սիրում ավտոբուսով ձեզ տեղ տանել։ Խնդրում եմ, էլեկտրոնային նամակ գրեք տնօրենիս, որ իմ երթուղին չփոխի։ Այնքա՜ն բան եմ իմացել Աստվածաշնչից ձեր շնորհիվ։ Մինչև ձեզ հանդիպելը չգիտեի Աստծու անունը, և որ դրախտ է լինելու երկրի վրա։ Ես այլևս չեմ վախենում մահից։ Սա ինձ համար անգնահատելի ժամանակ էր։ Իմ հաջորդ ազատ օրը դուք ինձ Թագավորության սրահում կտեսնեք»։

Դամիանա անունով մի Վկա, որն աշխատում էր Ուորվիքում, ասաց. «Մի օր, երբ ավտոբուս նստեցինք, վարորդը հայտարարեց, որ մի քանի խոսք ունի մեզ ասելու։ Նա ասաց, որ 4 000 Վկաների Նյու Յորքում տարբեր տեղեր է տեղափոխել։ «Բոլոր մարդիկ իրենց փոքրիկ տարօրինակություններն ունեն,— ասաց նա,— բայց դուք անտեսում եք ձեր միջև եղած տարբերությունները և կողք կողքի աշխատում։ Դա հրաշալի է»։ Նա նաև նշեց, որ սիրում է մեզ հետ խոսել։

Երբ այդ վարորդն ավարտեց իր խոսքը, Վկաներից մեկն ասաց. «Իսկ դուք սիրո՞ւմ եք, երբ մենք երգում ենք»։

Նա լիաթոք ծիծաղեց ու ասաց. «Այո՛, չերգե՞նք 134 համարի երգը *»»։

^ պարբ. 23 «Գովերգենք Եհովային» երգարանի 134-րդ երգը կոչվում է «Տե՛ս քեզ նոր աշխարհում»։ Այդ երգում նկարագրվում է այն ուրախությունը, որը կվայելեն նրանք, ովքեր կապրեն Աստծու նոր աշխարհում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Բեթելը

Բեթելը մի առանձնահատուկ վայր է, որը կարևոր նպատակի է ծառայում։ Իմացիր՝ ովքեր են այնտեղ ծառայում։

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։