Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Նրանք պատրաստ են աշխատելու առանց վճարի

Նրանք պատրաստ են աշխատելու առանց վճարի

Վերջին 28 տարիների ընթացքում ավելի քան 11 000 Եհովայի վկաներ ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայրեր՝ կառուցելու տարբեր շինություններ 120 երկրներում։ Բոլորն էլ ուրախությամբ և առանց վարձատրության լիովին ներդրել են իրենց ջանքերը և ունակությունները։

Շատերն իրենք են հոգացել իրենց ճանապարհածախսը։ Ոմանք իրենց արձակուրդային ժամանակն են օգտագործել, մյուսներն էլ իրենց հաշվին են արձակուրդ վերցրել շինարարությանը մասնակցելու համար։

Նրանք ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն են արել այդ զոհողություններ և իրենց ներդրումն են ունեցել Թագավորության բարի լուրի համաշխարհային քարոզչական գործի առաջխաղացման մեջ (Մատթեոս 24:14)։ Այս կամավորները կառուցել են գրասենյակային և բնակելի շինություններ, ինչպես նաև տպագրատներ՝ Աստվածաշունչ և աստվածաշնչյան գրականություն հրատարակելու համար։ Նրանք կառուցել են նաև 10 000 հոգու համար նախատեսված համաժողովների սրահներ և մինչև 300 հոգու համար նախատեսված Թագավորության սրահներ։

Շինարարական այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում։ Երբ կամավորները մեկնում են նոր նախագծի մասնակցելու, տեղի մասնաճյուղը հոգ է տանում նրանց կացարանի, սննդի և մյուս կարիքների մասին։ Տեղացի Վկաները մեծ ուրախությամբ համագործակցում են նրանց հետ։

Նման հսկայածավալ աշխատանքները կազմակերպելու և վերահսկելու համար 1985 թ.-ին մեկնարկել է մի միջազգային ծրագիր, որի մեջ կարող են ընդգրկվել շինարարական հմտություններ ունեցող 19–55 տարեկան Եհովայի վկա կամավորներ։ Սովորաբար նրանց նշանակումը լինում է երկու շաբաթից երեք ամիս ժամկետով, չնայած երբեմն այն կարող է երկարացվել մինչև մեկ տարի կամ ավելի։

Շինարարների կանայք սովորում են կատարել տարբեր աշխատանքներ, օրինակ՝ պողպատե ամրանները մետաղալարերով գործել, սալիկապատել, շուշաթղթել և ներկել։ Նրանցից ոմանք էլ օգնում են շինարարների համար ճաշ պատրաստել կամ կացարանները մաքրել։

Կամավորներից ոմանք, երբ տուն են վերադառնում, շնորհակալական բացիկներ են գրում, որ իրենց հրավիրել են մասնակցելու տվյալ նախագծին։ Մի ամուսնական զույգ գրել է. «Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել ձեզ այն առանձնաշնորհման համար, որ հնարավորություն ունեցանք աշխատելու Բուդապեշտի մասնաճյուղում։ Մեր հունգարացի քույր-եղբայրները լի են սիրով և երախտագիտությամբ։ Դժվար էր բաժանվել նրանցից, թեև այնտեղ մնացինք ընդամենը մեկ ամիս։ Բայց դե միշտ էլ այդպես է։ Հույսով ենք՝ կկարողանանք գարնանն էլ այնտեղ լինել։ Ամեն անգամ նշանակման վայրից վերադառնալիս զգում ենք, որ դա մեր կյանքի լավագույն ամիսն էր»։