Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Վառ նկարներ. օգնություն ընթերցողին

Վառ նկարներ. օգնություն ընթերցողին

Եհովայի վկաների հրատարակությունների զգալի մասը հարուստ է գունագեղ նկարներով, որոնք օժանդակում են տեքստին։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ «Սիոնի Դիտարանի» առաջին համարում, որը լույս տեսավ 1879-ին, ոչ մի նկար չկար։ Տասնամյակներ շարունակ մեր հրատարակություններում հազվադեպ կարելի էր տեսնել սև-սպիտակ նկարներ։

Այսօր, սակայն, շատ բան է փոխվել։ Մեր նկարիչները պատրաստում են նկարներ և լուսանկարներ, որոնք հարստացնում են մեր հրատարակությունների և կայքի էջերը։ Մանրակրկիտ ուսումնասիրությունները օգնում են նրանց աստվածաշնչյան ճշմարտությունները և պատմական իրողությունները փոխանցող պատկերներ նկարել։

Օրինակ՝ նայիր այս հոդվածին կից նկարին, որը առաջին անգամ տպվել է ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» գրքի 19-րդ գլխում։ Նկարում հին Կորնթոսում գտնվող դատավորական աթոռն է՝ «բեման», որտեղ տարվեց Պողոս առաքյալը Գալլիոնի առաջ կանգնելու համար, ինչպես նկարագրված է Աստվածաշնչի «Գործեր» գրքի 18-րդ գլխում։ Հետազոտություններ անող խումբը նկարիչներին տրամադրեց հնագիտական տեղեկություններ այդպիսի մարմարե կառույցների դիրքի և գույնի վերաբերյալ, ինչպես նաև թե ինչպիսի հագուստ էին կրում առաջին դարի հռոմեացիները, որպեսզի նկարիչները պրոկոնսուլ Գալլիոնին, ով նկարի կենտրոնական մասում է, պատկերեն կայսերական հագուստով։ Նա կրում էր ծիրանի լայն եզրագիծ ունեցող պատմուճան և «կալսեի» տիպի կոշիկներ։ Հետազոտողները հասկացել էին նաև, որ Գալլիոնը «բեմայի» վրա կանգնած ժամանակ հավանաբար նայել է դեպի հյուսիս-արևմուտք, ուստի նկարիչները կարողացան լույսի ճիշտ անկյամբ պատկերել նկարը։

Կազմակերպված և արդյունավետ

Նկարները և դրանց մասին տեղեկությունները մենք դասավորում և պահում ենք հետագայում կրկին օգտագործելու նպատակով։ Տարիներ շարունակ նկարները դասավորել ենք ըստ հրատարակությունների, որտեղ դրանք օգտագործվել են, իսկ լուսանկարները՝ ըստ թեմաների։ Ժամանակի ընթացքում դրանց քանակը գնալով մեծանում էր, ինչն էլ ավելի էր բարդացնում կոնկրետ որևէ նկար գտնելը և կրկին օգտագործելը։

1991-ին ավարտին հասցվեց նկարների պահպանման համակարգը՝ տվյալների բազան, որը համապատասխանում է մեր պահանջներին։ Այժմ այս համակարգում պահվում է ավելի քան 440 000 նկար։ Բացի արդեն հրատարակված նկարներից, այստեղ պահվում են նաև հազարավոր այլ լուսանկարներ հետագայում օգտագործելու նպատակով։

Բազում մանրամասներ՝ երբ և որտեղ է տվյալ նկարը օգտագործվել, պատկերված մարդկանց անունները, որ ժամանակահատվածին է վերաբերում նկարը և այլ մանրամասներ, արձանագրվում և պահպանվում են բազայում։ Այս էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս արագ գտնելու համապատասխան նկար, ինչը շատ է օգնում նոր հրատարակություններ պատրաստելիս։

Երբեմն մենք որոշ մասնագիտական նկարներ օգտագործելու իրավունք ենք ձեռք բերում։ Օրինակ՝ ենթադրենք «Արթնացե՛ք»-ի մի հոդվածի համար պետք է նկար, որտեղ պատկերված է Սատուրնը իր օղակներով։ Մեզ աջակցող անձնակազմը գտնում է համապատասխան նկար, կապվում է հեղինակի հետ՝ նկարի օգտագործման համար թույլտվություն ստանալու նպատակով։ Ոմանք, հաշվի առնելով մեր աստվածաշնչյան համաշխարհային կրթական գործունեությունը, թույլտվությունը տալիս են անվճար։ Մյուսներն էլ պահանջում են վճարել կամ նկարի տակ տպել աղբյուրը։ Համաձայնության գալուց հետո օգտագործում ենք նկարը ու պահում մեր բազայում։

Այժմ մեր որոշ հրատարակություններ հիմնականում կազմված են նկարներից։ Դրանցից է, օրինակ, «Լսիր Աստծուն» գրքույկը, որը չնայած սակավ խոսքերին՝ կարևոր ճշմարտություններ է հայտնում։ Գրքույկը կարելի է բեռնել հենց այս կայքից։ Կայքում ունենք նաև աստվածաշնչյան պատկերազարդ պատմությունների գունագեղ մի բաժին։ Մեր բոլոր հրատարակությունները՝ թե՛ տպագրված, թե՛ օնլայն, հիմնված են Աստվածաշնչի վրա։