Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

Եհովայի վկաների համար Աստվածաշունչը ամենակարևոր գիրքն է աշխարհում։ Նրանք պարբերաբար ուսումնասիրում են այն և օգտագործում են ուրիշներին Աստծու Թագավորության բարի լուրը հայտնելու համար (Մատթեոս 24:14)։ Իսկ դա նշանակում է, որ նրանց Աստվածաշունչը շուտ է մաշվում։ Այդ իսկ պատճառով ամեն ջանք ներդրվել է, որպեսզի Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. վերանայված տարբերակը ոչ միայն ունենա գեղեցիկ տեսք, այլև լինի դիմացկուն։

Այո՛, նոր Աստվածաշունչը պետք է պատրաստ լիներ տարբեր «փորձությունների»։ Երբ Եհովայի վկաների Ուոլքիլի տպարանի (Նյու Յորք, ԱՄՆ) ներկայացուցիչները քննարկեցին այս նպատակը գիրք հրատարակող մի ընկերության նախագահի հետ, նա ասաց. «Ձեր ուզած Աստվածաշունչը անհնար է պատրաստել»։ Ապա ավելացրեց. «Ցավալի է, բայց փաստ, որ շատ Աստվածաշնչեր պատրաստվում են այնպես, որ դրանք գեղեցիկ դիտվեն սեղանին կամ պահարանում դրված։ Բայց դիմացկուն լինելու մասին խոսք չի լինում»։

«Նոր աշխարհ» թարգմանության որոշ հրատարակություններ երկար չէին դիմանում, երբեմն նույնիսկ շոգ եղանակին սոսնձից պոկվում էին։ Տպարանի անձնակազմը հետազոտեց տարատեսակ կազմի նյութեր, սոսինձներ և կազմարարական մեթոդներ՝ գտնելու համար այնպիսի Աստվածաշունչ ստանալու տարբերակ, որը կդիմանար ինտենսիվ օգտագործմանը և տարբեր եղանակային պայմաններին։ Հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա՝ նրանք պատրաստեցին փորձնական Աստվածաշնչեր և ուղարկեցին տրոպիկական գոտիներից մինչև Ալյասկա՝ Վկաների ձեռքում փորձվելու համար։

Վեց ամիս անց Աստվածաշնչերը վերադարձան ստուգվելու։ Տպարանի անձնակազմը որոշ փոփոխություններ արեց և գրքի փորձնական նոր օրինակներ ուղարկեց քարոզիչներին։ Ընդհանուր թվով փորձության ենթարկվեց 1 697 Աստվածաշունչ։ Դրանցից մի քանիսը պատահաբար ծանր փորձությունների միջով անցան։ Օրինակ՝ մեկը ամբողջ գիշեր մնաց անձրևի տակ, մյուսը ջրհեղեղի պատճառով ջրի տակն անցավ։ «Փորձությունները» գրքի դիմացկունության մասին կարևոր մանրամասներ բացահայտեցին տպագրատան աշխատողների համար։

2011 թ.-ին, երբ փորձության շրջանը դեռ ընթացքի մեջ էր, Վկաները գնեցին կազմարարական արագագործ երկու մեքենա՝ մեկը Ուոլքիլի, մյուսը՝ Էբինայի (Ճապոնիա) տպարանի համար։ Նպատակն էր ոչ միայն հասցնել պահանջված քանակի Աստվածաշունչ տպել, այլև երկու տպարաններից ստանալ լիովին միանման գրքեր։

Կազմերի ոլորվելու խնդիրը

2012-ի սկզբերին երկու տպարաններում էլ սկսեցին տպագրել 1984 թ. «Նոր աշխարհ» թարգմանությունը պոլիուրեթանային սև ու մուգ կարմիր կազմով։ Սակայն նոր մեքենաները այնպիսի սոսինձ և կազմի այնպիսի միջուկ էին օգտագործում, որ կազմը գրքին ամրացնելուց հետո բավականին ոլորվում էր։ Սկզբում այդ խնդիրը լուծելու բոլոր ջանքերը ապարդյուն եղան, ուստի արտադրությունը դադարեցվեց։

Կազմանյութեր արտադրողներից մեկն ասաց, որ փափուկ կազմերի ոլորվելը տարածված խնդիր է և դժվար կլինի դա լուծել։ Սակայն Վկաները չհանձնվեցին, նրանք կոշտ կազմին չանցան։ Փոխարենը վճռեցին ամեն գնով ստանալ փափուկ կազմով գրքեր, որոնք երկար ժամանակ կպահպանեին իրենց գեղեցիկ տեսքը։ Չորս ամիս շարունակ փորձարկումներ անելուց՝ սոսնձի և կազմի միջուկի տարբեր նյութեր փորձելուց հետո, նրանք գտան այն նյութերը, որոնց օգնությամբ կարողացան ստանալ իրենց ուզածը։

Տպագրահաստոցը կրկին լռում է

2012-ի սեպտեմբերին հրահանգ ստացվեց դադարեցնելու 1984 թ. հրատարակության տպագրությունը, սպառելու պահեստում առկա գրքերը, մինչև որ «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը պատրաստ լիներ տպագրության, որի լույսընծայման մասին հայտարարությունը ծրագրվել էր անել 2013-ի հոկտեմբերի 5-ին՝ Աստվածաշնչի և թերթիկի «Դիտարան» ընկերության տարեկան հանդիպմանը։

Տպարանները նոր Աստվածաշնչի տեքստի էլեկտրոնային ֆայլերը ստացան 2013-ի օգոստոսի 9-ին՝ ուրբաթ օրը, և տպելու աշխատանքները սկսեցին անմիջապես հաջորդ օրվանից։ Առաջին Աստվածաշունչը տպագրահաստոցից դուրս եկավ օգոստոսի 15-ին։ Հաջորդ յոթ շաբաթների ընթացքում Ուոլքիլի և Էբինայի տպարանների անձնակազմը օրնիբուն աշխատում էր, որպեսզի հասցներ տպագրել և առաքել Աստվածաշնչի 1 600 000 օրինակ՝ այն քանակության, որը կբավարարեր տարեկան հանդիպման բոլոր ներկաներին մեկական օրինակ տրամադրելու համար։

Նոր Աստվածաշունչը և՛ գեղեցիկ է, և՛ դիմացկուն, սակայն առավել արժեքավոր է նրա բովանդակությունը, որը կյանք է նշանակում մարդկանց համար։ Միացյալ Նահանգներում բնակվող մի կին նոր Աստվածաշունչը ստանալուց մի օր հետո գրեց. «Այս վերահրատարակության շնորհիվ հիմա ես ավելի լավ եմ հասկանում Աստվածաշունչը»։

Իմացիր ավելին

Կարիքին ընդառաջ

Տես, թե ինչպես է Ճապոնիայի տպարանն օգնում բավարարելու Աստվածաշնչի պահանջարկը ողջ աշխարհում։