Անցնել բովանդակությանը

Օգնում ենք դպրոցականներին հաջողության հասնելու Թաիլանդում

Օգնում ենք դպրոցականներին հաջողության հասնելու Թաիլանդում

Սկսած 2012թ. դեկտեմբերից՝ Եհովայի վկաները Թաիլանդում հատուկ քարոզարշավ կազմակերպեցին, որ օգնեն դպրոցական տարիքի երեխաներին հաջողությունների հասնելու դպրոցում։ Քսան Վկաներ այցելեցին Բանգկոկ քաղաքի դպրոցները։ Նրանք հանդիպում ունեցան յուրաքանչյուր դպրոցի տնօրենի հետ։ Ուսուցիչներին և աշակերտներին տրվեցին 2012թ. «Արթնացե՛ք»-ի հոկտեմբեր ամսվա թողարկումը, որի վերնագիրն էր՝ «Ինչպես հաջողությունների հասնել դպրոցում»։

Սա նշանակալից քարոզարշավ էր, քանի որ այն կազմակերպվեց ողջ երկրում։ Հաջորդ տարի Վկաները կապ հաստատեցին 830 դպրոցների հետ, և պարզվեց, որ ուսուցիչներն ու աշակերտները կրկին ցանկանում են ստանալ «Արթնացե՛ք»-ի այդ թողարկումը։ Հարկ եղավ երեք անգամ վերահրատարակել այդ թողարկումը՝ պահանջված քանակով ամսագրեր տարածելու համար։ 2012թ. «Արթնացե՛ք»-ի հոկտեմբեր ամսվա թողարկման սկզբնական պատվերը 30000 օրինակ էր։ Սակայն ամսագրի թեման այնքան մեծ արձագանք գտավ, որ ավելի քան 650000 օրինակ տարածվեց։

Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը անչափ կարևոր համարեց «Արթնացե՛ք» ամսագիրը։ Ուսուցիչներից մեկն ասաց. «Այս ամսագիրը կօգնի մեր աշակերտներին մտերիմ փոխհարաբերություններ ունենալու իրենց ընտանիքների հետ, ինչպես նաև արժեքավոր նպատակներ դնելու կյանքում»։ Որոշ դպրոցներ ամսագրում տեղ գտած նյութը ընդգրկեցին դասընթացների ծրագրի մեջ։ Մյուսները ամսագիրը օգտագործեցին որպես ընթերցանության օժանդակ նյութ։ Դպրոցներից մեկում էլ աշակերտներին հանձնարարվեց զեկույց գրել՝ հիմնված այդ ամսագրի նյութի վրա, և նրանք, ովքեր լավագույն զեկույցը գրեցին, պարգևատրվեցին։

Աշակերտներից մեկին դուր էր եկել այս ամսագրում տեղ գտած «Հաղթել դեռահասների գիրության դեմ պայքարում» հոդվածը։ Նա նշեց, որ գիրությունը մեծ խնդիր է դառնում, և որ իր ընկերները անհարմար են զգում այս թեմայով զրուցել ուրիշների հետ։ Նա ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հոդվածում նշված խորհուրդների համար. դրանք պարզ էին և հեշտ կիրառելի»։

Ծնողները նույնպես արտահայտեցին իրենց գնահատանքը։ Մի մայր շնորհակալությունը հայտնեց այս ամսագրի համար մի Վկայի, ով այցելել էր իրեն։ Նա ասել էր. «Այդ ամսագիրը օգնեց իմ աղջկան ավելի լավ սովորելու դպրոցում»։

Պրն Պիչայ Պետրատյոտեն՝ Թաիլանդի Եհովայի վկաների ներկայացուցիչը, նշեց. ««Արթնացե՛ք» ամսագրում ընդգծվում է ժամանակի փորձությունն անցած Աստվածաշնչի իմաստությունը, ինչը այսօր շատերին է մեծ օգուտներ տալիս։ Եհովայի վկաները անչափ կարևորում են աստվածաշնչյան կրթությունը, ուստի ուրախ ենք, որ այս ամսագիրը հասավ բոլորին և այն էլ անվճար»։