Անցնել բովանդակությանը

Քարոզարշավ, որը կյանքեր փրկեց

Քարոզարշավ, որը կյանքեր փրկեց

Արձագանքելով Մեքսիկայի Տաբասկո նահանգում ինքնասպանությունների բարձր ցուցանիշին՝ 2017 թ.-ին Եհովայի վկաները երկամսյա հատուկ քարոզարշավ կազմակերպեցին, որպեսզի կրկին տարածեն «Արթնացե՛ք» ամսագրի՝ 2014 թ. ապրիլի համարը, որի վերնագիրն է «Ինչո՞ւ արժե ապրել. երեք հիմնավոր պատճառ»։

Ճիշտ ժամանակին տրված օգնություն

Ֆաուստինոն, որը Եհովայի վկա է, զրուցեց մի կնոջ հետ, ով անհանգստացած էր իր 22-ամյա որդու համար։ Երիտասարդը տառապում էր դեպրեսիայով և ինքնասպանության փորձ էր արել։ Կինը չգիտեր, թե ինչպես օգնի նրան։ Բայց երբ Ֆաուստինոն նրան առաջարկեց «Արթնացե՛ք»-ի այդ համարը, վերջինս ասաց. «Սա հենց այն է, ինչի կարիքը որդիս ունի»։ Հաջորդ օրը Ֆաուստինոն այցելեց այդ կնոջ որդուն, և նրանք խոսեցին ամսագրում հիշատակված աստվածաշնչյան խորհուրդների մասին։ Մի քանի այցերից հետո երիտասարդի տրամադրվածությունը ակնհայտորեն փոխվեց դեպի լավը։ Ֆաուստինոն ասում է. «Այժմ նա հանգիստ և ուրախ է»։ Բացի այդ, երիտասարդը իր սովորածների մասին պատմում է իր եղբորը, որը նույնպես տառապում է դեպրեսիայով։

Կառլան, որն ապրում է Ուիմանգիյո քաղաքում, այդ ամսագրի միջոցով օգնեց իր դասընկերուհուն։ «Նկատեցի, որ իմ դասընկերներից մեկը՝ 14-ամյա մի աղջիկ, տխուր էր— պատմում է նա։— Խոսեցի նրա հետ, և նա պատմեց իր ընտանիքում տիրող իրավիճակի մասին։ Զրուցելիս նրա ձախ ձեռքին սպիեր նկատեցի»։ Պարզվեց, որ այդ աղջիկը սովորություն ուներ կտրվածքներ անելու իր ձեռքերի ու ոտքերի վրա։ Նա շատ ընկճված էր և մտածում էր, որ կյանքն անիմաստ է։ Կառլան այդ աղջկան տվեց «Արթնացե՛ք» ամսագիրը։ Այն կարդալուց հետո աղջիկը նրան ասաց, որ ամսագիրը կարծես իր համար էր գրված։ Ժպիտը դեմքին՝ նա ասաց, որ այժմ համոզված է, որ արժե ապրել։

Վիլյաերմոսա քաղաքում ապրող մի մարդ հուսալքված էր։ Նա կորցրել էր իր աշխատանքը, և նրա կինը լքել էր իրեն ու իրենց երեխաներին։ Այդ տղամարդը աղոթում էր Աստծուն օգնության համար, բայց որևէ հույս չուներ։ Նա պատրաստվում էր ինքնասպանություն գործել, երբ երկու Եհովայի վկաներ՝ Մարտինն ու Միգելը, թակեցին նրա դուռը։ Երբ նա բացեց դուռը, Վկաները նրան առաջարկեցին «Արթնացե՛ք» ամսագիրը։ Տեսնելով վերնագիրը՝ այդ տղամարդը հասկացավ, որ դա Աստծու պատասխանն է իր աղոթքին։ Մարտինն ու Միգելը Աստվածաշնչի օգնությամբ մխիթարեցին նրան ու երբ մի քանի օր անց վերադարձան, տեսան, որ նա ավելի հանգիստ ու հավասարակշռված էր։ Այժմ նրանք շաբաթը երկու անգամ այդ տղամարդու հետ ուսումնասիրում են Աստվածաշունչը։

Դատապարտյալները լսում են բարի լուրը

Այդ քարոզարշավի շրջանակներում Վկաները այցելեցին Տաբասկո նահանգի մի քանի կալանավայրեր՝ հայտնելու համար աստվածաշնչյան լուրը, որը կարող է կալանավորներին օգնել իմաստ գտնելու կյանքում։ Վկաները պատրաստեցին մի պրեզենտացիա, որում ընդգրկեցին տեսանյութեր, Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ և ամսագրում նշված մտքերն այն մասին, թե ինչու արժե ապրել։ Դատապարտյալները և կալանավայրի անձնակազմը գնահատանքով վերաբերվեցին այդ այցերին։ Օրինակ՝ դատապարտյալներից մեկն ասաց. «Ես երեք անգամ փորձել եմ վերջ դնել կյանքիս։ Որոշ մարդիկ ասում էին, որ Աստված հոգ է տանում իմ մասին, բայց երբեք Աստվածաշնչով ցույց չէին տալիս, որ իրենց ասածը ճիշտ է։ Ձեր խոսքերը իսկապես քաջալերեցին ինձ»։

Քարոզարշավը աննկատ չանցավ։ Այդ նահանգի առողջապահության նախարարը գովեց Վկաներին համայնքին օգնելուն ուղղված իրենց ջանքերի համար, իսկ տեղի թերթերից մեկը քարոզարշավի մասին մի հոդված հրապարակեց, որի վերնագիրն էր «Նրանք դուրս են եկել ինքնասպանության դեմ պայքարելու»։