Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Դեպքի վայրում անսպասելիորեն հայտնված հրշեջը փրկում է մարդկանց

Դեպքի վայրում անսպասելիորեն հայտնված հրշեջը փրկում է մարդկանց

2014 թ. հունվարի 5-ին՝ կիրակի օրը, Սերժ Ժերարդեն ավտոբուսով Եհովայի վկաների համաժողով էր գնում, որը պետք է տեղի ունենար Փարիզից ոչ հեռու։ Հանկարծ նրա աչքի առաջ մի սարսափելի ավտովթար է տեղի ունենում։ Նա պատմում է. «Մեքենան կամուրջի տակով անցնելիս հարվածեց բետոնե եզրապատին և օդ բարձրացավ։ Այնուհետև հարվածեց կամուրջի պատին. հրդեհ բռնկվեց, ու մեքենան շուռ եկավ»։

Սերժը ավելի քան 40 տարի հրշեջ է եղել։ Լինելով հրշեջ խմբի հրամանատար՝ նա անմիջապես արձագանքեց։ Նա պատմում է. «Մենք ճանապարհի հակառակ կողմով էինք գնում, բայց ես խնդրեցի վարորդին կանգնեցնել ավտոբուսը ու վազեցի դեպի այրվող մեքենան»։ Մեքենայի միջից ձայներ էին լսվում. «Փրկե՛ք, օգնե՛ք»։ Սերժը ասում է. «Ես կոստյումով ու փողկապով էի, ու անվտանգությունը ապահովող ոչ մի բան չունեի։ Բայց այդ աղաղակը լսելով՝ հասկացա, որ դեռ հնարավոր է փրկել մարդկանց»։

Մեքենայի շուրջ պտտվելով՝ Սերժը նկատեց մի ուղևորի, որը շոկի մեջ էր, և նրան մի կողմ տարավ։ «Նա ասաց, որ մեքենայում երկու հոգի էլ կա,— պատմում է Սերժը։— Այս ընթացքում ուրիշ մեքենաներ էլ էին կանգ առնում։ Սակայն ուժգին հրդեհի պատճառով ոչ ոք չէր կարողանում մոտենալ»։

Մի քանի բեռնատար մեքենաների վարորդներ կրակմարիչներով արագ մոտեցան ու Սերժի հրահանգով ժամանակավորապես հանգցրին հրդեհը։ Մեքենայի վարորդը ինչ-որ ձևով հայտնվել էր մեքենայի տակ։ Ուստի Սերժը և մյուսները բարձրացրին մեքենան, հանեցին վարորդին ու անվտանգ վայր տարան։

Սերժը պատմում է. «Կրկին հրդեհ բռնկվեց»։ Սակայն ուղևորներից մեկը դեռ շուռ եկած մեքենայի մեջ էր՝ ամրագոտին կապած վիճակում։ Այդ պահին մեկ ուրիշ հրշեջ օգնության հասավ։ Նա, մոտոցիկլիստների նման, կաշվե շորեր էր հագել։ Սերժը շարունակում է պատմել. «Ես ասացի նրան, որ մեքենան ուր որ է կպայթի։ Ուստի որոշեցինք այդ ուղևորին դուրս բերել՝ նրա ձեռքից քաշելով։ Եվ մեզ հաջողվեց փրկել նրան»։ Մի քանի վայրկյան հետո մեքենան պայթեց։

Երբ փրկարարական խումբը և շտապ օգնության աշխատակիցները եկան, օգնություն ցույց տվեցին վիրավորներին և հանգցրին հրդեհը։ Սերժին նույնպես շտապ օգնություն ցույց տրվեց, քանի որ ձեռքերի վրա կտրվածքներ ու այրվածքներ կային։ Երբ նա վերադարձավ ավտոբուս, մի քանի հոգի ընդառաջ եկան, որ շնորհակալություն հայտնեն նրան։

Սերժը ուրախ էր, որ այդ պահին այնտեղ էր ու կարողացավ օգնել։ Նա ասում է. «Ես իմ Աստծու՝ Եհովայի առաջ պատասխանատվություն էի զգում մարդկանց կյանքերի համար։ Ուրախ եմ, որ կարողացա փրկել նրանց»։

Իմացիր ավելին

Սիրո գործեր աղետի ժամանակ

Տասնյակ երկրներում Եհովայի վկաները օգնություն են տրամադրել աղետների ժամանակ։