Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինքնասպանությունը կանխվեց

Ինքնասպանությունը կանխվեց

80-ամյա Գրահամ Բրաունը, ով Եհովայի վկա է, օգնեց տարհամոզել հոգեկան խնդիրներ ունեցող մի տղամարդու չնետվել Օկլենդում գտնվող Սքայ Թաուերից (Նոր Զելանդիա), որի բարձրությունը 328 մետր է։ «Տղամարդը ցանկացել էր խոսել մի Եհովայի վկայի հետ,— պատմում է Գրահամ Բրաունը,— ոստիկանությունը զանգահարեց ինձ և հարցրեց՝ արդյոք կարող եմ օգնել։

Սքայ Թաուերի անձնակազմը անվտանգության համազգեստ հագցրեց ինձ և Աստվածաշունչս կապեց երկար պարանով։ Հետո ոստիկանները ուղեկցեցին ինձ դեպի դրսի հարթակ։ Ես գտնվում էի 192 մետր բարձրության վրա։ Սառը քամին պտտվում էր աշտարակի շուրջը։ Տղամարդը, որ սպառնում էր ցած նետվել, ինձնից մեկ-երկու քայլ հեռու էր։ Նա նստած էր աշտարակի եզրի նեղ հարթակին ոտքերը ներքև կախած։

Ես ձայն տվեցի նրան՝ ասելով, որ Եհովայի վկա եմ և ուզում եմ օգնել։ Հետո լուռ աղոթեցի ու բացեցի Աստվածաշունչս։ Սկսեցի խոսել։

Խոսեցի կյանքի սրբության մասին. այդ թեմայով վերջերս ելույթ էի ունեցել մեր Թագավորության սրահում։

Ասացի. «Աստծու համար դու շատ թանկ ես, ու նա քեզ մի հրաշալի պարգև է տվել, տվել է կյանք։ Ցույց տուր, որ քեզ համար թանկ է այդ նվերը։ Խնդրում եմ, արի այս կողմ՝ անվտանգության ցանկապատից ներս»։

Նրա համար կարդացի մի քանի աստվածաշնչյան համարներ, այդ թվում նաև Հովհաննես 3։16-ը, որտեղ ասվում է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

«Ուրեմն,— ասացի նրան,— Աստված սիրում է քեզ»։

Թվում էր, թե նա ուշադրություն չի դարձնում՝ ինչ եմ ասում։ Մտքումս աղոթեցի, որ Եհովան օգնի ինձ՝ համոզեմ նրան չնետվել ցած։ Հանկարծ նա վեր կացավ ու փոքր-քիչ մոտեցավ ինձ։ Շատ լարված էր։

«Եհովայի վկաները վերջերս եկել էին մեր տուն, բայց ես նրանց կոպտորեն մերժեցի ու հիմա ինձ շատ վատ եմ զգում դրա համար։ Կներեք ինձ, խնդրում եմ,— ասաց նա»։

«Մի՛ անհանգստացիր, նույնիսկ մեզանից շատերն են այդպես վարվել մինչ Վկա դառնալը,— փորձեցի հանգստացնել նրան։— Կարող ես վստահ լինել, որ Եհովան կների քեզ»։

«Շնորհակալություն,— պատասխանեց նա,— դա ծանրացել էր խղճիս»։

«Բայց ես վախենում եմ քեզ համար,— շարունակեցի։— Ես անվտանգության համազգեստ եմ հագել, իսկ դու, եթե պատահաբար սայթաքես, կկորցնես քո թանկագին նվերը՝ քո կյանքը, ինչը շատ կտխրեցնի Եհովային։ Դրա համար, խնդրում եմ, արի՛ անվտանգության ցանկապատից ներս»։

Զգացի, որ նա բավականին հանդարտվեց։ «Լավ,— հանգիստ համաձայնվեց նա,— կգամ»։

Տղամարդը ոտք դրեց ցանկապատից ներս։ Ոստիկանները անմիջապես օգնեցին նրան... Նրա կյանքին արդեն վտանգ չէր սպառնում։ Մեր խոսակցությունը տևեց մոտ մեկ ժամ»։

Եհովայի վկաները անկեղծորեն հետաքրքրված են բոլոր մարդկանց բարօրությամբ, հատկապես նրանց, ովքեր ընկճված կամ դեպրեսիայի մեջ են։ Աշխարհով մեկ նրանք Աստվածաշնչի միջոցով մարդկանց հույս ու մխիթարություն են տալիս՝ հավաստիացնելով, որ Աստված իսկապես հոգ է տանում նրանց մասին։