Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հետ պահել ինքնասպանության քայլից

Հետ պահել ինքնասպանության քայլից

Տնից տուն ծառայության ժամանակ երկու Եհովայի վկա թակեցին մի դուռ։ Բացեց այլայլված դեմքով մի տղամարդ։ Հետևում երևում էր սանդուղքի վերևում կախված մի պարան։

Տղամարդը ներս հրավիրեց Վկաներին։ Երբ ներս մտան, հարցրին, թե ինչու է պարանն այդտեղ կախված։ Նա ասաց, որ պատրաստվում էր կախվել, երբ հնչեց դռան զանգը։ Որոշեց վերջին անգամ բացել տան դուռը։ Վկաները խոսեցին նրա հետ և ուղեկցեցին բժշկի մոտ, որը օգնություն ցույց տվեց նրան։

Այս պատմությունը, որը տպվեց բելգիական լրագրերից մեկում, միակ դեպքը չէ, երբ Եհովայի վկաները օգնել են մարդկանց չդիմել ինքնասպանության քայլին։ Ահա մի քանի այլ նմանատիպ դեպքեր, որ եղել են աշխարհի տարբեր մասերում։

Հունաստանում մի կին գրում է. «Իմ սիրած տղամարդը ահավոր հիասթափեցրեց ինձ, ես խոր դեպրեսիայի մեջ ընկա։ Էմոցիոնալ ցավն այնքան ուժգին էր ու անտանելի, որ որոշեցի կյանքիս վերջ տալ։ Այդ մտքից սիրտս ասես թեթևացավ. ուզում էի էլ ոչինչ չզգալ»։

Այդուհանդերձ կինը դիմեց բժշկի օգնության։ Կարճ ժամանակ անց կապ հաստատեց Վկաների հետ։ Սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ու ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Նա գրում է. «Վկաների մոտ ես գտա այն անշահախնդիր սերը, որ երկար տարիներ փնտրել եմ։ Գտել եմ իսկական ընկերներ, որոնց կարող եմ վստահել։ Այժմ հոգիս ուրախ է ու խաղաղ, չեմ անհանգստանում ապագայի մասին»։

Անգլիայում մի Վկա գրում է. «Ծանոթներիցս մեկը զանգահարեց ինձ։ Շատ վհատված էր, ասաց, որ պատրաստվում է այդ գիշեր ինքնասպան լինել։ Ես սկսեցի խոսել նրա հետ՝ նշելով մտքեր 2008 թ. մայիսի «Արթնացե՛ք»-ի մի հոդվածից, ու Աստվածաշնչից կարդացի մի քանի մխիթարական համարներ։ Հիմա նա այլևս չի ուզում վերջ տալ կյանքին՝ չնայած դեռ խնդիրներ ունի»։

Գանայում Մայքլը, որը Եհովայի վկա է, աշխատավայրում սկսեց զրուցել ապրանքներ վաճառող մի երիտասարդ կնոջ հետ։ Մի օր նա նկատեց, որ այդ կինը շատ ընկճված է և հարցրեց պատճառը։

Նա ասաց, որ ուզում է ինքնասպան լինել, քանի որ ամուսինը թողել է իրեն ու գնացել է ուրիշ կնոջ մոտ։ Մայքլը փորձեց մխիթարել նրան ու տվեց երկու գիրք, որոնցում բացատրվում էր Աստվածաշունչը։ Այն, ինչ իմացավ կինը, հետ պահեց նրան ինքնասպանության քայլից։ Նա շարունակեց ուսումնասիրել Աստվածաշունչը և հիմա Եհովայի վկա է։

Միացյալ Նահանգների թերթերից մեկում լույս տեսավ մի դեպք՝ կապված մի երիտասարդ Վկայի հետ, որը ծառայության ժամանակ նկատել էր կայանված մի մեքենա, որի շարժիչը անջատված չէր։

Երիտասարդը պատմում է. «Նկատեցի, որ բավականին հաստ ռետինե խողովակ էր ամրացված մեքենայի խլացուցչին, մյուս ծայրն էլ պատուհանից ներս էր տարված։ Պատուհանի բացված մասը պինդ փակված էր կպչուն ժապավենով։

Երբ մոտ վազեցի, տեսա՝ ներսում ծխի մեջ մի կին լաց էր լինում։ «Ի՜նչ եք անում»,— ձայն տվեցի ես։

Ձեռքս տարա, որ բացեմ դուռը։ Նկատեցի հետևում նստած երեք երեխաների։ Երբ բացեցի դուռը, կինը լացակումած սկսեց անընդհատ կրկնել. «Ես պիտի գնամ... Պիտի գնամ... Երեխաներիս էլ ինձ հետ պիտի տանեմ...»։

«Խնդրում եմ, մի՛ արեք այդ բանը։ Դա հարցի լուծում չէ»,— ասացի ես։

Նա նորից ու նորից կրկնում էր. «Ես կգնամ երկինք։ Երեխաներիս էլ ինձ հետ կտանեմ...»։

Կինը շարունակում էր արտասվել։ Ինքս էլ էի հուզվել։ Ծնկի իջա ու թախանձելով ասացի. «Խնդրում եմ, մի՛ արեք այդ բանը»։ Հետո գրկեցի նրան ու զգույշ դուրս հանեցի մեքենայից։

Նա հանկարծ սթափվեց ու ճչաց. «Փրկեք երեխաներիս»։

4 ու 5 տարեկան երկու աղջնակ ու մի 2 տարեկան փոքրիկ տղա խելոք նստել էին հետևի նստարանին։ Չէին էլ գլխի ընկնում, որ քիչ հետո մահանալու էին։ Փոքրիկները մեկնեցին իրենց ձեռքերը դեպի ինձ։

Նրանց մեքենայից հանելուց հետո անջատեցի շարժիչը։ Բոլորով նստեցինք մոտակա մի ցածր պատի վրա։ Ես նայեցի կնոջն ու ասացի. «Խոսեք ինձ հետ»։

Եհովայի վկաները կյանքը համարում են անգին պարգև մեր Արարչից։ Ամբողջ աշխարհում նրանք ամեն ջանք թափում են մխիթարելու համար նրանց, ովքեր կորցրել են ինքնասպան եղած սիրելի մարդկանց, ինչպես նաև փորձում են հետ պահել նրանց, ովքեր մտածում են այդ քայլին դիմելու մասին։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ապրել

Ի՞նչը կարող է դրդել մարդուն մահը ընկեր համարելու։