Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 թ. տարեկան հանդիպումը

Թագավորության իշխանության 100 տարին

2014 թ. տարեկան հանդիպումը

2014 թ. հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, տեղի ունեցավ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպումը, որին ներկա էր մոտ 19 000 մարդ։ Հանդիպումն անցկացվեց Ջերսի Սիթիում գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում (Նյու Ջերսի, ԱՄՆ)։ Ծրագիրը տեսակապի միջոցով հեռարձակվեց մի շարք այլ վայրեր։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը հանդիպման նախագահողն էր։ Բացման խոսքում նա ընդգծեց, որ այս տարեկան հանդիպումը պատմական է, քանի որ լրացել է Մեսիական Թագավորության հաստատման 100-րդ տարին։

Եղբայր Սանդերսոնը ամփոփեց Թագավորության երեք նշանակալից ձեռքբերումները այս 100 տարիների ընթացքում։

  • Համաշխարհային քարոզչական գործ։ Եհովայի օրհնությամբ նրա ժողովուրդը ժրաջանորեն հռչակել է Թագավորության բարի լուրը։ Քարոզիչների թիվը, որ 1914-ին ընդամենը մի քանի հազար էր, 2014 թ. ծառայողական տարվա ընթացքում անցել է 8 միլիոնը։ Մենք կշարունակենք ջերմեռանդորեն քարոզել, մինչև որ Եհովան կասի՝ գործն արված է։

  • Թագավորության հպատակների պաշտպանությունը որպես խումբ։ Կրոնական և քաղաքական ուժերը դաժանորեն հակառակվել են մեզ, նույնիսկ փորձել են լիովին վերացնել։ Սակայն Եհովան պաշտպանել է իր երկրպագուներին որպես խմբի։ Տարբեր դատարաններում, այդ թվում Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրանցված մի շարք իրավաբանական հաղթանակները հաստատում են, որ Եհովան առայսօր շարունակում է իր աչքը մեզ վրա պահել։

  • Իրարից բոլորովին տարբեր մարդկանց միավորումը։ Աստծու Թագավորությունը միավորել է տարբեր ծագման, ազգերի, լեզուների մարդկանց՝ օգնելով նրանց հաղթահարել զանազան խոչընդոտներ և կազմել երկրպագուների միասնական խումբ։ «Սա հրաշք է, որը միայն Եհովան կարող էր անել»,— ասաց եղբայր Սանդերսոնը։ Նա մի քանի անգամ ընդգծեց, թե ինչ մեծ պատիվ է բոլոր ներկաների համար լինել այնտեղ՝ այդ պատմական տարեկան հանդիպմանը։

«Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշար։

Հաջորդը խոսվեց երեխաների համար նախատեսված այս ֆիլմաշարի մասին, որն արդեն երկու տարուց ավել է՝ ուրախությամբ դիտում ենք բոլորս։ Սկզբում եղբայր Սանդերսոնը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում ապրող երեխաներից հարցազրույց էին վերցնում։ Նրանց գնահատանքի պարզ ու սրտանց խոսքերը մինչև հոգու խորքը հուզեցին ունկնդիրներին։ Երեխաները ասում էին, թե ինչեր են սովորել այդ մուլտֆիլմերից։

Այնուհետև ցուցադրվեց այս ֆիլմաշարի մի նոր մուլտֆիլմ, որի վերնագիրն է. «Եհովան կօգնի, որ լինես համարձակ»։ 12 րոպեանոց այս մուլտֆիլմում ներկայացվում է իսրայելացի փոքրիկ աղջկա պատմությունը, որը Նեեմանի կնոջ հետ համարձակորեն Եհովայի մասին խոսեց (2 Թագավորներ 5:1–14)։ Այն jw.org կայքում դրվեց երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, և մատչելի է ավելի քան 20 լեզուներով։

JW Language։

Եղբայր Սանդերսոնը հայտարարեց մոբայլ սարքավորումների համար նախատեսված այս նոր հավելվածի մասին, ինչը օգտակար կլինի այն Եհովայի վկաներին, ովքեր ցանկանում են նոր լեզու սովորել և ընդլայնել իրենց ծառայությունը։ Հավելվածում ընդգրկված են ավելի քան 4 000 բառեր և արտահայտություններ 18 լեզուներով։ Ծրագրվում է ավելացնել բառերի և արտահայտությունների քանակը, ինչպես նաև ծառայության ժամանակ օգտագործվող մատուցումներ ու այլ հնարավորություններ։

JW հեռարձակում։

Ունկնդիրները մեծ ոգևորությամբ ընդունեցին հայտարարությունն այն մասին, որ Եհովայի վկաները ունենալու են ինտերնետային հեռուստատեսություն, որը լինելու է փորձնական, սկզբում միայն անգլերենով։ Մեր գլխավոր վարչությունում գտնվող այս հեռուստատեսային ստուդիայից (Բրուքլին, Նյու Յորք) հեռարձակվելու են մեր տեսանյութերը, ֆիլմերը, երաժշտությունը և Աստվածաշնչի թատերականացված ընթերցանությունները։ Բացի դրանից, լինելու է ամենամսյա ծրագիր, որը վարելու է Կառավարիչ մարմնի անդամներից կամ կոմիտեներում օգնող եղբայրներից մեկը։

Եղբայր Սանդերսոնը ներկայացրեց առաջին ծրագրից մի հատված, որը վարում էր Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը։ Ծրագրում ներառված են կադրեր, թե ինչ աշխատանքներ են կատարվել ստուդիան պատրաստելու համար։ JW հեռարձակումը մեկնարկեց հոկտեմբերի 6-ին։ Այն կարելի է դիտել՝ այցելելով tv.jw.org կայք։

«Թագավորությունը 100 տարի է՝ իշխում է»։

Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տրվում, թե Աստծու Թագավորությունը ինչպես է օգնել մեզ աստիճանաբար բարելավել քարոզելու մեթոդները։ Տեսանյութում ներկայացվում են պատմական և վավերագրական դրվագներ, որտեղ երկար տարիների Եհովայի վկաները պատմում են իրենց ծառայությունից։ Այնտեղ խոսվում է, թե ինչպես նախաձեռնվեց «Արարչության լուսադրամայի» ստեղծումն ու ցուցադրությունը, ինչպես են հնում ծառայել ֆոնոգրաֆի, վկայության քարտի, պլակատների, ձայնափողով մեքենաների միջոցով, և ինչպես հետագայում կազմակերպվեցին աստվածապետական դպրոցներ՝ ծառայության մեջ հմտանալու համար։

Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ խորհրդածելով այն ամենի շուրջ, ինչ Թագավորությունը իրականացրել է այս 100 տարիների ընթացքում։ Դրա շնորհիվ Թագավորությունը ավելի իրական կդառնա մեզ համար, և ավելի մեծ փափագով կսպասենք այն փոփոխություններին, որ Թագավորությունը կանի ապագայում։

Երկրպագության երգեր։

Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը բոլոր ներկաներին ուրախացրեց, երբ հայտարարեց, որ «Գովերգենք Եհովային» երգարանը վերանայվելու է։ Այն լույս է տեսնելու Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կազմով և արծաթափայլ էջերով։ Բարձր որակի այս երգարանը կընդգծի այն, որ մեր երկրպագության մեջ երաժշտությունը նույնպես իր ուրույն տեղն ունի։

Եղբայր Սփլեյնը նաև ասաց, որ երգարանում կավելացվի մի քանի երգ։ Սակայն այդ նոր երգերը երգելու համար հարկ չկա սպասել, մինչև նոր երգարանի լույսընծայումը։ Պատրաստ լինելուն պես դրանք կտեղադրվեն jw.org կայքում։

Նոր երգերից երեքը, որոնք Բեթելի ընտանիքը այդ շաբաթվա ընթացքում սովորել էր, երգեցին տարեկան հանդիպմանը։ Երգչախումբը ղեկավարում էր եղբայր Սփլեյնը, երբ երգեցին «Թագավորությունը հաստատվել է. թող այն գա» նոր երգը։ Այս երգը հատուկ գրվել էր Թագավորության 100-ամյակի կապակցությամբ։ Երգչախմբի կատարումից հետո հանդիպման ներկաները երգչախմբի հետ երգեցին այդ երգը։ Ծրագրի ընթացքում՝ ավելի ուշ, ներկաները երգչախմբի հետ երգեցին նաև նոր երգերից մյուսը՝ «Համարձակություն տուր մեզ»։

Հարցազրույց։

Այնուհետև ցույց տրվեց տեսանյութ, որտեղ Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը հարցազրույց էր վերցնում երկար տարիների բեթելցի երեք ամուսնական զույգից։ Նրանք թվարկեցին մի շարք փոփոխություններ, որոնց ականատես էին եղել իրենց ծառայության տարիներին, ինչը ցույց էր տալիս, որ Աստծու ժողովուրդը միշտ առաջ է գնում։ Եղբայր Լյոշը նշեց, որ Աստվածաշնչում մարգարեացված է եղել կազմակերպչական բարեփոխումների մասին, և բոլորին հորդորեց շարունակ ընթանալ Եհովայի կազմակերպության հետ համաքայլ (Եսայիա 60:17

«Պատկեր և նախապատկեր»։

Այս ելույթը ներկայացրեց եղբայր Սփլեյնը, որտեղ բացատրում էր, թե ինչու վերջին տարիներին առաջվա պես հաճախ չեն քննարկվում նախապատկերները, կամ՝ նախատիպերը։

Անցյալում ասվում էր, որ հին ժամանակներում ապրած հավատարիմ տղամարդկանցից ու կանանցից շատերը նախապատկերում են մեր ժամանակների հավատարիմ քրիստոնյաների տարբեր խմբերին։ Նաև տեսակետ կար, որ Աստվածաշնչյան որոշ պատմություններ մարգարեական նշանակություն ունեն և առնչվում են մեր օրերին։ Ինչ խոսք, հետաքրքիր է անցկացնել այսպիսի զուգահեռներ։ Բայց ինչո՞ւ է վերջին տարիներին մեր գրականության մեջ հազվադեպ խոսվում պատկերների ու նախապատկերների մասին։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ որոշ իրադարձություններ և մարդիկ ավելի մեծ բանի կամ ինչ-որ մեկի նախապատկերն են եղել։ Երբ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս դրանց միջև կապը, մենք պատրաստակամորեն ընդունում ենք այն։ «Բայց երբ Աստվածաշունչը լռում է, մենք էլ պետք է լռենք»,— ասաց եղբայր Սփլեյնը։ Մենք չպետք է գրվածից այն կողմ անցնենք։ Անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային, եթե տարվենք պատկերներ ու նախապատկերներ փնտրելով, ապա այն գործնական խորհուրդներն ու դասերը, որ կարող ենք սովորել Աստվածաշնչից, բաց կթողնենք (Հռոմեացիներ 15:4 *

«Արթուն կլինե՞ք»։

Այս ելույթը, որը ներկայացրեց եղբայր Լեթը, նոր լույս սփռեց Հիսուսի պատմած տասը կույսերի առակի մասին մեր հասկացողության վրա (Մատթեոս 25:1–13)։ Այժմ այդ առակը մենք հետևյալ կերպ ենք հասկանում. փեսան Հիսուսն է, իսկ կույսերը՝ նրա օծյալ հետևորդներն են (Ղուկաս 5:34, 35; 2 Կորնթացիներ 11:2)։ Առակը վերաբերում է վերջին օրերին։ Այս առակի կատարումը կամբողջանա մեծ նեղության ժամանակ։ Խոսելով հինգ հիմար կույսերի մասին՝ Հիսուսը չէր ուզում ասել, թե իր օծյալ ծառաներից շատերը անհավատարիմ կլինեն և կփոխարինվեն ուրիշներով։ Նա այդ խոսքերով ազդեցիկ նախազգուշացում էր տալիս։ Այն, որ հինգ կույսերը խոհեմ էին, իսկ հինգը՝ հիմար, ցույց է տալիս, որ յուրաքանչյուր օծյալ քրիստոնյա ինքն է որոշում լինել զգոն ու պատրաստ, թե անհավատարիմ։

Գրվածից այն կողմ չանցնելու սկզբունքը հաշվի առնելով՝ իմաստուն չի լինի վերլուծել այս առակը՝ փնտրելով մարգարեական զուգահեռներ յուրաքանչյուր մանրուքի մեջ։ Փոխարենը՝ լավ կանենք, եթե փորձենք տեսնել, թե ինչով է առակը գործնական մեզ համար։ Անկախ այն բանից՝ օծյալների խմբից ենք, թե «ուրիշ ոչխարների», բոլորս էլ պատասխանատվություն ունենք մեր լույսը շողացնելու և արթուն մնալու (Հովհաննես 10:16; Մարկոս 13:37; Մատթեոս 5:16)։ Մեր փոխարեն ոչ ոք չի կարող հավատարիմ մնալ։ Մեզանից յուրաքանչյուրը ինքը պետք է «կյանքը ընտրի»՝ մնալով հոգևորապես արթուն և ակտիվ՝ ծառայության մեջ (2 Օրենք 30:19

«Տաղանդների առակը»։

Հաջորդ ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը, ով օգնեց ունկնդիրներին հասկանալ տաղանդների առակի վերանայված բացատրությունը (Մատթեոս 25:14–30)։ Այժմ մենք հասկանում ենք, որ տերը (Հիսուսը) կվարձատրի իր ծառաներին (երկրի վրա եղող իր հավատարիմ օծյալ հետևորդներին), երբ գա և երկնային կյանքի հարություն տա նրանց։ Առակում խոսելով «չար և ծույլ ծառայի» մասին և թե ինչ է սպասում նրան՝ Հիսուսը նկատի չուներ, որ իր օծյալ հետևորդների մի մասը անհավատարիմ է լինելու։ Այս առակով նա զգուշացրեց նրանց, որ արթուն մնան և խուսափեն չար ծառայի մտածելակերպը դրսևորելուց ու նրա պես վարվելուց։

Ի՞նչ գործնական դաս ենք քաղում այս առակից։ Տերն իր ծառաներին թանկարժեք բան վստահեց։ Նույն ձևով էլ Հիսուսը իր հետևորդներին շատ թանկարժեք բան է վստահել՝ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը։ Նա ակնկալում է, որ բոլորս մեր հնարավորության սահմաններում եռանդով կմասնակցենք այս գործին։ Եղբայր Մորիսը բոլոր ներկաներին գովասանքի խոսքեր ուղղեց Թագավորության գործում ջանասեր լինելու համար։

«Ո՞վ է հարձակվելու Աստծու ժողովրդի վրա»։

Բոլորի հետաքրքրությունը անմիջապես գրավող այս թեման, որը ծրագրի վերջին ելույթն էր, ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը։ Նա խոսեց Աստծու ժողովրդի վրա Գոգի հարձակման մասին (Եզեկիել 38:14–23

Նախկինում մենք մտածում էինք, որ Գոգը Սատանային տրված անունն է, որը նա ստացավ երկնքից դուրս նետվելուց հետո։ Սակայն եղբայր Ջեքսոնը նշեց մի քանի հարցեր, որոնք առաջ են գալիս նման կերպ մտածելու արդյունքում։ Օրինակ՝ Եհովան ասաց, որ երբ Գոգը պարտություն կրի, նրան «որպես կերակուր կտա գիշատիչ թռչուններին, ամեն տեսակ թռչուններին ու դաշտի գազաններին» (Եզեկիել 39:4)։ Եհովան ասաց նաև, որ «Գոգին ու նրա ողջ ամբոխին» երկրի վրա թաղվելու տեղ կտա (Եզեկիել 39:11)։ Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, չէ՞ որ նրանք ոգեղեն արարածներ են։ Բացի այդ, Սատանան 1000 տարով փակվելու է անդունդում, ոչ թե թռչունների կեր է դառնալու կամ թաղվելու (Հայտնություն 20:1, 2)։ Իսկ 1000 տարուց հետո ազատ է արձակվելու և «մոլորեցնելու է երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին» (Հայտնություն 20:7, 8)։ Ուրեմն հստակ է, որ Սատանան չէ Գոգը, քանի որ նա չի կարող ինքն իրեն մոլորեցնել։

Եղբայր Ջեքսոնը բացատրեց, որ Եզեկիելի մարգարեության Մագոգի Գոգը ներկայացնում է ոչ թե Սատանային, այլ ազգերի կոալիցիային, որը հարձակվելու է Աստծու ժողովրդի վրա։ Հավանաբար Գոգի հարձակումը դա նույնն է, ինչ «հյուսիսի թագավորի» և «երկրի թագավորների» հարձակումը (Դանիել 11:40, 44, 45; Հայտնություն 17:12–14; 19:19

Իսկ ո՞վ է «հյուսիսի թագավորը»։ Ապագան ցույց կտա։ Ամեն դեպքում, մեր հավատը զորանում է, երբ տեսնում ենք, թե ինչպես է ապագա իրադարձությունների վերաբերյալ մեր հասկացողությունը գնալով ավելի հստակ դառնում։ Մենք չենք վախենում այդ հարձակումից, քանի որ գիտենք, որ երբ Մագոգի Գոգը հարձակվի, պարտություն կկրի և ամբողջովին կբնաջնջվի, իսկ Աստծու ժողովուրդը կմնա հավիտյան։ *

Եզրափակում։

Եղբայր Սանդերսոնը հայտարարեց փոքր չափսի Աստվածաշնչի լույսընծայման մասին, որը կարող է տեղավորվել գրպանում։ Ասաց նաև, որ պատրաստվում են վերանայված Աստվածաշնչի դերերով ընթերցանության ձայնագրությունները։ Ժամանակի ընթացքում այդ ձայնագրությունները կտեղադրվեն jw.org կայքում՝ սկսած Մատթեոսի Ավետարանից։

Եղբայր Սանդերսոնը հայտարարեց, որ 2015 թվականի տարվա խոսքը լինելու է Սաղմոս 106:1-ը. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա»։ Նա խրախուսեց բոլորին ամեն օր շնորհակալ լինելու պատճառներ փնտրել։

Եզրափակիչ երգը նոր երգերից երրորդն էր՝ «Եհովա է քո անունը»։ Կառավարիչ մարմնի բոլոր յոթ անդամները միացան երգչախմբին և ներկաների հետ միասին երգեցին այս հրաշալի երգը, ինչը գեղեցիկ կերպով եզրափակեց այս պատմական հանդիպումը։

^ պարբ. 22 Այս և հաջորդ երկու ելույթներում նշված մտքերը լույս կտեսնեն «Դիտարանի» 2015 թ. մարտի 15-ի համարում։

^ պարբ. 30 Այս ելույթում նշված մտքերը լույս կտեսնեն «Դիտարանի» 2015 թ. մայիսի 15-ի համարում։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Շնորհակալություն հայտնիր Եհովային և օրհնվիր

Երախտագետ լինելն ինչպե՞ս կարող է օգնել քեզ հաղթահարելու դժվարությունները։

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

100-ամյա ֆիլմ, որը հավատ կերտեց

Այս տարի լրանում է «Արարչության լուսադրամայի» պրեմիերայի 100-ամյակը։ Այն նախատեսված էր օգնելու մարդկանց հավատալու, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն։

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Երաժշտություն, որն ուղեկցում է մեր երկրպագությանը արդեն 100 տարի

Ի՞նչ դեր են ունեցել երգն ու երաժշտությունը Եհովայի վկաների երկրպագության մեջ անցած 100 տարիների ընթացքում։