Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Տարեկան հանդիպման հաշվետվություն

«Կերակուր.... ճիշտ ժամանակին»

Տարեկան հանդիպման հաշվետվություն

Հազարավոր մարդիկ ունկնդրեցին այն քաջալերական հաշվետվությունները և Մատթեոս 24։45–47 համարների ոգևորիչ քննարկումը, որ ներկայացվեցին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 128-րդ տարեկան հանդիպման ժամանակ։

 

2012 թ. հոկտեմբերի 6-ին գրեթե 5 000 հոգի հավաքվել էր ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում։ Վիդեո կապով ավելի քան 10 000 հոգի դիտեց ծրագիրը Բրուքլինում, Պատերսոնում և Ուոլքիլում (Նյու Յորք նահանգ), ինչպես նաև Կանադայի մեր մասնաճյուղում։

 

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը ծրագրի նախագահողն էր։ Նա հիշատակեց տարեկան հանդիպումներից մի քանիսը, որոնք Վկաների պատմության մեջ հատկապես նշանակալից են եղել։ Թեև ունկնդիրները համոզված էին, որ այս տարի ծրագիրը նույնպես քաջալերական կլինի, բայց նրանց սկսեց հետաքրքրել մի հարց, թե արդյոք այս հանդիպումն էլ է պատմական լինելու։

 

Երկու տեսանյութերի միջոցով ունկնդիրներն ասես շրջեցին աշխարհով մեկ։

 

Թագավորության սրահների շինարարություն։

Այս տեսանյութի միջոցով ժամանակագրական հաջորդականությամբ ցույց տրվեց, թե ինչ հաջողությունների է հասել Թագավորության սրահների շինարարության ծրագիրը սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում։ Վերջին 13 տարիների ընթացքում Թագավորության սրահների շինարարական խմբերը այսպիսի երկրներում կառուցել են 25 402 Թագավորության սրահ, միջին հաշվով օրական ավելի քան հինգ Սրահ։ Այս Թագավորության սրահները կառուցվել են ամբողջ աշխարհում Վկաների կողմից Թագավորության սրահների ֆոնդին նվիրաբերված միջոցներով։ Բացի այդ, երբ բնական աղետներ են լինում, այս փորձառու խմբերը հաճախ անմիջապես օգնության են հասնում տուժածներին՝ վերանորոգելով և վերակառուցելով նրանց տներն ու Թագավորության սրահները։

 

Հատուկ համաժողովներ։

2012-ին Եհովայի վկաները մի քանի հատուկ համաժողովներ անցկացրին, որոնց ներկա էին պատվիրակներ տարբեր երկրներից։ Ինչո՞վ էին այս համաժողովները տարբերվում նախորդ տարիների միջազգային համաժողովներից։

 

Տեսանյութում բացատրվում էր, որ համաժողովի շաբաթվա ընթացքում պատվիրակների կացարանի, տրանսպորտի և ճաշի մասին հոգ էր տանում հյուրընկալ մասնաճյուղը։ Յուրաքանչյուր համաժողովին ներկա է եղել մոտ 1 500 արտասահմանցի պատվիրակ։

 

Արտասահմանցի պատվիրակները և տեղի Վկաները հնարավորություն ունեցան շփվելու և ծանոթանալու իրար հետ ոչ միայն համաժողովի ընթացքում, այլև տեսարժան վայրերում շրջելիս, միասին տարբեր ուտեստներ վայելելիս և տեղացիներին քարոզելիս։ «Առայսօր տեղի ունեցած բոլոր հատուկ համաժողովների ժամանակ,— ասվում էր տեսանյութում,— ակնհայտ է եղել, որ եղբայրական սերը միասնության կատարյալ կապն է»։

 

Ունկնդիրներն անչափ ուրախացան՝ իմանալով, որ Եհովայի վկաները ամեն տարի հատուկ համաժողովներ կանցկացնեն աշխարհի տարբեր քաղաքներում։

 

Տարեկան հանդիպման այլ ուշագրավ բաժիններ։

 

Հարցազրույցներ։

Տարբեր մասնաճյուղերի կոմիտեներից երեք եղբայրներ իրենց կանանց հետ պատմեցին, թե ինչպես է Եհովան կրթել իրենց, որպեսզի կարողանան հաջողությամբ ծառայել տարբեր նշանակումներում։ Նրանց բոլորի լիաժամ ծառայության տարիների ընդհանուր թիվը 342 է։

 

Ռիչարդ Քելսին, որը Գերմանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասաց, որ մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար դպրոցը սովորեցրել է իրեն «միշտ հետևել Եհովայի առաջնորդությանը»։ Ինչ խոսք, Եհովան սիրառատ Հայր է, որը միշտ մեր լավն է ուզում։ Եղբայրը շարունակեց. «Նա ուզում է, որ մենք հավիտյան ապրենք, և ամեն ինչ անում է մեր մասին հոգ տանելու համար»։ Այս դպրոցը սովորեցնում է մասնաճյուղի կոմիտեի անդամներին հետևել Եհովայի հիասքանչ օրինակին։

 

Լինդա Յոհանսոնը երկուսուկես տարի էր, ինչ մկրտված էր և մեկուկես տարի՝ ինչ ամուսնացած, երբ նրան 1958 թ.-ին հրավիրեցին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։ «Այնտեղ սովորում էինք շատ փորձառու և հասուն եղբայրների հետ,— ասում է քույր Յոհանսոնը։— Մտածում էի.... «Ես ի՞նչ եմ անում այստեղ»»։

 

Չնայած դրան՝ քույր Յոհանսոնը և իր ամուսինը կարողացան հաջողությամբ ավարտել դպրոցը ու նշանակվեցին միսիոներներ Մալավիում։ Երբ այդ երկրում Եհովայի վկաների դեմ կատաղի հալածանքը դադարեց, նա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց մի նախարարի հետ, ով նախկինում խիստ դեմ է եղել Վկաների գործունեությանը։ Այսօր նրա կինը, որդին և աղջիկը Եհովայի վկաներ են։

 

Հանրային քարոզչության նոր ծրագիր։

Քրիստոնյա զույգերի համար Աստվածաշնչյան դպրոցի չորս շրջանավարտներ և Նյու Յորքի շրջագայող վերակացուներից մեկը պատմեցին դեպքեր, որոնք տեղի են ունեցել իրենց հետ հասարակական վայրերում մարդկանց քարոզելիս։

 

Քաղաքի բանուկ հատվածներում Եհովայի վկա լիաժամ քարոզիչները տեղադրել են տաղավարներ և ցուցատախտակներ, որոնց վրա աստվածաշնչյան գրականություն է ցուցադրվում։ Անցորդները կարող են գրականություն վերցնել, իրենց հետաքրքրող աստվածաշնչյան հարցերն ուղղել և Աստվածաշնչի ուսումնասիրության ցանկություն հայտնել։

 

Վկաները մարդկանց քարոզելու այս մեթոդը փորձում են կիրառել Նյու Յորք քաղաքի այլ հատվածներում, ինչպես նաև Չիկագոյում և Լոս Անջելեսում։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում այս ծրագրի շնորհիվ մոտ 2 700 հոգի ցանկություն է հայտնել սկսելու Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։

 

Երեխաների երգչախումբը։

Բոլորի աչքերը թաց էին, երբ 17 երեխաներից բաղկացած երգչախումբը կատարեց «Լսի՛ր, հնազանդվի՛ր և օրհնվի՛ր» երգը «Գովերգենք Եհովային» երգարանից (երգ 120)։

 

Հետո եղավ վեց մասից բաղկացած ելույթաշար, որը ներկայացրին Կառավարիչ մարմնի անդամներ եղբայր Ջեքսոնը, Լյոշը, Փիրսը, Հերդը, Լեթը և Սփլեյնը։ Նրանք քննարկեցին ու վերլուծեցին Մատթեոս 24։45–47-ում արձանագրված Հիսուսի խոսքերը, որտեղ ասվում է.

 

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան»։

 

Ելույթաշարը պատասխանեց հետևյալ հարցերին.

 

Ե՞րբ Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառային» նշանակեց իր «տան անդամների վրա»։

Նկատի առնենք Մատթեոս 24-րդ գլխում արձանագրված Հիսուսի խոսքերի համատեքստը։ Ներքոհիշյալ խոսքերը պետք է իրականանային Հիսուսի ներկայության՝ «աշխարհի վախճանի» ժամանակ (համար 3)։

 

  • «Այդ օրերի նեղություն» (համար 29)։

  • «Այս սերունդը» (համար 34)։

  • Օրը և ժամը (համար 36)։

  • Տիրոջ գալու օրը (համար 42)։

  • «Այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (համար 44)։

 

Տրամաբանական է ուրեմն, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» ի հայտ էր գալու Քրիստոսի ներկայության ժամանակ, որը սկսվել է 1914 թ.-ից։

 

Դեռ ավելին Հիսուսը ընդգծեց, որ այս «ծառան» պետք է ի հայտ գար այն ժամանակ, երբ տրամաբանական կլիներ հարցնել՝ «ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։ Հիսուսի առաքյալները ստացել էին սուրբ ոգու գերբնական պարգևները, ուստի հարկ չկար նման հարց բարձրացնել առաջին դարում (1 Կորնթացիներ 14:12, 24, 25)։ Թեև նրանք օծված էին սուրբ ոգով, սակայն առաքյալները և առաջին դարի քրիստոնյաները «հավատարիմ և իմաստուն ծառան» չէին, որի մասին մարգարեացել էր Հիսուսը։

 

Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսը նշանակել է «հավատարիմ և իմաստուն ծառային» իր «տան անդամների վրա» իր ներկայության՝ «աշխարհի վախճանի» ժամանակ։

 

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։

Հիսուսը, «ծառա» ասելով, նկատի ուներ ոչ թե մի հոգու այլ մարդկանց խմբի, որոնք սերտորեն համագործակցելու էին որպես մի ամբողջություն։ Հիսուսը ասաց, որ ծառան (1) նշանակվել է վերակացու «[Տիրոջ] տան անդամների վրա» և (2) տան անդամներին տալիս է «կերակուրը.... ճիշտ ժամանակին»։

 

1919-ից սկսած՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում միշտ եղել է օծյալ քրիստոնյաների մի խումբ։ Նրանք վերահսկել են մեր համաշխարհային քարոզչական գործը և ուղղակիորեն ներգրավված են եղել հոգևոր սնունդ պատրաստելու և տրամադրելու մեջ։ Վերջին տարիներին այդ խումբը նույնացվում է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի հետ։

 

Այս ակնհայտ փաստերից կարելի է եզրակացնել, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» նշանակվել է Հիսուսի տան անդամների վրա 1919-ին։ Այդ ծառան օծյալ եղբայրներից բաղկացած մի փոքր խումբ է գլխավոր վարչությունում և անմիջականորեն կապ ունի Քրիստոսի ներկայության ընթացքում հոգևոր կերակուր պատրաստելու և տրամադրելու հետ։ Երբ այս խմբի անդամները սերտորեն համագործակցում են որպես Կառավարիչ մարմին, ապա նրանք գործում են որպես «հավատարիմ և իմաստուն ծառա»։

 

Ովքե՞ր են «տան անդամները»։

Հիսուսն ասաց, որ «իր տան անդամները» կստանան «կերակուր.... ճիշտ ժամանակին»։ Հիսուսի բոլոր անկեղծ հետևորդները կերակրվում են «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից։ Հետևաբար, Հիսուսի բոլոր աշակերտները՝ թե՛ օծյալ քրիստոնյաները, թե՛ «ուրիշ ոչխարները» իր «տան անդամներ» են (Հովհաննես 10:16

 

Երբ հռետորը ավարտեց Հիսուսի մարգարեության այս մասի բացատրությունը, ոգևորված ունկնդիրների ծափահարությունները ցնցեցին դահլիճը։ Ներկաներից ոմանք հետո արտահայտեցին իրենց խորին երախտագիտությունը, որ Հիսուսը իրենց համարում է իր «տան անդամներ»։

 

Ե՞րբ է Հիսուսը նշանակում ծառային «իր ողջ ունեցվածքի վրա»։

Հիսուսն ասաց, որ «երբ նրա տերը գա», ծառային կնշանակի «իր ողջ ունեցվածքի վրա»։ Ե՞րբ է Տերը՝ Հիսուսը, գալու։

 

«Գա» թարգմանված բառը հունարեն էրխոմայ բառի ձևերից մեկն է, որը հանդիպում է նաև 24 գլխի 42 և 44 համարներում, որտեղ Հիսուսը խոսում է որպես Դատավոր մեծ նեղության ժամանակ իր գալու մասին (Մատթեոս 24:30; 25:31, 32

 

Հետևաբար Հիսուսի կողմից ծառայի՝ նրա «ողջ ունեցվածքի վրա» նշանակումը նույնպես կլինի ապագայում։ Հիսուսը այդ նշանակումը կանի մեծ նեղության ժամանակ։

 

Ի՞նչն է Հիսուսի «ունեցվածքը»։

Հիսուսն ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթեոս 28:18)։ Ուստի Հիսուսի ունեցվածքի մեջ մտնում են ոչ միայն երկրի վրա իր Թագավորության շահերը, այլև իր Մեսիական Թագավորությունը (Փիլիպպեցիներ 2:9–11

 

Հետևաբար Հիսուսը կվարձատրի «հավատարիմ և իմաստուն ծառային»՝ հարություն տալով այս խմբի մեջ մտնող առանձին անդամներին երկնքում ապրելու համար և տալով նրանց իշխանություն իր ողջ ունեցվածքի վրա՝ թե՛ երկնային, թե՛ երկրային։ Այս նույն վարձատրությունը խոստացվել է բոլոր հավատարիմ օծյալ քրիստոնյաներին (Ղուկաս 22:28–30; Հայտնություն 20:6

 

Ելույթաշարի վերջին ելույթի ժամանակ հնչեց հատուկ հայտարարություն։ Մաթտեոս 28։20 համարում Հիսուսի քաջալերիչ խոսքերը կարդալուց հետո եղբայր Սփլեյնը ասաց. «Մենք վստահ լինելու մեկ ուրիշ պատճառ ևս ունենք։ Այն ամփոփված է 2013 թ. տարվա խոսքում։ Իսկ ո՞րն է այն։ Հեսու 1։9-ը. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... Քո Աստված Եհովան քեզ հետ է»։

 

Եղբայր Մորիսը իր եզրափակիչ խոսքում ասաց. «Հաջորդ տարի տարեկան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։ Ծրագրին վիդեո կապով կմիանան Միացյալ Նահանգների մի քանի համաժողովների սրահներ և այլ անգլախոս երկրներ։

Ծրագիրը կլինի միայն անգլերեն։ Այն չի թարգմանվի այլ լեզուներով։

 

Այս պատմական և ոգևորիչ ծրագրից հետո բոլոր ներկաները միասին երգեցին «Գովերգենք Եհովային» երգարանից «Լույսն ավելի է պայծառանում» երգը (համար 116)։ Ահա մի քառյակ այս երգից.

 

«Մեր Տերը տալիս է ձեռքով ծառայի

Ճիշտ ժամանակին մեր սնունդը։

Պայծառ է շողում լույսը ճշմարտության,

Հասնում է մինչև սրտի հունը»։