Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 133-րդ դասարանի ավարտական ծրագիրը

2012 թ. սեպտեմբերի 8, շաբաթ

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 133-րդ դասարանի ավարտական ծրագիրը

Հինգ ամիս ինտենսիվ դասընթացից հետո «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 48 ուսանողները ավարտեցին իրենց ուսումը, որը անցկացվում էր Եհովայի վկաների կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք)։ Ավարտականի այս միջոցառմանը եկել էին 9 694 հոգի՝ ընտանիքի անդամներ, ընկերներ և ուրիշներ՝ շրջանավարտներին ոգևորելու համար։

1943-ից ի վեր ավելի քան 8 000 փորձառու քարոզիչներ են կրթվել միսիոներական ծառայության անցնելու համար։ Այս դասընթացը ամրացնում է ուսանողների հավատը և օգնում է նրանց մշակելու հատկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն միսիոներական ծառայության տարբեր դժվարությունները հաղթահարելիս։ Նրանց գլխավոր դասագիրքը Աստվածաշունչն է։

«Խորությամբ մտածեք այն բաների մասին, որ սեր են առաջ բերում»։ Էնթոնի Մորիսը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, որը նաև ծրագրի նախագահողն էր, իր բացման խոսքերը հիմնեց Փիլիպպեցիներ 4:8 համարի վրա, որտեղ գրված է. «Ինչը որ սեր է առաջ բերում.... շարունակ այս բաների մասին մտածեք»։

Եղբայր Մորիսն ընդգծեց, որ սեր առաջ բերող բաների մասին մտածելը օգնում է դրական տրամադրվածություն պահպանել մի աշխարհում, որտեղ սեր չկա։ Նա ասաց. «Փնտրեք սեր առաջ բերող բաներ, մտածեք դրանց մասին և լավ հատկություններ դրսևորեք»։

Մեր երկնային Հայրը լավ օրինակ է թողել մեզ՝ չկենտրոնանալով մեր սխալների վրա (Սաղմոս 130:3)։ «Մի՛ կենտրոնացեք ձեր եղբայրների և քույրերի սխալների վրա,— հորդորեց եղբայր Մորիսը,— եղեք սիրառատ»։

«Գիտելիքներ ձեռք բեր, բայց մի՛ եղիր չափազանց իմաստուն»։ Հարոլդ Քորկերնը՝ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, ներկայացրեց Ժողովող 7։16 համարի վրա հիմնված այս թեման։ Աստված ուզում է, որ մեր գիտելիքները ճիշտ օգտագործենք և չմտածենք, որ դրանք մեզ մյուսներից ավելի լավն են դարձնում։

Եղբայր Քորկերնը նաև խոսեց այն մասին, որ անհրաժեշտ է սեր դրսևորել, երբ խորհուրդ կամ խրատ ենք տալիս։ Մյուսներից մենք չպետք է ակնկալենք ավելին, քան Եհովան է ակնկալում։ «Իմաստությունդ, գիտելիքներդ և հասկացողությունդ ճիշտ օգտագործիր,— ասաց եղբայր Քորկերնը,— և եղբայրներիդ դուր կգա քո ընկերակցությունը»։

«Մի՛ մոռացիր Աստծու գործերը» (Սաղմոս 78:7)։ Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը սկսեց իր ելույթը՝ բացատրելով, որ երեխայի պահվածքը՝ լավ թե վատ, անդրադառնում է ծնողների վրա (Առակներ 20:11)։ Նույն կերպով մեր վարքը անդրադառնում է մեր երկնային Հոր վրա։ «Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ» (1 Հովհաննես 3:10

Եղբայր Փիրսն ասաց, որ ուսանողները «Գաղաադ» դպրոցում սովորելու հրավեր են ստացել, որովհետև լավ հատկություններ են ունեցել, այդ թվում նաև խոնարհություն։ Նա հորդորեց նրանց մնալ խոնարհ։ Ստացած կրթությունը նրանց մյուսներից գերադաս չի դարձրել։ Ընդհակառակը՝ հիմա նրանք ավելի լավ կարող են նպաստել համաշխարհային եղբայրության միասնությանը՝ խոնարհության լավ օրինակ լինելով (Սաղմոս 133:1)։ «Հիմա ձեր մեջ դրված է այն հիմքը,— ասաց եղբայր Փիրսը,— որի վրա պետք է ավելացնեք ձեր գիտելիքները և ամրապնդեք ձեր փոխհարաբերությունը Եհովայի հետ»։

«Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»։ Ուիլյամ Սեմյուելսոնը՝ Աստվածապետական դպրոցների բաժնի վերակացուն, հետևյալ հարցն ուղղեց շրջանավարտներին. «Ի՞նչ պետք է անենք, երբ մեր ստացած նշանակումը այնքան էլ մեր սրտով չէ»։ Հարցի պատասխանը գտնում ենք Ղուկաս 17։7–10 համարներում. «Երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»»։ Մեր Տիրոջ՝ Եհովայի համեմատ մենք, կարելի է ասել, իսկապես «անպիտան» ենք։

Ուսանողները ամիսներ են անցկացրել դասասենյակներում կրթվելով։ Ոմանց համար դա գուցե դժվար է եղել։ «Բայց դուք արել եք այն, ինչ պարտավոր էիք անել,— ասաց եղբայր Սեմյուելսոնը,— ու հիմա կարող եք տեսնել, թե ինչ օգուտներ է այն բերել՝ նպաստելով ձեր հավատի աճին»։ Վերջում եղբայրն ամփոփեց իր ելույթը հետևյալ խոսքերով. «Որպես վստահելի ծառաներ՝ միշտ գնահատեք տիեզերքի Տիրոջը ծառայելու այս առանձնաշնորհումը»։

«Դժվար պահերին հիշիր, որ Եհովան կողքիդ է»։ Սեմ Ռոբերտսոնը՝ Աստվածապետական դպրոցների բաժնի վերակացուի օգնականը, ուսանողներին ասաց, որ կլինեն պահեր, երբ նրանք վհատեցնող իրավիճակում կհայտնվեն։ Նա հորդորեց այդ ժամանակ հիշել աստվածաշնչյան այն բազմաթիվ օրինակները, երբ Աստված հավաստիացրել է, որ կսատարի իր ծառաներին։ Օրինակ՝ Մովսեսը Հեսուին ասաց. «Եհովան.... երբեք չի լքի ու չի թողնի քեզ» (2 Օրենք 31:8)։ Իր կյանքի մայրամուտին Հեսուն համոզված ասաց. «Այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23:14

Եհովա Աստված խոստանում է իր ծառաներին. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (Եբրայեցիներ 13:5)։ Նա հավաստիացնում է մեզ, որ կգործի իր Եհովա անվան նշանակության համաձայն (նա դարձնում է) և կդառնա այն, ինչ պետք է իր ծառաների մասին հոգալու համար։ «Երբեք մի՛ հանձնվեք,— հորդորեց եղբայր Ռոբերտսոնը,— երբեք անձնատուր մի՛ եղեք և երբեք մի՛ սպառվեք, ու Եհովան երբեք, երբեք, երբեք չի թողնի ձեզ»։

«Նրանց ձայնը տարածվեց ողջ երկրով մեկ» (Հռոմեացիներ 10:18)։ «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարի օգնությամբ տարբեր երկրներից եկած ուսանողները բեմադրեցին այն հետաքրքիր դեպքերը, որ տեղի էին ունեցել նրանց հետ Պատերսոնի մոտակա տարածքներում քարոզելիս։ Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած ամուսինները անչափ ուրախացել էին, երբ հանդիպել էին իրենց համերկրացի երեք կանանց, և նրանց քարոզել էին զուլու և կոսա լեզուներով։ Իսկ Շրի Լանկայից եկած զույգը քարոզել էր մի հնդիկ տղամարդու, որի կինն ու աղջիկը ապրում են Շրի Լանկայում։ Այդ տղամարդը երբեք Աստվածաշունչ չէր տեսել, և ամուսինները սիրով նվիրել էին նրան իրենց գրքերից մեկը։

«Պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։ Ջին Սմալին, որն օգնում է գրական կոմիտեին, հարցազրույց անցկացրեց երկու շրջանավարտ զույգերի հետ։ Սիերա Լեոնեից եկած զույգը պատմեց, որ ամեն օր ջուր են կրել, քանի որ տանը հոսող ջուր չեն ունեցել։ Սակայն այդ դժվարությունն աննշան էր՝ համեմատած այն ուրախության, որ ստանում էին 50 աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնելուց։ Երկու զույգերն էլ արտահայտեցին իրենց գնահատանքը ստացած կրթության համար, որը պատրաստել է իրենց ամեն բարի գործի համար իրենց հետագա նշանակումներում (2 Տիմոթեոս 3:16, 17

«Համբերեք մինչև վերջ ու դեռ ավելին»։ Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը սկսեց գլխավոր ելույթը՝ բացատրելով, որ երկար տարածության մրցավազքում վազորդները այնպես են բաշխում իրենց ուժերը, որ հաջողությամբ ավարտեն մրցապայքարը։ Թեև սպորտում հաղթողը մեկն է լինում, սակայն քրիստոնեական մրցավազքում հաղթում են բոլոր նրանք, ովքեր համբերում են մինչև վերջ։

Համբերել նշանակում է շարունակել ծառայել Աստծուն առանց հույսը կորցնելու՝ չնայած խոչընդոտներին, հալածանքներին, փորձություններին կամ վհատեցնող հիասթափություններին։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ «ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (Մատթեոս 24:13)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան և Հիսուսը տեսնում են այն համբերությունը, որ դրսևորում ենք մենք։ Հետո եղբայր Լյոշը նշեց մի քանի քայլեր, որոնք կօգնեն, որ համբերենք՝ անկախ դժվարություններից։ Ահա դրանցից մի քանիսը.

  • Աղոթեք Աստծուն, որը մխիթարություն է տալիս և «ամեն օր կրում է մեր բեռը» (Հռոմեացիներ 15:5; Սաղմոս 68:19

  • Վճռեք հավատարիմ մնալ՝ համոզված լինելով, որ «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10:13

  • Մտքում միշտ վառ պահեք ձեր հույսը, քանի որ Հիսուսն էլ «իր առաջ դրված ուրախության համար.... տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (Եբրայեցիներ 12:2

Եղբայր Լյոշը ընդգծեց, որ հիմա, երբ այդքան մոտ ենք վերջնագծին, հանձնվելու ժամանակը չէ։ Ուստի «եկեք տոկունությամբ վազենք այն մրցավազքը, որ դրված է մեր առաջ» (Եբրայեցիներ 12:1

Ծրագրի վերջում շրջանավարտներից մեկը դասարանի անունից կարդաց երախտագիտության նամակ այն գործնական կրթության համար, որ ստացան դասընթացի ժամանակ։ Նամակում նշվում էր, որ Աստվածաշնչի մանրակրկիտ ժամանակագրական ուսումնասիրությունը ոչ միայն խորացրել է իրենց գիտելիքները և հասկացողությունը Աստծու նպատակների վերաբերյալ, այլև մեծապես զորացրել է իրենց հավատը։ «Մենք վճռել ենք կյանքի կոչել բոլոր այն լավ բաները, որ սովորեցինք այստեղ»։