Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ճամփորդություն ժամանակի միջով

Ճամփորդություն ժամանակի միջով

2012-ի հոկտեմբերին Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող մեր գլխավոր վարչությունում բացվել է նոր ցուցասրահ՝ նվիրված Եհովայի վկաների պատմությանը *։ Ցուցահանդեսում ներկայացված է այն պայքարը, վտանգները և հաղթանակները, որոնց միջով անցել են այն մարդիկ, ովքեր փորձել են ապրել որպես քրիստոնյաներ։

Այցելուները ասես ճամփորդում են ժամանակի միջով՝ սկսած մ.թ. 33-ից մինչև մեր օրերը։ Ցուցահանդեսը բաժանված է չորս առանձին սուրբգրային թեմա ունեցող բաժինների, որոնցով անցնում է ժամանակի ժապավենը։ Յուրաքանչյուր բաժնի սկզբում ներկայացվում է մի կարճ տեսանյութ, որը անգլերեն է, սակայն ունի ենթագրեր վեց տարբեր լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, կորեերեն, ճապոներեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։

Ցուցահանդեսի բաժինները

Առաջին բաժինը՝ «Մարդիկ խավարը սիրեցին», հիմնված է Հովհաննես 3։19-ում գրված Հիսուսի խոսքերի վրա։ Աստվածաշնչում մարգարեացվել է, որ չար մարդիկ «կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն» (Գործեր 20:30)։ Նման մարդկանց գործերի մասին սթափեցնող հիշեցումներ են փակցված ժամանակի ժապավենին։

Հաջորդ բաժնի թեման է «Թող լույսը ծագի», արտահայտություն, որը վերցված է 2 Կորնթացիներ 4:6-րդ համարից։ Ժամանակի ժապավենը ընդգրկում է 1800-ականներից մինչև վաղ 1900-ականներն ընկած ժամանակահատվածը։ Սկսում է այն ջանասեր մարդկանց պատմությունից, ովքեր նոր սկիզբ դրեցին Աստվածաշնչի ուսումնասիրությանը. մի կողմ թողեցին եղած պատկերացումները և թույլ տվեցին, որ Աստվածաշունչը բացատրի ինքն իրեն։ Այս բաժնում ներկայացվում է, թե ինչպես ավելացան նրանց գիտելիքները, և ինչպես մեծացավ նրանց թիվը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։

Բաժնի մյուս հատվածում ներկայացված է հայտնի «Արարչության լուսադրամա» տեսաժապավենը։ 1914-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները (այսպես էին կոչվում Եհովայի վկաները այդ ժամանակ) սկսեցին ցուցադրել այդ ժամանակների համար յուրօրինակ մի բան՝ ֆիլմաշար, որի ընթացքում շարժվող ու անշարժ պատկերները ցուցադրվում էին ձայնագրության հետ զուգահեռ։ Ֆիլմի պատրաստվելուց հետո տարիներ շարունակ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում այն դիտելու։ Ցուցասրահում ներկայացված են որոշ գեղարվեստական աշխատանքների բնօրինակներ, մի կարճ հատված ֆիլմի նախաբանից և ավելի քան 500 գունավոր սլայդներ։

Երրորդ բաժնի թեման՝ «Վիշապը զայրացավ», հիմնված է Հայտնություն 12:17 համարի վրա։ Այստեղ ներկայացված են 20-րդ դարի սկզբներին Քրիստոսի հետևորդների կրած հալածանքը և պատերազմների ժամանակ իրենց չեզոքությունը պահած քրիստոնյաների հոգեցունց պատմությունները։ Կա մի տեսանյութ մեր իտալացի եղբոր՝ Ռեմիջյո Կումինետիի մասին, որը հրաժարվել էր կրել զինվորական համազգեստ և կռվել Առաջին համաշխարհային պատերազմում։ Կա նաև ավստրիացի մեր եղբայր Ալոիս Մոզըրի մասին, ով հրաժարվեց ասել «հայլ Հիտլեր», ինչի համար էլ կորցրեց աշխատանքը և ի վերջո ուղարկվեց Դախաուի համակենտրոնացման ճամբար։

Մռայլ բանտախցի մի կրկնօրինակ ճշգրտորեն փոխանցում է այն պայմանները, որում գտնվում էին իրենց հավատի համար ազատազրկված Եհովայի վկաները Լեհաստանում, Հունաստանում, Ճապոնիայում և Սիբիրում։

Վերջին բաժինը՝ «Բարի լուր բոլոր ազգերի համար», հիմնված է Մատթեոս 24:14 համարի վրա։ Այստեղ ներկայացված է Եհովայի վկաների գործունեությունը 1950-ից մինչև մեր օրերը։ Մի շարք նկարներ պատկերում են այն արագ աճը, քարոզչական գործի տեմպը և եղբայրական սերը, որոնցով հայտնի են Եհովայի վկաները։

Վերջում՝ ցուցասրահից դուրս գալուց առաջ, այցելուները կարող են էլեկտրոնային հատուկ սարքերի միջոցով «շրջել» Աստվածաշնչի տանը և Բրուքլինի խորանում, շինություններ, որոնք ավելի քան 100 տարի ծառայել են Եհովայի վկաներին։

Ինչու է նման ցուցասրահ բացվել

Ցուցասրահի նախագծային աշխատանքները կատարվել են մեկ տարում, իսկ դրանք իրագործելու համար ամիսներ են պահանջվել։ Աշխարհի տարբեր երկրներից Վկաները տրամադրել են տարատեսակ իրեր, որոնք պատմական արժեքավոր ժառանգություն են մեզ համար։

Սակայն ինչի՞ համար է այս ամենն արվել։ Երբ հարցրին, թե ինչ օգուտ կստանան Եհովայի վկաները այս «ճամփորդությունից», Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը ի պատասխան կրկնեց մի հայտնի խոսք. «Իմանալու համար, թե ուր ենք գնում, պետք է իմանանք, թե որտեղից ենք գալիս»։

^ պարբ. 2 Ցուցասրահը գտնվում է Կոլումբիա Հայթս 25, Բրուքլին, Նյու Յորք հասցեում և բաց է երկուշաբթիից ուրբաթ ժամը 8-ից 17-ը։ Մուտքն անվճար է։