Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՄԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեսակապի ծառայություն ժողովի հանդիպումների համար

Տեսակապի ծառայություն ժողովի հանդիպումների համար

ՀՈՒՆԻՍԻ 26, 2020

Ամբողջ աշխարհում շատ կառավարություններ պահանջել են սոցիալական հեռավորություն պահպանել և հանրային հավաքույթներ չկազմակերպել։ Եհովայի վկաները պատրաստակամորեն հնազանդվում են այս պահանջներին՝ միևնույն ժամանակ շարունակելով իրենց հանդիպումները անվտանգ կերպով անցկացնել։ Այս ընթացքում նրանք իրենց հանդիպումներն անցկացրել են տեսակապի միջոցով՝ օգտագործելով այնպիսի հավելվածներ, ինչպիսին օրինակ, «Zoom»-ն է։

Ժողովի հանդիպումները կանոնավոր և ապահով կերպով անցկացնելու նպատակով Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ նվիրաբերված միջոցներով ժողովների համար ձեռք բերվեն «Zoom» հավելվածի հաշվեհամարներ։ Սա շատ մեծ օգնություն էր այն ժողովների համար, որոնք չէին կարող ամսական 15–20 դոլար կամ ավելի վճարել տեսակապի ծառայություններից օգտվելու համար։ Այս ժողովները նախկինում օգտվում էին այնպիսի անվճար հավելվածներից, որոնք քիչ թվով մարդկանց էին հնարավորություն տալիս մասնակցելու հանդիպումներին և չէին ապահովում դրանց անվտանգությունը։ Բոլոր այն ժողովները, որոնց տրամադրվել է «Zoom» հավելվածի վճարովի տարբերակի հաշվեհամար, հեշտությամբ վերահսկում են հանդիպումների անվտանգությունը։ Նաև հանդիպումներին կարողանում են մասնակցել մեծ թվով մարդիկ։ Ներկայումս 170 երկրներում գտնվող ավելի քան 65 000 ժողովներ օգտվում են այս հավելվածից։

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում գտնվող Մանադո քաղաքի «Կաիրագի» ժողովը տեսակապի անվճար հավելվածի փոխարեն սկսեց օգտագործել կազմակերպության տրամադրած «Zoom» հավելվածը։ Եղբայր Հեյդի Սանտոսոն ասում է. «Նույնիսկ այն եղբայրներն ու քույրերը, որոնք դժվարությամբ են օգտվում էլեկտրոնային սարքերից, կարողանում են առանց ընդհատումների մասնակցել հանդիպումներին, քանի որ այլևս ստիպված չեն մեկ հանդիպման ընթացքում մի քանի անգամ մուտքագրվել»։

Լեսթեր Խիխոն, որը երեց է ծառայում Էկվադորի Գուայաքիլ քաղաքի «Գուայականես Օեստե» ժողովում, ասում է. «Տնտեսական վիճակի պատճառով որոշ ժողովներ ֆինանսապես ի վիճակի չեն վճարել «Zoom» հավելվածի այն տարբերակի համար, որը հնարավորություն կտա ողջ ժողովին մասնակցել հանդիպումներին։ Իսկ այժմ այս նոր տարբերակի շնորհիվ մենք կարող ենք շատ մարդկանց հրավիրել մեր հանդիպումներին և չմտածել սահմանափակումների մասին»։

Ջոնսոն Մուանզան, որը որպես երեց է ծառայում Զամբիայի Լուսակա քաղաքի «Նգուերերե հյուսիսային» ժողովում, հետևյալն ասաց. «Շատ քույրեր և եղբայրներ ասում են, որ կազմակերպության այս նախաձեռնության շնորհիվ ոչ միայն ավելի են մտերմացել իրենց հավատակիցների հետ, այլև զգում են Եհովայի սերն ու հոգատարությունը»։

Կազմակերպությունը այս ծրագրի հաշվեհամարները ձեռք է բերել այն գումարով, որը հատկացված էր աղետից տուժածներին օգնություն տրամադրելուն։ Այդ միջոցները գոյացել են համաշխարհային գործի համար արված կամավոր նվիրատվություններից։ Նվիրատվությունների մեծ մասը արվում է donate.jw.org կայքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որոնց շնորհիվ ամբողջ աշխարհում օգնություն է տրամադրվում նաև աղետից տուժած մեր հավատակիցներին (2 Կորնթացիներ 8։14