ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Կանաչ» նախագծեր՝ հօգուտ մեր հավատակիցների և մեր մոլորակի
ԱՊՐԻԼԻ 1, 2025
Մենք՝ Եհովայի վկաներս, գիտենք, որ Աստված շատ շուտով քայլեր է ձեռնարկելու, որ փրկի մեր մոլորակը և վերացնի մարդկանց հասցրած վնասները (Հայտնություն 11։18)։ Բայց մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ խնամքով վերաբերվենք մեր մոլորակին։ Օրինակ՝ մեր շինություններում իրականացրել ենք, այսպես կոչված, «կանաչ» նախագծեր։
«Կանաչ» նախագծերը, կամ՝ «կանաչ» լուծումները այն ծրագրերն են, որոնց նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Եկեք տեսնենք, թե ինչ «կանաչ» նախագծեր են իրականացվել, և թե դրանք ինչպես են նպաստել, որ նվիրաբերված միջոցները ճիշտ օգտագործվեն։
Հովացման համակարգ համաժողովների սրահի համար
Մոզամբիկի Մատոլա քաղաքի համաժողովների սրահը, որը բոլոր կողմերից բաց մի կառույց է, սկզբում ուներ մետաղյա թիթեղներով կառուցված մի պարզ տանիք։ Մետաղյա ծածկը արևից տաքանում էր, և ջերմությունը թափանցում էր լսարան, ինչի պատճառով շատ շոգ էր լինում։ Տեղի եղբայրներից մեկը պատմում է. «Այնքան տոթ էր լինում, որ քրտնում էինք։ Եվ հենց ծրագիրը ավարտվում էր, բոլորը դուրս էին վազում՝ թարմ օդ շնչելու և զովանալու»։ Ի՞նչ կարելի էր անել, որ մեր եղբայրներն ու քույրերը ծրագիրը լսելու ավելի նպաստավոր պայմաններ ունենային։
Որոշվեց կիրառել շրջակա միջավայրի համար անվնաս լուծումներ. քամու ուժով աշխատող հովհարիչներ տեղադրվեցին և ջերմամեկուսացում իրականացվեց։ Ջերմամեկուսիչ շերտի շնորհիվ արևի ջերմությունը ավելի քիչ է ներթափանցում լսարան, իսկ հովհարիչները թարմ օդի մշտական ներհոսք են ապահովում։ Էլեկտրական հոսանք չպահանջող այդ հովհարիչները պտտվում են քամու ուժի և վեր բարձրացող տաք օդի շնորհիվ և դուրս են մղում լսարանում կուտակված ծանր օդը։ Այս հովհարիչների մեկ հատի արժեքը 50 դոլար է։ a
Քամու ուժով աշխատող հովհարիչներ (Մատոլա քաղաքի համաժողովների սրահ)
Այս լուծումները զգալիորեն բարելավեցին համաժողովների սրահի օդի որակը։ Այժմ ներսում օդն այլևս կանգնած չէ, ուստի խոնավությունն էլ է քիչ, և շատ բորբոս չի առաջանում։ Նաև առաջվա պես շատ ածխաթթու գազ չի կուտակվում, և առատ թթվածին է լինում։ Դրա շնորհիվ ներկաների համար ավելի հաճելի միջավայր է ստեղծվում, ու նրանք ավելի սթափ են մնում։ Եղբայրը, ում խոսքերը մեջբերվեցին սկզբում, ասում է. «Այժմ ծրագրի ավարտից հետո անմիջապես դուրս չենք վազում։ Ընդմիջումներին էլ մնում ենք ներսում և շփվում միմյանց հետ։ Տանիքի նոր համակարգերի տեղադրումից հետո այնպիսի զգացողություն ունենք՝ ասես նստած ենք մի մեծ փարթամ ծառի տակ»։
Այժմ մեր եղբայրներն ու քույրերը ավելի հաճույքով են լսում համաժողովների ծրագիրը
Օգտվում ենք էներգիայի անսպառ աղբյուրից
Աշխարհի տարբեր մասերում գտնվող մեր շինություններում տեղադրվել են ֆոտովոլտային համակարգեր։ Այս համակարգերի գլխավոր բաղադրիչները արևային վահանակներն են, որոնք էներգիայի անսպառ աղբյուրից՝ արևից, կլանում են լույսը և վերածում էլեկտրականության։ Այդպիսով՝ հանածո վառելանյութից ստացվող էներգիայից ավելի քիչ կախում ենք ունենում։ Ֆոտովոլտային համակարգերը գրեթե չեն աղտոտում շրջակա միջավայրը և օգնում են խնայել նվիրաբերված միջոցները։
2023 թ.-ին ֆոտովոլտային համակարգ տեղադրվեց Սլովենիայի մասնաճյուղում։ Այն ապահովում է մասնաճյուղում օգտագործվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը։ Իսկ երբ գա մի պահ, որ համակարգը արտադրի ավելի շատ էլեկտրաէներգիա, քան պետք է մասնաճյուղին, ավելցուկը կարող է փոխանցվել տեղի համայնքի էլեկտրացանցին։ Ֆոտովոլտային այս համակարգը 360 000 դոլար արժեցավ։ Բայց քանի որ այժմ մասնաճյուղը ավելի քիչ է վճարում էլեկտրաէներգիայի համար, 4 տարում համակարգը կծածկի իր ծախսը։
Սլովենիայի մասնաճյուղը
2024 թ.-ին Շրի Լանկայի մասնաճյուղում էլ տեղադրվեց ֆոտովոլտային համակարգ, ինչպես նաև մի մեծ մարտկոց։ Համակարգը արժեցավ մոտ 3 միլիոն դոլար։ Այն արտադրում է մասնաճյուղին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 70 տոկոսը և 3 տարում կփակի իր ծախսը։ Այդ նույն տարվա մեջ ֆոտովոլտային համակարգ տեղադրվեց նաև Նիդերլանդների մասնաճյուղում։ Համակարգն արժեցավ 1,1 միլիոն դոլար։ Այն արտադրում է մասնաճյուղին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 35 տոկոսը և 9 տարում կփակի իր ծախսը։
Նիդերլանդների մասնաճյուղը
Ֆոտովոլտային համակարգեր են տեղադրվել նաև Մեքսիկայի տարբեր հեռակա թարգմանչական գրասենյակներում։ Այդպիսի օրինակ է Տարահումարե (կենտրոնական) լեզվի թարգմանչական գրասենյակը, որը գտնվում է Չիուաուայում։ Ձմռանը ջերմաստիճանը 0°C-ից (32°F) ցածր է լինում, իսկ ամռանը երբեմն անցնում է 40°C-ից (104°F)։ Քանի որ այնտեղ էլեկտրաէներգիայի սակագինը բավականին բարձր է, եղբայրները գրեթե չէին օգտագործում ջեռուցման և հովացման համակարգերը։ Թարգմանչական գրասենյակում ծառայող մի եղբայր՝ Ջոնաթանը, ասում է. «Ձմռանը մենք տաք էինք հագնվում և մեզ վրա ծածկոց գցում, իսկ ամռանը բացում էինք պատուհանները»։
2024 թ.-ին այդ գրասենյակում տեղադրվեց ֆոտովոլտային համակարգ։ Այն արժեցավ 21 480 դոլար։ Սակայն համակարգի շնորհիվ գումար կխնայվի, և հինգ տարում լիովին կփակվի դրա ձեռքբերման ծախսը։ Այնտեղ ծառայող մեր հավատակիցները այժմ կարող են ավելի հաճախ օգտագործել ջեռուցման և հովացման համակարգերը։ Ջոնաթանն ասում է. «Այժմ մեր պայմաններն ավելի հարմարավետ են, և մենք ավելի արդյունավետ ենք աշխատում։ Բացի այդ՝ հաճելի է իմանալ, որ մեր կազմակերպության միջոցները իմաստնորեն են օգտագործվում, և հնարավորինս քիչ վնաս է հասցվում շրջակա միջավայրին»։
Տարահումարե (կենտրոնական) լեզվի թարգմանչական խումբն այժմ աշխատում է ավելի հարմարավետ պայմաններում
Հավաքում ենք անձրևաջրերը
Աֆրիկայում որոշ Թագավորության սրահներ չունեն մշտական ջուր։ Այդ պատճառով եղբայրները ստիպված են լինում Սրահից մի քանի կիլոմետր հեռու գնալ, որ ջուր բերեն։ Այլ Սրահներում եղբայրները գնում են ջուրը, որը վաճառվում է մեծ մեքենաներով, բայց այդ միջոցը թանկ է և վնաս է հասցնում շրջակա միջավայրին։
Եղբայրներին ջրով ապահովելու համար Աֆրիկայի շատ Թագավորության սրահներում տեղադրվել են ջրհորդաններ և մեծ բաքեր։ Բայց նախքան այդ ամենը տեղադրելը եղբայրները ուսումնասիրում են տեղի միկրոկլիման, որպեսզի տվյալ տարածքի համար առավելագույնս արդյունավետ ջրհավաք համակարգ նախագծեն։ Սրահները այսպիսի համակարգով համալրելու համար սովորաբար ծախսվում է 600-ից 3 000 դոլար։ Սակայն դրանց տեղադրումը շատ դեպքերում կրճատում է Թագավորության սրահների շահագործման ծախսը, քանի որ եղբայրները ջրի համար այլևս գումար չեն վճարում։
Ջրի բաք՝ Ֆուտադիջաբայի Թագավորության սրահում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Ջրհավաք համակարգերը մեծ օգուտներ են բերել մեր հավատակիցներին։ Մոզամբիկից Նոեմիա անունով մի քույր ասում է. «Նախկինում մենք երկար ճանապարհ էինք անցնում, որ ջուր բերեինք։ Եվ երբ Սրահ էինք հասնում, արդեն հոգնած և ուժասպառ էինք լինում։ Ջրի սղության պատճառով չէինք կարողանում, ինչպես հարկն է, հիգիենա պահպանել։ Այժմ բոլորը կարող են լվանալ իրենց ձեռքերը։ Բացի այդ՝ հիմա շատ չենք հոգնում և հաճույքով լսում ենք ծրագիրը։ Անչափ շնորհակալ ենք»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի քույր իր որդու հետ եկել է լվացվելու հավաքված անձրևաջրերով
Ինչպե՞ս են ծածկվում այս «կանաչ» նախագծերի ծախսերը։ Համաշխարհային գործի համար արվող նվիրատվություններով, որոնցից շատերն իրականացվում են donate.jw.org կայքում առկա մեթոդներից որևէ մեկով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների համար։
a Բոլոր տեղերում խոսքը ԱՄՆ դոլարի մասին է։

