Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աղետից տուժածներին օգնելու գործը 2021 թ.-ին։ Մենակ չենք թողնում մեր քույրերին ու եղբայրներին

Աղետից տուժածներին օգնելու գործը 2021 թ.-ին։ Մենակ չենք թողնում մեր քույրերին ու եղբայրներին

ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2022

 2021 թ. ծառայողական տարվա * ընթացքում աշխարհը շարունակում էր գտնվել COVID-19 համավարակի ճիրաններում։ Ինչպես ներկայացվեց «Համաշխարհային օգնություն աշխարհավարակի ընթացքում» հոդվածում, մենք միլիոնավոր դոլարներ * ենք ծախսել համավարակից տուժածներին օգնելու համար և կազմել ենք աղետից տուժածներին օգնելու ավելի քան 950 կոմիտեներ։

 Համավարակին զուգահեռ աշխարհում մոլեգնում էին նաև տարբեր աղետներ՝ բնական, թե մարդածին, որոնցից տուժել են նաև մեր հավատակիցները։ Ուստի Կառավարիչ մարմնի կոորդինատորների կոմիտեն հավանություն տվեց, որ COVID-19 համար նախատեսված օգնությունից բացի՝ ավելի քան 200 այդպիսի աղետների համար ծախսվի ևս 8 միլիոն դոլար։ Տեսնենք, թե ինչպես են ձեր նվիրատվությունները օգտագործվել վերջերս տեղի ունեցած երկու աղետներից տուժածներին օգնելու համար։

Նյիրագոնգո հրաբխի ժայթքումը

 2021 թ. մայիսի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսեց ժայթքել Նյիրագոնգո հրաբուխը։ Լավայի հոսքը ավերեց տներ, դպրոցներ և մի ջրամբար: Սակայն լավան միակ վտանգը չէր: Ժայթքումից օրեր անց հրաբխային թունավոր փոշին իջավ Գոմա քաղաքի վրա։ Տասնյակ փոքր երկրաշարժեր գրանցվեցին։ Քաղաքի կեսից ավելիին տարհանելու հրաման տրվեց։ Հարյուր հազարավոր մարդիկ փախան, ոմանք անցան սահմանից այն կողմ՝ Ռուանդա։

Թագավորության սրահներից մեկում աղետից տուժածներին օգնելու կոմիտեն վարսակի շիլա է բաժանում

 Տարհանվածների թվում էին նաև մոտ 5 000 Եհովայի վկաներ։ Ոմանք իրենց տները կորցրին ժայթքման պատճառով, մյուսներն էլ՝ իրենց ունեցվածքը, քանի որ նրանց տները կողոպտվեցին փախուստից հետո: Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության աղետից տուժածներին օգնելու կոմիտեները կոորդինացրել են աջակցություն տրամադրելու աշխատանքները: Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղը տեղեկացնում է. «Քաղաքում քաոսային իրավիճակ էր տիրում։ Սակայն նույնիսկ նախքան տարհանման հրամանը, կոմիտեի որոշմամբ մեր հավատակիցներին բաժանվեց սնունդ, ջուր, հագուստ և անկողին»: Մի քաղաքում, որտեղ հավաքվել էին ավելի քան 2 000 եղբայրներ ու քույրեր, աղետից տուժածներին օգնելու կոմիտեն վրաններ կանգնեցրեց, դիմակներ բաժանեց և բացատրեց, թե ինչպես նվազեցնել COVID-19-ով և խոլերայով վարակվելու ռիսկը։

Սննդի պարկերը կշռում են, նախքան դրանք տարհանված Վկաներին բաժանելը

 Աղետին հաջորդած երեք ամիսների ընթացքում մեր եղբայրները բաշխեցին ավելի քան վեց տոննա բրինձ, վեց տոննա եգիպտացորենի ալյուր, երեք տոննա ձեթ և երեք տոննա ջուր։ Դրամական միջոցները խնայելու համար մասնաճյուղը արտերկրից ավելի թանկ սնունդ պատվիրելու փոխարեն գնեց մեծ քանակությամբ տեղական սնունդ։

 «Մենք շատ վհատված էինք և տխուր»,— պատմում է մի քույր, որի նորակառույց տունը ավերվել էր հրաբխից։ Բայց հետո նրա ընտանիքը նյութական և հոգևոր աջակցություն ստացավ։ Նա ասում է. «Եհովայի օգնությամբ մենք դեռ ունենք այն, ինչ անհրաժեշտ է մեզ։ Մենք տեսանք, թե ինչպես է Եհովան կրում մեր բեռը և հեշտացնում մեր գործը»։

Վենեսուելայի տնտեսական ճգնաժամը

 Տարիներ շարունակ Վենեսուելան տնտեսական մեծ ճգնաժամի մեջ է գտնվում։ Մեր եղբայրները նեղություններ են կրում դժվար կենսապայմանների, սննդի պակասի և հանցագործության աճի պատճառով։ Սակայն Եհովայի կազմակերպությունը նրանց մենակ չի թողել։

Բեռնվում են բրնձի պարկեր Վենեսուելայի տարբեր շրջաններ առաքելու համար

 Անցած ծառայողական տարվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն դոլար է ծախսվել կարիքավոր ընտանիքներին սնունդ և օճառ տրամադրելու համար։ Վենեսուելայի մասնաճյուղն ասում է, որ ամեն ամիս երկրի չորս անկյուններ 130 տոննա սնունդ տեղափոխելը հեշտ գործ չէ։ Որպեսզի սնունդը չփչանա, եղբայրները հաճախ ուղարկում են այնպիսի մթերք, որն ավելի երկար կյանք ունի։ Մասնաճյուղն ավելացնում է. «Հիմնականում սեզոնին հատուկ բանջարեղեն ու մրգեր ենք ձեռք բերում և մեծ քանակությամբ, քանի որ այդպես էժան է։ Հետո տեղափոխում ենք դրանք ամենամատչելի ձևով»։

Վառելիքի խիստ պակասի և տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով երիտասարդ եղբայրները հեծանիվով 18 կիլոմետր (11 մղոն) ճանապարհ են անցնում՝ իրենց ժողովին սնունդ հասցնելու համար

 Լեոնելը, ով աղետից տուժածներին օգնելու կոմիտեի անդամ է Վենեսուելայում, շատ է սիրում է իր նշանակումը։ «Այս աշխատանքը յուրահատուկ է,— ասում է նա:— Այս առանձնաշնորհումն ինձ շատ է քաջալերել այն ժամանակից ի վեր, երբ COVID-19-ից մահացավ իմ սիրելի կինը։ Ես շարունակում եմ զբաղված մնալ և օգտակար գործեր անել կարիքի մեջ գտնվող իմ հավատակիցների համար։ Անձամբ եմ զգացել, թե ինչպես է Եհովան պահում իր ժողովրդին չլքելու խոստումը»։

 Աջակցություն ստացողների թվում էր նաև մի եղբայր, ով նախկինում ծառայել էր աղետից տուժածներին օգնելու կոմիտեում։ Նա ասում է. «Եկել էր օգնություն ստանալու իմ հերթը։ Մեզ ոչ միայն նյութապես օգնեցին, այլև հոգևորապես։ Եղբայրները օգնեցին, որ ես ու կինս չկորցնենք մեր ներքին խաղաղությունը, մխիթարեցին ու քաջալերեցին մեզ»։

 Աղետները հիմնականում տեղի են ունենում անսպասելի։ Սակայն Եհովայի կազմակերպությունը կարողանում է արագ ձեռք բերել օգնության համար ամեն անհրաժեշտ բան՝ շնորհիվ համաշխարհային գործի համար արված ձեր նվիրատվությունների։ Նվիրատվություն անելու որոշ կերպեր կարող եք գտնել donate.jw.org կայքում։ Մենք գնահատում ենք ձեր առատաձեռնությունը։

^ 2021 թ. ծառայողական տարին սկսվել էր 2020 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2021 թ. օգոստոսի 31-ին։

^ ԱՄՆ դոլար