Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միջուկային պատերազմի մասին
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի սպառնալիքի առաջ, քանի որ խոշոր տերությունները շարունակ ընդլայնում են իրենց միջուկային զինանոցը։ Այս իրավիճակը, բնականաբար, խիստ անհանգստացնում է մարդկանց։ Նրանք մտահոգվում են, որ ինչքան միջուկային զենքերը շատանան, այնքան կմեծանա միջուկային պատերազմի բռնկման վտանգը։ Նաև մտավախություն կա, որ անգամ փոքրամասշտաբ միջուկային զենքի կիրառումը աշխարհածավալ միջուկային պատերազմ կբորբոքի, ինչն էլ կամայացնի ողջ երկրագունդը։ Ինչպես նշվում է «Ատոմային գիտնականների տեղեկագրում», մենք ապրում ենք «միջուկային պատերազմի մշտական սպառնալիքի ներքո» (Bulletin of the Atomic Scientists)։
Իսկապես հնարավո՞ր է, որ միջուկային պատերազմ սկսվի։ Եթե այո՛, մեր մոլորակը կոչնչանա՞։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել միջուկային պատերազմի վախը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Այս հոդվածում՝
Աստվածաշնչում մարգարեացված Արմագեդոնը միջուկային պատերա՞զմ է
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում խոսվո՞ւմ է միջուկային պատերազմի մասին
Աստվածաշնչում մարգարեացվե՞լ է միջուկային պատերազմի մասին
Աստվածաշնչում կոնկրետ հիշատակում չկա միջուկային պատերազմի մասին։ Սակայն այնտեղ նախապես գրվել է իրադարձությունների և մարդկանց բնորոշ հատկանիշների ու վարքագծի մասին, որոնք այսօր ավելի են ուժգնացնում միջուկային պատերազմի սպառնալիքը։
Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան հետևյալ մտքերին և համեմատեք դրանք ներկայիս իրականության հետ։
Աստվածաշնչյան համարներ։ Հիսուսի աշակերտները հարցրին. «Ո՞րն է լինելու քո ներկայության և այս աշխարհի վախճանի ժամանակների նշանը»: Հիսուսն էլ պատասխանեց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։3, 7)։
Ներկայիս իրականությունը։ Տարբեր երկրներ, ներառյալ միջուկային ներուժ ունեցողները, գնալով ավելի հաճախ են ներքաշվում զինված հակամարտությունների մեջ։
«Վերջին տարիներին աշխարհն ավելի վայրագ է դարձել. հակամարտությունների ցուցանիշները զգալիորեն բարձրացել են» (The Armed Conflict Location & Event Data Project)։
Աստվածաշնչյան համար. «Վերջի ժամանակում հարավի թագավորը հակամարտության մեջ կմտնի հյուսիսի թագավորի հետ» (Դանիել 11։40)։
Ներկայիս իրականությունը։ Ինչպես և նախապես ասվել է Աստվածաշնչում, հակամարտող ազգերն ու նրանց դաշնակիցները շարունակ մրցակցում են գերակա դիրք ձեռք բերելու համար։ Ներկայիս խոշորագույն միջուկային տերությունները թեև գուցե խուսափում են անմիջական բախումներից, բայց շարունակում են ընդլայնել ու զարգացնել իրենց միջուկային զինանոցը։
«Վերջին տասնամյակում նկատվում է պետությունների միջև հակամարտությունների աճի տենդենց։ Քիչ չեն այն դեպքերը, երբ գերտերությունները աջակցում են հակամարտող կողմերին» (The Uppsala Conflict Data Program)։
Աստվածաշնչյան համարներ. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ կլինեն. մարդիկ կլինեն.... համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան» (2 Տիմոթեոս 3։1-3)։
Ներկայիս իրականությունը։ Շատ մարդկանց պես՝ աշխարհի ղեկավարներն էլ հաճախ դժվարանում են մեկ հայտարարի գալ։ Տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու փոխարեն նրանք փորձում են հարցերը լուծել սպառնալիքների և բռնի ուժի միջոցով։ Նման մոտեցումը միմիայն մեծացնում է միջուկային պատերազմի վտանգը։
«Եթե գործնական քայլեր չձեռնարկվեն համագործակցությունը բարելավելու ուղղությամբ, հակամարտությունները գնալով ավելի մահասփյուռ կդառնան» (Սամիր Սարան և Ջեյն Հարման, Համաշխարհային տնտեսական ֆորում)։
Աստված թույլ կտա՞, որ միջուկային պատերազմ սկսվի
Աստվածաշնչում դրա մասին կոնկրետ բան չի ասվում։ Բայց այնտեղ նշվում է, որ մեր օրերում «ահազդու բաներ», այսինքն՝ սարսափեցնող իրադարձություններ կլինեն (Ղուկաս 21։11)։ Այդպիսիք եղան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ատոմային ռումբեր գործարկվեցին։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու է Աստված հանդուրժում պատերազմները։ Ավելին իմանալու համար դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։
Երկիր մոլորակը կոչնչանա՞
Ո՛չ։ Եթե անգամ մարդիկ նորից գործի դնեն միջուկային զենքեր, Աստված թույլ չի տա, որ իրավիճակը այն աստիճան սրվի, որ ողջ մարդկությունն ու երկրագունդը ոչնչանան։ Աստվածաշնչում ասվում է, որ չնայած մեր մոլորակի գլխին կախված լուրջ սպառնալիքներին՝ այն ոչ միայն չի կործանվի, այլև մարդկության հավիտենական բնակավայրը կլինի։
Որոշ մարդկանց պատկերացումներով՝ ապագայում երկիրը ռադիոակտիվ տեղումներից աղտոտված ամայի վայր կդառնա, և վերապրած փոքրաթիվ մարդկությունը կփորձի մի կերպ գոյատևել այնտեղ։ Մինչդեռ Աստվածաշունչը հայտնում է, որ պատերազմների հետևանքով երկրին հասցված վնասը լիովին կչեզոքացվի։
Աստված ուզում է, որ խաղաղ ու երջանիկ ապրենք գեղեցիկ երկրագնդի վրա
Մեր Արարիչը Երկիր մոլորակը ստեղծել է ինքնավերականգնման ապշեցուցիչ կարողությամբ։ Բացի այդ՝ նա խոստանում է գործի դնել իր զորությունը՝ երկրի վրա ամեն բան վերականգնելու համար։ Այն առհավետ կլինի մարդկության հրաշագեղ տունը (Սաղմոս 37։11, 29; Հայտնություն 21։5)։
Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել միջուկային պատերազմի վախը
Ոմանց տանջում է միջուկային պատերազմների և դրա հետևանքների հետ կապված տագնապալից վախը։ Աստվածաշնչյան խոստումներն ու խորհուրդները կարող են օգնել այդպիսի վախեր ունեցող մարդկանց հնարավորինս ազատվել նման զգացումներից։ Ինչպե՞ս։
Աստվածաշնչից իմանում ենք, որ Երկիր մոլորակին և դրա բնակիչներին պայծառ ապագա է սպասում։ Այդ հույսը կարող է «խարիսխ լինել» մեր կյանքում՝ օգնելով, որ չափից շատ չսասանվենք տագնապի փոթորիկներից (Եբրայեցիներ 6։19, ծնթ.)։ Մեր անհանգստությունը կնվազեցնենք նաև, եթե զբաղվենք միայն տվյալ օրվա խնդիրներով ու չափից շատ չտարվենք ապագայի հետ կապված ենթադրություններով։ Ինչպես ասել է Հիսուսը, «օրվա հոգսը արդեն իսկ բավական է» (Մատթեոս 6։34)։
Առհասարակ կարևոր է, որ բոլորս էլ հոգ տանենք մեր մտային ու զգացական առողջության մասին։ Հարկավոր է հնարավորինս պաշտպանել մեր միտքը տագնապ առաջացնող տեղեկություններից, օրինակ՝ միջուկային բնագավառի վերջին զարգացումների վերաբերյալ քննարկումներից, կանխատեսումներից և կարծիքներից։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է աչք փակենք իրականության վրա։ Պարզապես ցանկանում ենք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որ մեր միտքը չափից շատ չկենտրոնանա այն բաների վրա, որոնք դուրս են մեր վերահսկողությունից և գուցե երբեք էլ տեղի չունենան։
Վատ լուրերից ընդմիջում արեք և կենտրոնացեք ձեր կյանքում եղած լավ բաների վրա։
Աստվածաշունչը լավ ապագայի հիմնավոր հույս է տալիս
Աստծու խոստումների մասին ավելին իմանալով՝ հույս, ուրախություն և ներքին խաղաղություն ձեռք կբերեք։
Աստվածաշնչում մարգարեացված Արմագեդոնը միջուկային պատերա՞զմ է
Ոմանց կարծիքով գալիք Արմագեդոնը իրականում համաշխարհային միջուկային պատերազմ է։ Եվ, բնականաբար, նրանք պատկերացնում են, որ այդ գլոբալ արհավիրքը անդառնալի հետևանքների է հանգեցնելու։
Սակայն Աստվածաշունչը «Արմագեդոն» a բառով նկարագրում է այն պատերազմը, որ տեղի է ունենալու Աստծու և «ողջ երկրի թագավորների»՝ մարդկային կառավարությունների միջև (Հայտնություն 16։14, 16)։ Արմագեդոնի ժամանակ տեղի չի ունենա մարդկանց անխտիր ոչնչացում և երկրի համատարած ամայացում, ինչպիսին կլիներ մարդածին միջուկային աղետի դեպքում։ Աստված կոչնչացնի միայն չարերին՝ հարատև խաղաղության և անվտանգության դուռ բացելով հնազանդ մարդկության առաջ (Սաղմոս 37։9, 10; Եսայիա 32։17, 18; Մատթեոս 6։10)։
Համաձայն Աստվածաշնչի՝ ինչպե՞ս է վերջ դրվելու պատերազմներին
Եհովա b Աստված, գործի դնելով իր մեծ իշխանությունը, վերջ կտա հակամարտող ազգերի միջև բախումներին և կոչնչացնի բոլոր զենքերը։ Նա կանի դա իր թագավորության՝ երկնային կառավարության միջոցով, որն իր ձեռքը կվերցնի ողջ երկրագնդի ղեկավարումը (Դանիել 2։44)։
Աստծու թագավորությունը մարդկանց կսովորեցնի ապրել հաշտ ու խաղաղ։ Քանի որ ողջ երկրագունդը կղեկավարվի միայն մեկ կառավարության կողմից, ազգամիջյան բոլոր տարաձայնությունները իսպառ կվերանան։ Դեռ ավելին, մարդիկ չեն էլ «սովորի պատերազմել» (Միքիա 4։1-3)։ Ի՞նչ կլինի արդյունքը։ «Ամեն մեկն իր խաղողի վազի ու թզենու տակ կնստի, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։4)։
a Հավելյալ մանրամասների համար կարող եք ընթերցել «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը։
b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Ընթերցեք «Ո՞վ է Եհովան» հոդվածը։