ԻԲՈՅԱ ԲԱՐՏԱ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Առանց խոսքի» շահեցի ամուսնուս
Շատ բաներ կան, որ ինձ ձգել են դեպի Եհովան։ Ինձ խորապես տպավորել է Վկաների սերն ու ջերմությունը, աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելու նրանց մոտեցումը։ Ոգևորությանս չափ չկար, երբ իմացա, որ Աստծու համար մարդիկ իսկապես կարևոր են, և որ նա հրաշալի ապագա է պատրաստել նրանց համար։ Սակայն ամուսինս չէր կիսում իմ ոգևորությունը։ Նա բոլորովին այլ կերպ արձագանքեց, ու դրա պատճառով ես մեծ դժվարությունների բախվեցի։
Մեր ամուսնության օրը
Ծնվել եմ 1952 թ.-ին Ռումինիայում։ Մայրս Եհովայի վկա էր, բայց ակտիվ չէր ճշմարտության մեջ, ուստի ես չէի գնում ժողովի հանդիպումներին։ Բացի այդ՝ Ռումինիան կոմունիստական երկիր էր, և Վկաների գործունեությունը՝ տպագրությունն ու քարոզչությունը, արգելված էր։ Կարելի է ասել, որ 36 տարի չեմ իմացել, թե Եհովան ով է, ու թե Աստվածաշունչը իրականում ինչ է սովորեցնում։ Սակայն 1988 թ.-ին Սատու Մարեում, որտեղ ես ապրում էի ամուսնուս՝ Իշվանի հետ, տեղի ունեցավ մի բան, ինչն ամբողջությամբ փոխեց կյանքս։
Առաջարկ, որը չէի կարող մերժել
Մի օր մայրս եկավ ինձ այցելության ու ասաց. «Գնալու եմ մորաքրոջդ տեսնելու։ Կգա՞ս հետս։ Հետո կարող ենք միասին շրջել խանութներով»։ Քանի որ ծրագրած ոչ մի բան չունեի, համաձայնեցի։
Երբ գնացինք մորաքրոջս տուն, իմացա, որ նրա տանը Վկաների ժողովի հանդիպում է անցկացվում, որին ներկա էր ինը հոգի։ Այդ ժամանակ պարզեցի նաև, որ մայրս նորից ակտիվ ու եռանդուն Վկա է դարձել։ Այն, ինչ լսեցի այդ առավոտ, խոր ու անմոռանալի հետք թողեց ինձ վրա։
Հանդիպման ավարտից հետո անցկացնողը մոտեցավ ինձ ու ասաց. «Ես Յանոշն եմ։ Նկատեցի, որ ուշադիր լսում էիք։ Ձեզ դուր եկա՞վ»։ Ասացի, որ նախկինում երբեք նմանատիպ հանդիպման չեմ մասնակցել և կուզեմ նորից գալ։ Նա հարցրեց. «Իսկ կցանկանա՞ք Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Դա մի առաջարկ էր, որը չէի կարող մերժել։ Հասկացա, որ Աստված է ինձ հանդիպեցրել այդ մարդկանց հետ։
Հաջորդ օրը Յանոշը ինձ ծանոթացրեց Իդայի հետ, և մենք սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բայց ես մտավախություններ ունեի. չգիտեի, թե Իշվանն ինչպես կարձագանքի, երբ իմանա, որ ուսումնասիրում եմ Վկաների օգնությամբ։ Մի քանի անգամ փորձեցի խոսել նրա հետ, բայց ապարդյուն։ Հասկացա, որ նրան դուր չի գալիս այն, ինչ անում եմ։
Բայց ես շարունակեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և 1989 թ. օգոստոսին մկրտվեցի։ Չորս ամիս անց Ռումինիայում կոմունիստական իշխանությունը տապալվեց, և այդ ռեժիմի առաջնորդը սպանվեց։
Ուժգին հակառակություն
Ռեժիմի տապալումից հետո Վկաները շատ հարցերում ազատություն ձեռք բերեցին։ Այդուհետ հնարավոր էր բացեիբաց հանդիպումներ անցկացնել և քարոզել։ Իմ դեպքում, սակայն, այդ ազատությունները ավելի շատ հակառակություն բերեցին։ Իշվանն ինձ ասաց. «Ինչին ուզում ես հավատա, քո գործն է, բայց չտեսնեմ՝ ընկել ես դռնեդուռ քարոզելու»։
Իհարկե, ես չէի դադարելու քարոզել (Գործեր 4։20)։ Փորձում էի հնարավորինս զգույշ լինել։ Սակայն մի օր ամուսնուս ընկերները տեսան ինձ տնետուն քարոզելիս և այդ մասին ասացին նրան։ Երբ գնացի տուն, ամուսինս սկսեց բղավել ինձ վրա։ Նա ասաց. «Դու խայտառակում ես ինձ ու մեր ընտանիքը»։ Նա դանակը դրեց կոկորդիս և սպառնաց, որ կսպանի, եթե նորից քարոզեմ։
Փորձեցի բացատրել Իշվանին իմ դիրքորոշումը և հավաստիացրի, որ սիրում եմ նրան։ Խոսքերս կարծես թե ազդեցին նրա վրա, և նա մի որոշ ժամանակ հանդարտ էր։ Սակայն մի անգամ, երբ հրաժարվեցի մասնակցել բարեկամներից մեկի հարսանիքի կրոնական արարողությանը, նա նորից պոռթկաց ու շատ վիրավորական խոսքեր ասաց ինձ։
Ցավոք, Իշվանը մոտ 13 տարի հակառակվեց։ Այդ ընթացքում նա շատ անգամ սպառնում էր, որ կամուսնալուծվի։ Լինում էին դեպքեր, երբ կողպում էր դուռը և ինձ տուն չէր թողնում։ Նաև ասում էր, որ հավաքեմ իրերս ու հեռանամ։
Ի՞նչն էր օգնում ինձ դիմանալ այդ սարսափելի իրավիճակներում։ Աղոթում էի Եհովային և խնդրում, որ օգնի՝ հանդարտ մնամ։ Զգում էի, որ նա լսում է աղոթքս և զորացնում է ինձ (Սաղմոս 55։22)։ Անգնահատելի օգնության աղբյուր էր նաև ժողովը։ Երեցները և որոշ փորձառու քույրեր ինձ հորդորում էին չհանձնվել, շարունակել ծառայել Եհովային։ Նրանք հիշեցնում էին աստվածաշնչյան այն միտքը, որ Եհովային նվիրված մնալով և անսասան լինելով՝ կանայք կարող են «առանց խոսքի» շահել իրենց ամուսիններին (1 Պետրոս 3։1)։ Ժամանակի ընթացքում ես տեսա այդ խոսքերի ճշմարտացիությունը։
Անսպասելի փոփոխություն
2001 թ.-ին Իշվանը կաթված ստացավ ու այլևս չէր կարողանում քայլել։ Նա մեկ ամիս մնաց հիվանդանոցում, մի քանի շաբաթ էլ անցկացրեց վերականգնողական կենտրոնում։ Այդ ողջ ընթացքում ես միշտ նրա կողքին էի՝ կերակրում էի նրան, զրուցում նրա հետ և հոգ տանում, որ ունենա ամեն անհրաժեշտ բան։
Ժողովի հավատակիցները գալիս էին Իշվանին տեսության։ Նա իր աչքով տեսավ, թե որքան հոգատար ու ջերմ են մեր եղբայրները։ Շատերն առաջարկում էին իրենց օգնությունը առօրյա գործերում։ Բացի այդ՝ երեցները միշտ պատրաստ էին մխիթարելու և աջակցելու։
Այդ այցելությունները մեծ ազդեցություն ունեցան Իշվանի վրա։ Նա սկսեց վատ զգալ, որ նախկինում կոպիտ է վերաբերվել ինձ։ Նաև նրան շատ խոցեց այն, որ իր ընկերներից ոչ ոք այդպես էլ չեկավ իրեն այցելության։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ասաց. «Ուզում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել և Եհովայի վկա դառնալ»։ Ուրախությունից աչքերս արցունքներով լցվեցին։
2005 թ. մայիսին Իշվանը մկրտվեց։ Քանի որ նա չէր կարողանում քայլել, եղբայրները նրան անվասայլակով մոտեցրին լողավազանին, զգուշորեն ջուրը իջեցրին ու մկրտեցին։ Իշվանը դարձավ Թագավորության եռանդուն քարոզիչ։ Նրա հետ ծառայության մեջ անցկացրած այնքա՜ն լավ հուշեր ունեմ։ Այդ ամենն ուղղակի անհավատալի էր. նա, ով ժամանակին հակառակվում էր ինձ Աստծու Խոսքը քարոզելու համար, հիմա ինքն էր ինձ հետ կողք կողքի ուրիշներին սիրով պատմում բարի լուրը։
Իշվանը խորապես սիրում էր Եհովային։ Նա շատ ժամանակ էր տրամադրում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը և այնտեղից համարներ էր անգիր անում։ Նա մեծ հաճույքով քննարկում էր այդ համարները հավատակիցների հետ և առիթը բաց չէր թողնում, որ քաջալերեր նրանց։
Մեր ընկերների հետ՝ տարածաշրջանային համաժողովին
Իշվանի առողջությունը գնալով վատանում էր։ Մի քանի այլ կաթվածներից հետո նա կորցրեց խոսելու ունակությունը և ի վերջո գամվեց անկողնուն։ Սակայն այդ վիճակը բնավ չթուլացրեց նրա եռանդը։ Իր կարողությունների սահմաններում նա շարունակում էր կարդալ և ուսումնասիրել։ Երբ հավատակիցները այցելում էին նրան, նա իր հատուկ էլեկտրոնային սարքավորման միջոցով շփվում էր նրանց հետ ու զորացնում նրանց հավատը։ Եղբայրներից մեկը մի անգամ ասաց. «Սիրում եմ այցելել Իշվանին։ Միշտ թարմացած ու լիցքավորված եմ վերադառնում տուն»։
Ցավոք, 2015 թ. դեկտեմբերին Իշվանը մահացավ։ Այդ սարսափելի կորուստը մեծ ցավ պատճառեց ինձ։ Բայց միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ ներքուստ խաղաղ էի, որովհետև Իշվանը իր մահից բավական ժամանակ առաջ դարձել էր Եհովայի ընկերը։ Այդ բանի գիտակցումը ինձ աննկարագրելի ուրախությամբ է լցնում։ Իշվանն ու մայրս այժմ Եհովայի հիշողության մեջ են։ Կարոտով սպասում եմ, որ Եհովայի արդար նոր աշխարհում դիմավորեմ նրանց և ամուր գրկեմ։
Ավելի քան 35 տարի է անցել այն օրից, երբ մորս հետ գնացի մորաքրոջս տուն։ Այդ այցելությունը երբեք չեմ մոռանա։ Հիմա 70-ն անց եմ և ռահվիրա եմ ծառայում։ Սա լավագույն ձևն է, որով կարող եմ շնորհակալություն հայտնել Եհովային նրա բոլոր արածների համար (Սաղմոս 116։12)։ Նա ինձ օգնել է հակառակության բախվելիս նվիրված մնալ և հանդարտ լինել։ Հասկացել եմ, որ ինչքան էլ ուժգին լինի հալածանքը, ամեն ինչ կարող է անսպասելի փոխվել։ Թեև չէի պատկերացնում, որ այդ օրը կգա, բայց ի վերջո «առանց խոսքի» շահեցի ամուսնուս։