Երկրորդ Օրենք 17։1-20

  • Աստծուն մատուցվող զոհերը պետք է առանց արատի լինեն (1)

  • Ինչպես վարվել, երբ հավատուրացության դեպքեր լինեն (2-7)

  • Ինչպես վարվել բարդ դատական գործերի դեպքում (8-13)

  • Ցուցումներ՝ ապագա թագավորի համար (14-20)

    • Թագավորը պետք է իր համար արտագրի Օրենքը (18)

17  «Արատ կամ վնասվածք ունեցող ոչ մի ցուլ կամ ոչխար չմատուցեք ձեր Աստված Եհովային, քանի որ դա գարշելի է Եհովայի՝ ձեր Աստծու համար:+ 2  Գուցե այնպես պատահի, որ ձեր Աստված Եհովայի տված քաղաքներից մեկում որևէ տղամարդ կամ կին, Եհովայի ուխտը խախտելով, նրա աչքին չար բաներ անի+ 3  և ճանապարհից շեղվելով՝ ուրիշ աստվածների պաշտի, խոնարհվի դրանց առաջ կամ էլ արեգակի, լուսնի ու երկնքի բոլոր աստղերի* առաջ,+ ինչը ես չեմ պատվիրել:+ 4  Երբ ձեզ տեղեկացնեն այդ մասին, կամ ձեր ականջն ընկնի, մանրակրկիտ ստուգեք ամեն բան: Եթե հաստատվի, որ դա ճիշտ է,+ և իսկապես այդպիսի գարշելի բան է կատարվել Իսրայելում, 5  ապա այդ չարիքը գործած տղամարդուն կամ կնոջը բերեք քաղաքի դարպասների մոտ ու քարկոծելով սպանեք:+ 6  Մարդը պետք է մահվան մատնվի միայն երկու կամ երեք վկայի ցուցմունքով.*+ մեկ վկայի ցուցմունքով չպետք է մահվան մատնվի:+ 7  Առաջինը վկանե՛րը պետք է քար գցեն նրան սպանելու համար, իսկ հետո՝ ամբողջ ժողովուրդը: Վերացրեք չարիքը ձեր միջից:+ 8  Եթե ձեր քաղաքներից մեկում դժվարանաք դատավճիռ կայացնել որևէ գործի վերաբերյալ՝ լինի դա արյուն թափելու,+ բողոքի, բռնարարքի կամ որևէ վիճելի հարցի հետ կապված, ապա գնացեք այն վայրը, որը ձեր Աստված Եհովան կընտրի:+ 9  Գնացեք ղևտացի քահանաների ու այդ ժամանակվա դատավորի մոտ,+ հարցը ներկայացրեք նրանց, ու նրանք ձեզ կհայտնեն դատավճիռը:+ 10  Այնուհետև վարվեք այդ դատավճռի համաձայն, որը նրանք կայացրել են Եհովայի ընտրած վայրում: Բարեխղճորեն ամեն բան արեք այնպես, ինչպես նրանք կասեն: 11  Դուք պետք է վարվեք համաձայն այն օրենքի, որ նրանք ցույց կտան ձեզ, ու այն դատավճռի, որ կհայտնեն ձեզ:+ Նրանց հայտնած դատավճռից աջ կամ ձախ չշեղվեք:+ 12  Նա, ով հանդգնորեն վարվի ու չլսի ձեր Աստված Եհովայի առաջ ծառայող քահանային կամ դատավորին, պետք է մեռնի:+ Դուք պետք է վերացնեք չարիքը Իսրայելից:+ 13  Դա լսելով՝ ամբողջ ժողովուրդը կվախենա ու այլևս հանդգնորեն չի վարվի:+ 14  Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն, ու այնտեղ բնակություն հաստատելուց հետո ասեք՝ «Մեր շրջապատի մյուս բոլոր ազգերի պես մենք էլ թագավոր դնենք մեզ վրա»,+ 15  այդ դեպքում թագավոր դրեք այն մարդուն, ում կընտրի ձեր Աստված Եհովան:+ Թագավորը պետք է ձեր եղբայրներից լինի: Չեք կարող նշանակել օտարականի, ով ձեր եղբայրը չէ: 16  Սակայն թագավորը չպետք է շատ ձիեր ձեռք բերի,+ ոչ էլ ժողովրդին ուղարկի Եգիպտոս՝ այնտեղից ձիեր բերելու,+ քանի որ Եհովան ասել է ձեզ. «Այս ճանապարհով այլևս երբեք հետ չգնաք»: 17  Թագավորը նաև չպետք է ամուսնանա շատ կանանց հետ, որ իր սիրտը չշեղվի ճիշտ ուղուց,+ և ոչ էլ պետք է շատ մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի կուտակի իր համար:+ 18  Երբ նա գահ բարձրանա, թող իր համար արտագրի այս Օրենքը ղևտացի քահանաների մոտ պահվող գրքից:*+ 19  Օրենքի այդ պատճենը պետք է նրա մոտ մնա, և նա պետք է կարդա այն իր կյանքի բոլոր օրերում,+ որ սովորի վախենալ իր Աստված Եհովայից և կատարի այս Օրենքի բոլոր խոսքերն ու կանոնները:+ 20  Այդ դեպքում նա իր եղբայրներից բարձր չի դասի իրեն, այս պատվիրաններից աջ կամ ձախ չի շեղվի և երկար կիշխի Իսրայելի վրա՝ թե՛ նա, թե՛ իր որդիները»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկնքի ամբողջ զորքի»:
Բռց.՝ «բերանով»:
Կամ՝ «գլանաձև ձեռագրից»: