Երկրորդ Օրենք 13։1-18
-
Ինչպես վարվել հավատուրացների հետ (1-18)
13 «Եթե ձեր մեջ մարգարե կամ երազներ մեկնող ի հայտ գա և ձեզ ասի, որ այսինչ նշանը կամ նախանշանը կլինի,
2 ու նրա ասած նշանը կամ նախանշանը կատարվի, և նա ձեզ ասի՝ «Եկեք ուրիշ աստվածների պաշտենք ու ծառայենք նրանց», աստվածների, որոնց դուք չեք ճանաչում,
3 ապա այդ մարգարեի կամ երազներ մեկնողի խոսքերին չլսեք.+ ձեր Աստված Եհովան այդպես ստուգում է ձեզ,+ որ տեսնի՝ արդյոք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եք սիրում իրեն՝ ձեր Աստված Եհովային:+
4 Միայն ձեր Աստված Եհովային պետք է պաշտեք, նրանից վախենաք, նրա պատվիրանները պահեք, նրան հնազանդվեք, նրան ծառայեք և նրան մտերիմ մնաք:+
5 Իսկ այդ մարգարեն կամ երազներ մեկնողը պետք է մահվան մատնվի,+ որովհետև նա փորձել է շեղել ձեզ ձեր Աստված Եհովայի ցույց տված ճանապարհից և դրդել է ըմբոստանալ ձեր Աստված Եհովայի դեմ, ով հանել է ձեզ Եգիպտոսից ու ազատել* ձեր ստրկության երկրից: Վերացրեք չարիքը ձեր միջից:+
6 Գուցե պատահի, որ քո իսկ եղբայրը՝ քո մորից ծնվածը, կամ որդիդ, աղջիկդ, սիրելի կինդ կամ ամենամտերիմ ընկերդ փորձի գաղտնաբար համոզել քեզ՝ ասելով՝ «Եկ գնանք ուրիշ աստվածների ծառայենք»,+ աստվածների, որոնց ո՛չ դու ես ճանաչել, ո՛չ էլ քո նախահայրերը,
7 որոնք քո շրջակայքում ապրող ժողովուրդների աստվածներից են՝ այն ժողովուրդների, որ ապրում են քեզ մոտիկ կամ քեզնից հեռու՝ երկրի ամեն մի անկյունում:
8 Նրան չլսես ու նրա ասածով չանես:+ Չխղճաս նրան, չկարեկցես ու չպաշտպանես,
9 այլ անպայման կսպանես:+ Առաջինը դո՛ւ պետք է քար գցես նրան սպանելու համար, և հետո ամբողջ ժողովուրդը:+
10 Պետք է քարկոծելով սպանես նրան,+ քանի որ նա փորձել է հեռացնել քեզ քո Աստված Եհովայից, ով հանել է քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:
11 Այդ մասին լսելով՝ ամբողջ Իսրայելը կվախենա, և ժողովրդից ոչ ոք այլևս այդպիսի չարիք չի անի:+
12 Եթե լսեք, որ ձեր քաղաքներից մեկում, որոնք ձեր Աստված Եհովան կտա ձեզ բնակության համար,
13 անպետք մարդիկ փորձում են քաղաքի բնակիչներին շեղել ճիշտ ճանապարհից՝ ասելով՝ «Եկեք գնանք և ծառայենք ուրիշ աստվածների», աստվածների, որոնց դուք չեք ճանաչում,
14 ապա քննեք ամեն բան, հարցուփորձ արեք ու մանրակրկիտ ստուգեք այդ տեղեկությունը:+ Եթե հաստատվի, որ դա ճիշտ է, որ այնտեղ այդպիսի գարշելի բան է կատարվում,
15 անպատճառ սրի քաշեք այդ քաղաքի բնակիչներին:+ Կործանեք քաղաքը, այնտեղ եղած ամեն բան, այդ թվում՝ կենդանիներին:+
16 Քաղաքից վերցված ամբողջ ավարը հավաքեք հրապարակի կենտրոնում և քաղաքն այրեք, այդպիսով դրա ավարը կլինի իբրև ողջակեզ ձեր Աստված Եհովային: Այդ քաղաքը մեկընդմիշտ ավերակների կույտ կդառնա. այն երբեք չպետք է վերակառուցվի:
17 Կործանման դատապարտված ոչ մի բան չպետք է վերցնեք,+ որ Եհովայի բորբոքված բարկությունն անցնի, և որ նա գթասիրտ ու կարեկից լինի ձեր հանդեպ ու ձեզ մեծաթիվ ժողովուրդ դարձնի, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին:+
18 Հնազանդվեք ձեր Աստված Եհովային՝ պահելով նրա բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ. այդպիսով կանեք այն, ինչը ճիշտ է ձեր Աստված Եհովայի աչքին»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «փրկագնել»: