Երկրորդ Օրենք 1։1-46
1 Մովսեսը ուղերձով դիմեց իսրայելացիներին: Այդ ժամանակ նրանք Հորդանանի շրջանում էին՝ անապատում՝ Սուֆի դիմաց գտնվող անապատային հարթավայրում՝ Փառանի, Տոֆելի, Լաբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև:
2 (Դեպի Սեիրի լեռները տանող ուղիով Քորեբից մինչև Կադես-Բառնեա+ 11 օրվա ճանապարհ է):
3 Քառասուներորդ տարում՝+ 11-րդ ամսվա առաջին օրը, Մովսեսը իսրայելացիներին* հաղորդեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր ասել նրանց:
4 Դա եղավ Եսեբոնում ապրող Սեհոնին՝+ ամորհացիների թագավորին պարտության մատնելուց ու Աստարոթում ապրող Օգին՝+ Բասանի թագավորին Եդրայիում+ հաղթելուց հետո:*
5 Հորդանանի շրջանում՝ Մովաբի երկրում, Մովսեսը սկսեց բացատրել Օրենքը՝+ ասելով.
6 «Եհովան՝ մեր Աստվածը, խոսեց մեզ հետ Քորեբի մոտ և ասաց. «Բավականին երկար ժամանակ է՝ այս լեռնային շրջանում եք ապրում:+
7 Հիմա վեր կացեք ու ճանապարհ ընկեք դեպի ամորհացիների+ լեռնային շրջանը և բոլոր հարևան ազգերի տարածքները՝ դեպի Արաբա,+ լեռնային շրջան, Շեֆելա, Նեգև ու ծովեզերք՝+ քանանացիների երկիրը, և դեպի Լիբանան՝*+ մինչև մեծ գետը՝ Եփրատը:+
8 Ահա այս երկիրը դրել եմ ձեր առաջ: Գնացեք ու տիրացեք այդ երկրին, որ ես՝ Եհովաս, երդվեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին+ և Հակոբին,+ ու նրանց գալիք սերունդներին»:+
9 Այդ ժամանակ ձեզ ասացի. «Ես մենակ չեմ կարող առաջնորդել ձեզ:+
10 Ձեր Աստված Եհովան ձեզ մեծաթիվ է դարձրել, և այսօր դուք երկնքի աստղերի չափ շատ եք:+
11 Թող Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, հազարապատիկ շատացնի ձեզ+ և օրհնի, ինչպես որ խոստացել է:+
12 Միայն թե ես մենակ ինչպե՞ս կարող եմ իմ ուսերին կրել ձեր բեռը, գլուխ հանել ձեր հոգսերից ու վեճերից:+
13 Ձեր ցեղերից իմաստուն, խոհեմ և փորձառու մարդկանց ընտրեք, որ նրանց ձեզ վրա գլխավորներ նշանակեմ»:+
14 Դուք էլ ասացիք ինձ. «Լավ միտք է»:
15 Ուստի ձեր ցեղերում գլխավորություն ունեցողներին՝ իմաստուն և փորձառու մարդկանց, նշանակեցի, որ առաջնորդեն ձեզ, լինեն հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ ու ցեղերի առաջնորդներ:+
16 Այդ ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին. «Դատ վարելիս արդարությամբ դատեք՝+ անկախ նրանից՝ իսրայելացու դատը իր եղբոր հետ է, թե օտարականի:+
17 Դատելիս կողմնակալ չլինեք:+ Ինչպես որ մեծամեծին կլսեք, նույն ձևով հասարակ մարդուն լսեք:+ Ոչ մի մարդուց մի՛ վախեցեք,+ քանի որ դատավճիռն Աստծուց է:+ Եթե որևէ գործ չափազանց դժվար է ձեզ համար, այն ինձ հանձնեք, և ես կլսեմ»:+
18 Դրանից հետո ես հրահանգներ տվեցի, թե ինչ պետք է անեք:
19 Այնուհետև Քորեբից ճանապարհ ընկանք և, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել էր, անցանք այն մեծ ու ահազդու անապատով,+ որը դուք տեսաք ամորհացիների+ լեռնային շրջան գնալու ճանապարհին: Ի վերջո եկանք Կադես-Բառնեա:+
20 Այդ ժամանակ ասացի ձեզ. «Դուք եկել եք ամորհացիների լեռնային շրջանը, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս:
21 Ահա ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեր ձեռքն է հանձնել: Գնացե՛ք, տիրացե՛ք դրան, ինչպես որ Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, ասել է ձեզ:+ Մի՛ վախեցեք, մի՛ սարսափեք»:
22 Սակայն դուք բոլորդ մոտեցաք ինձ ու ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ հետախուզեն երկիրը և լուր բերեն, թե ինչ ճանապարհով պետք է անցնենք, և թե ինչպիսին են այն քաղաքները, ուր պետք է գնանք»:+
23 Այդ առաջարկը խելամիտ թվաց ինձ, ուստի ես 12 մարդ ընտրեցի՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու:+
24 Նրանք գնացին, բարձրացան լեռնային շրջանը,+ հասան Եսքողի գետահովիտ* ու հետախուզեցին տարածքը:
25 Նրանք իրենց հետ բերեցին այդ երկրի պտուղներից, նաև լուր բերեցին՝ ասելով. «Երկիրը, որ մեր Աստված Եհովան տալու է մեզ, լավն է»:+
26 Բայց դուք չուզեցիք գնալ և չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին:+
27 Դուք տրտնջում էիք ձեր վրաններում և ասում. «Եհովան ատում է մեզ, դրա համար էլ մեզ Եգիպտոսից հանել է, որ ամորհացիների ձեռքը մատնի ու ոչնչացնի:
28 Էլ ո՞ւր ենք գնում: Մեր սրտերը վախից թուլացել են,+ քանի որ մեր եղբայրներն ասացին. «Այնտեղի մարդիկ մեզնից ավելի ուժեղ են ու բարձրահասակ, ամրացված մեծ քաղաքներ ունեն, որոնց պարիսպները մինչև երկինք են հասնում:+ Այնտեղ նաև Ենակի որդիներին*+ տեսանք»»:
29 Բայց ես ասացի ձեզ. «Նրանցից մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք:+
30 Եհովան՝ ձեր Աստվածը, կգնա ձեր առջևից ու կպատերազմի ձեզ համար,+ ինչպես որ Եգիպտոսում արեց հենց ձեր աչքի առաջ:+
31 Եվ մինչև այստեղ հասնելն էլ, երբ դեռ անապատում էիք, տեսաք, որ ուր էլ գնում էիք, ձեր Աստված Եհովան տանում էր ձեզ իր գրկում, ինչպես հայրը՝ իր երեխային»:
32 Չնայած այդ ամենին՝ դուք չհավատացիք ձեր Աստված Եհովային,+
33 ով գնում էր ձեր առջևից, որ ձեզ համար ճամբար դնելու տեղ գտնի, ով գիշերը ձեզ առաջնորդում էր կրակով, իսկ ցերեկը՝ ամպով, որ ցույց տա, թե որ ճանապարհով պետք է գնաք:+
34 Եհովան լսում էր ձեր բոլոր տրտունջները: Նա շատ բարկացավ ու երդվեց.+
35 «Այս չար սերնդից մի մարդ անգամ չի տեսնի այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին,+
36 բացի Քաղեբից՝ Հեֆոնեի որդուց. նա կտեսնի այն: Եվ ես նրան ու նրա որդիներին բաժին կտամ այդ երկրից, որտեղ նա ոտք դրեց, որովհետև նա ամբողջ սրտով* հնազանդվեց ինձ՝ Եհովայիս»:+
37 Ձեր պատճառով Եհովան ինձ վրա էլ բարկացավ ու ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ:+
38 Նավեի որդի Հեսուն ՝ քո սպասավորը,*+ նա՛ կմտնի այդ երկիր:+ Զորացրո՛ւ նրան,*+ քանի որ նա է իսրայելացիներին առաջնորդելու, որ ժառանգեն այն»:
39 Աստված ձեզ նաև ասաց. «Ձեր երեխաները, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ձեր զավակները, որոնք բարին ու չարը դեռ չեն զանազանում, նրա՛նք կմտնեն այդ երկիր, նրա՛նց կտամ, որ տիրանան դրան:+
40 Իսկ դուք շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով անապատ գնացեք»:+
41 Դա լսելով՝ դուք ասացիք ինձ. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ: Հիմա կգնանք ու կպատերազմենք, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել է մեզ»: Եվ բոլորդ սպառազինվեցիք՝ կարծելով, թե հեշտությամբ կբարձրանաք այդ լեռնային շրջանն ու կնվաճեք այն:+
42 Բայց Եհովան ասաց ինձ. «Նրանց զգուշացրու. «Չգնաք ու չպատերազմեք, որովհետև ես ձեզ հետ չեմ լինի:+ Եթե գնաք, ձեր թշնամիները ձեզ կջախջախեն»»:
43 Ես ասացի ձեզ, բայց դուք չլսեցիք: Դուք չհնազնդվեցիք Եհովայի պատվերին ու հանդգնորեն փորձեցիք բարձրանալ լեռնային շրջանը:
44 Այդ լեռնային շրջանում ապրող ամորհացիները դուրս եկան ձեր դեմ, մեղուների պես հարձակվեցին ձեզ վրա ու փախուստի մատնեցին ձեզ՝ քշելով Սեիր, անգամ մինչև Հորմա:
45 Դուք վերադարձաք ու սկսեցիք լացուկոծ անել Եհովայի առաջ, բայց Եհովան ականջ չդրեց ձեր ձայնին և ուշադրություն չդարձրեց ձեզ:
46 Եվ դուք երկար ժամանակ մնացիք Կադեսում»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
^ Կամ հնարավոր է՝ «Աստարոթում ու Եդրայիում ապրող Օգին՝ Բասանի թագավորին հաղթելուց հետո»:
^ Ակներևաբար, խոսքը Լիբանանի լեռնաշղթայի մասին է:
^ Կամ՝ «ենակիմներին»: Նրանք մեծ ուժի տեր աժդահա մարդիկ էին:
^ Բռց.՝ «լիովին»:
^ Բռց.՝ «քո առջև կանգնողը»:
^ Կամ հնարավոր է՝ «Աստված զորացրել է նրան»: