2 Տարեգրություն 33։1-25

  • Մանասե՝ Հուդայի թագավոր (1-9)

  • Մանասեն զղջում է իր չար արարքների համար (10-17)

  • Մանասեն մահանում է (18-20)

  • Ամոն՝ Հուդայի թագավոր (21-25)

33  Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+ 2  Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորույթներին, որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:+ 3  Մանասեն վերականգնեց այն սրբավայրերը, որոնք իր հայր Եզեկիան ավերել էր,+ զոհասեղաններ կառուցեց Բահաղների համար և սուրբ ձողեր* կանգնեցրեց: Նա խոնարհվեց երկնքի ողջ զորքի* առաջ ու ծառայեց դրանց:+ 4  Նաև զոհասեղաններ կառուցեց Եհովայի տանը,+ որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը հավիտյան Երուսաղեմում կլինի»:+ 5  Մանասեն երկնքի ողջ զորքի համար Եհովայի տան երկու գավիթներում+ զոհասեղաններ կառուցեց: 6  Նա այրեց իր որդիներին+ Հիննոմի հովտում,*+ զբաղվեց մոգությամբ,+ գուշակությամբ ու կախարդությամբ և ծառայության վերցրեց ոգեհարցների ու գուշակների:+ Նա շատ բաներ արեց, որոնք չար էին Եհովայի աչքում, և վիրավորեց նրան: 7  Մանասեն իր պատրաստած քանդակված կուռքը դրեց ճշմարիտ Աստծու տանը,+ որի մասին Աստված Դավթին ու նրա որդի Սողոմոնին ասել էր. «Իմ անունը ընդմիշտ կլինի այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր քաղաքներից:+ 8  Եթե իսրայելացիները ճշգրտորեն կատարեն ողջ Օրենքը՝ այն կանոններն ու կարգադրությունները, որոնք իմ ծառա Մովսեսի միջոցով պատվիրել եմ պահել, նրանց այլևս չեմ վռնդի այն երկրից, որը տվել եմ նրանց նախահայրերին»: 9  Մանասեն Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին շեղեց ճիշտ ճանապարհից՝ դրդելով նրանց ավելի վատ բաներ անելու, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջնջել էր իսրայելացիների առաջից:+ 10  Եհովան նախազգուշացումներ տվեց Մանասեին ու նրա ժողովրդին, բայց նրանք ուշադրություն չդարձրին:+ 11  Ուստի Եհովան նրանց դեմ հանեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին կարթերով* բռնեցին, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին ու տարան Բաբելոն: 12  Նեղության մեջ հայտնվելով՝ նա սկսեց աղերսել իր Աստված Եհովայի բարեհաճությունը* և անչափ խոնարհեցրեց իրեն իր նախահայրերի Աստծու առաջ: 13  Մանասեն շատ աղոթեց Աստծուն, և Աստված լսեց նրա աղաչանքը: Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու Մանասեի խնդրանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը:+ Այդ ժամանակ Մանասեն հասկացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը:+ 14  Դրանից հետո նա Գեհոնի+ արևմտյան կողմում՝ գետահովտի* երկայնքով, կառուցեց Դավթի քաղաքի արտաքին պարիսպը:+ Այն շատ բարձր էր, ձգվում էր մինչև Ձկների դարպասը,+ ապա հասնում Օֆել:+ Մանասեն նաև Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում զորագլուխներ նշանակեց: 15  Բացի այդ՝ նա Եհովայի տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքը,+ ինչպես նաև բոլոր զոհասեղանները, որ կառուցել էր Երուսաղեմում և այն սարի վրա, որտեղ Եհովայի տունն էր,+ ապա հրամայեց դրանք քաղաքից դուրս հանել ու թափել: 16  Մանասեն նաև վերականգնեց Եհովայի զոհասեղանը+ և սկսեց դրա վրա խաղաղության զոհեր+ ու երախտագիտության զոհեր+ մատուցել: Նա պատվիրեց Հուդային, որ Իսրայելի Աստված Եհովային ծառայի: 17  Ու թեև ժողովուրդը սկսեց միայն իր Աստված Եհովային զոհեր մատուցել, այնուհանդերձ դա արեց սրբավայրերում: 18  Մանասեի կյանքի մնացած իրադարձությունների մասին, իր Աստծուն ուղղած աղոթքն ու այն խոսքերը, որոնք Իսրայելի Աստված Եհովայի անունից նրան հաղորդել են տեսանողները,* գրված են «Իսրայելի թագավորների տարեգրքում»: 19  Նրա աղոթքը,+ այն մասին, թե ինչպես նրա աղաչանքը լսվեց, նրա բոլոր մեղքերի, անհավատարմության,+ ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ նա մինչև իրեն խոնարհեցնելը սրբավայրեր էր կառուցել և սուրբ ձողեր+ ու քանդակված կուռքեր կանգնեցրել, գրված է նրա տեսանողների գրառումներում: 20  Մանասեն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր տան մոտ: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ամոնը:+ 21  Ամոնը+ 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի իշխեց Երուսաղեմում:+ 22  Իր հոր՝ Մանասեի պես նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ Ամոնը զոհեր մատուցեց իր հայր Մանասեի պատրաստած բոլոր քանդակված կուռքերին+ և դրանց ծառայեց: 23  Բայց, ի տարբերություն իր հայր Մանասեի,+ նա իրեն չխոնարհեցրեց Եհովայի առաջ.+ նա ավելի շատ մեղքեր գործեց: 24  Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ+ և սպանեցին նրան հենց իր տան մեջ: 25  Սակայն ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել,+ և նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդուն՝ Հովսիային:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սուրբ ձող»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Բռց.՝ «Հիննոմի որդու»:
Կամ հնարավոր է՝ «ժայռի խորշերում»:
Բռց.՝ «փափկացրեց իր Աստված Եհովայի երեսը»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»: