2 Կորնթացիներ 11։1-33
11 Կուզեի, որ համբերատար լինեիք իմ հանդեպ, նույնիսկ եթե ձեր աչքին փոքր-ինչ անխոհեմ եմ թվում, թեև արդեն իսկ համբերատար եք:
2 Բանն այն է, որ ես ձեզ նախանձախնդրությամբ եմ վերաբերվում, ինչպես որ Աստված,* քանի որ անձամբ եմ նշանել ձեզ Քրիստոսի՝ ձեր միակ ամուսնու հետ և ուզում եմ ձեզ նրան ներկայացնել որպես մաքուր կույս:+
3 Բայց մտավախություն ունեմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային,+ այնպես էլ ինչ-որ մեկը գուցե ապականի ձեր միտքը, և դուք կորցնեք այն անկեղծությունն ու մաքրությունը, որ պարտավոր եք ունենալ Քրիստոսի առաջ:+
4 Այսպես եմ ասում, քանի որ երբ մեկը գալիս և քարոզում է ոչ այն Հիսուսի մասին, որ մենք քարոզեցինք, կամ երբ մեկը ազդեցություն է բանեցնում ձեզ վրա ոչ այն ոգով, որով առաջնորդվում էիք, կամ էլ հայտնում է ոչ այն բարի լուրը, որն ընդունեցիք,+ դուք հեշտությամբ հանդուրժում եք նրան:
5 Չեմ կարծում, որ ես ինչ-որ բանով զիջում եմ ձեր գերընտիր առաքյալներին:+
6 Նույնիսկ եթե խոսքս ճարտար չէ,+ գիտելիքների պակաս հաստատ չունեմ. մենք ամեն ինչում և ամեն առումով դա հստակ ցույց ենք տվել:
7 Թե՞ մեղք գործեցի, որ Աստծու բարի լուրը ուրախությամբ ձեզ հռչակեցի առանց փոխհատուցում ակնկալելու և ինքս ինձ խոնարհեցրի ձեզ բարձրացնելու համար:+
8 Ուրիշ ժողովներից ես ընդունել եմ օգնություն, ասես կտրել եմ նրանց բերանից,* որ ձեզ ծառայեմ:+
9 Մինչդեռ երբ ձեզ մոտ էի և կարիքի մեջ հայտնվեցի, ոչ մեկի համար բեռ չդարձա. ինչի կարիք որ ունեի, Մակեդոնիայից եկած եղբայրները լիուլի հոգացին:+ Այո՛, ես ձգտել եմ ոչ մի ձևով չծանրաբեռնել ձեզ ու կշարունակեմ այդպես անել:+
10 Որպես Քրիստոսի հետևորդ՝ ճշմարտությունն եմ ասում. ես շարունակ կհպարտանամ+ սրանով Աքայայի տարածքում:
11 Ինչի՞ համար եմ այդպես վարվել: Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ: Սիրո՛ւմ եմ, Աստված գիտի:
12 Բայց ես այսուհետ էլ կշարունակեմ նույն կերպ վարվել,+ որպեսզի նրանք, ովքեր պարծենալով պնդում են, թե մեզ պես առաքյալ են, այդպես ասելու ոչ մի հիմք չունենան:
13 Այդ մարդիկ կեղծ առաքյալներ են, խաբում են ուրիշներին՝ ներկայանալով որպես Քրիստոսի առաքյալներ:+
14 Դա զարմանալի չէ, քանի որ Սատանան ինքն էլ ներկայանում է որպես լույսի հրեշտակ:+
15 Հետևաբար զարմանալի չէ նաև, որ նրա ծառայողներն էլ ներկայանում են որպես արդարության ծառայողներ: Բայց վերջում նրանք կստանան իրենց գործերին արժանի հատուցումը:+
16 Նորից եմ ասում. թող ոչ ոք չկարծի, թե ես անխոհեմ եմ: Բայց եթե նույնիսկ այդպես եք կարծում, հանդուրժեք ինձ, թողեք, որ ես էլ մի փոքր պարծենամ:
17 Ինչ որ հիմա պարծենալով խոսեմ, կխոսեմ ոչ թե Տիրոջ օրինակին հետևելով, այլ անխոհեմ մարդկանց պես, ովքեր ինքնավստահ են:
18 Եվ քանի որ շատերը պարծենում են աշխարհի մարդկանց արժևորած բաներով,* ես էլ դրանցով կպարծենամ,
19 որովհետև դուք, որ այդքան «խոհեմ» եք, ուրախությամբ հանդուրժում եք անխոհեմներին:
20 Այո՛, դուք հանդուրժում եք ձեզ ստրկացնողներին, ձեր ունեցվածքը գռփողներին ու խժռողներին, իրենց ձեզնից բարձր դասողներին և ձեզ ապտակողներին:
21 Մեզ համար ամոթ է սա ասելը, քանի որ գուցե թվա, թե մենք այնքան թուլակամ ենք, որ չկարողացանք ինչպես հարկն է գործի դնել մեր իշխանությունը:
Բայց եթե ուրիշները համարձակվում են պարծենալ, ապա ես էլ եմ համարձակվում (խոսում եմ ինչպես անխոհեմ մեկը):
22 Նրանք եբրայեցի՞ են, ես՝ նույնպես:+ Իսրայելացի՞ են, ես՝ նույնպես: Աբրահամի սերնդի՞ց են, ես՝ նույնպես:+
23 Քրիստոսին ծառայողնե՞ր են: Պատասխանեմ ինչպես խելագար մեկը՝ առավել ևս ե՛ս եմ այդպիսին. նրանցից ավելի շատ գործ եմ արել,+ ավելի շատ եմ բանտարկվել,+ բազմիցս ծեծի եմ ենթարկվել, շատ անգամ մինչև մահվան դուռն եմ հասել:+
24 Հրեաների կողմից ես հինգ անգամ ծեծվել եմ՝ 40-ից մեկով պակաս հարվածներ ստանալով,+
25 երեք անգամ ծեծվել եմ ճիպոտներով,+ մեկ անգամ քարկոծվել,+ երեք անգամ նավաբեկության եմ ենթարկվել+ և մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ մնացել ծովի ջրերում:
26 Բազմիցս ճանապարհ եմ կտրել՝ բախվելով վտանգների. գետերում՝ վտանգներ, քաղաքում՝ վտանգներ,+ անապատում՝ վտանգներ, ծովում՝ վտանգներ, ավազակներից՝ վտանգներ, իմ իսկ ազգից՝ վտանգներ,+ ուրիշ ազգերից՝ վտանգներ,+ կեղծ եղբայրներից՝ վտանգներ:
27 Տքնաջան աշխատել ու քրտինք եմ թափել, հաճախ անքուն գիշերներ եմ անցկացրել,+ քաղցած ու ծարավ մնացել,+ շատ անգամ ուտելու բան չեմ ունեցել,+ ցրտահար ու անշոր* եմ եղել:
28 Այս արտաքին դժվարություններից բացի՝ ևս մի բան կա, որ ամեն օր մտահոգում է ինձ. միտքս ծանրացած է բոլոր ժողովների հոգսով:+
29 Չէ՞ որ եթե մեկը թուլանում է, սիրտս ցավում է, եթե մեկի համար գայթակղության քար են դնում, զայրույթով եմ լցվում:
30 Եթե պարծենալ է պետք, ավելի շուտ կպարծենամ այն ամենով, ինչը ցույց է տալիս, թե որքան տկար եմ ես:
31 Տեր Հիսուսի Աստվածն ու Հայրը, ով հավիտյան գովաբանության է արժանի, գիտի, որ ես չեմ ստում:
32 Երբ Դամասկոսում էի, այնտեղի կառավարիչը, որը Արետա թագավորի ենթական էր, հսկողություն սահմանեց քաղաքի վրա, որպեսզի բռնի ինձ:
33 Բայց ինձ զամբյուղով իջեցրին պարսպի պատուհանից,+ և ես ազատվեցի նրա ձեռքից:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «խանդում եմ Աստծու նախանձախնդրությամբ»:
^ Բռց.՝ «Ուրիշ ժողովներ ես կողոպտել եմ»:
^ Բռց.՝ «ըստ մարմնի»:
^ Բռց.՝ «մերկ»: