2 Թագավորներ 18։1-37

  • Եզեկիա՝ Հուդայի թագավոր (1-8)

  • Ասորեստանը գրավում է Իսրայելը (9-12)

  • Սենեքերիմը ներխուժում է Հուդա (13-18)

  • Ռաբսակը ծաղրում է Եհովային (19-37)

18  Հուդայի թագավոր Աքազի+ որդի Եզեկիան+ թագավոր դարձավ Իսրայելի Օսեա+ թագավորի՝ Էլայի որդու իշխանության երրորդ տարում:  Նա 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Աբի* էր. նա Զաքարիայի դուստրն էր:+  Իր նախահայր Դավթի պես+ Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+  Նա վերացրեց սրբավայրերը,+ ջարդուփշուր արեց սուրբ սյուները, կտրեց սուրբ ձողը,*+ նաև ոչնչացրեց Մովսեսի պատրաստած պղնձե օձը,+ որովհետև մինչև այդ օրը իսրայելացիներն այդ օձին զոհեր էին մատուցում՝ այրելով դրանք, և այդ կուռքը անվանում էին Նեեսթան:*  Եզեկիան վստահեց Իսրայելի Աստված Եհովային.+ իրեն նախորդած Հուդայի թագավորների մեջ իր նմանը չէր եղել ու ոչ էլ հետո եղավ:  Նա կառչած մնաց Եհովային+ և հնազանդվեց նրան՝ պահելով այն պատվիրանները, որ Եհովան տվել էր Մովսեսին:  Եհովան նրա հետ էր, և ինչ էլ որ Եզեկիան անում էր, իմաստությամբ էր անում: Նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և հրաժարվեց նրան ծառայելուց:+  Նաև կոտորեց փղշտացիներին՝+ հասնելով մինչև Գազա և դրա շրջակա տարածքները՝ դիտարանից մինչև ամրացված քաղաքը:*  Եզեկիայի իշխանության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Օսեա+ թագավորի՝ Էլայի որդու իշխանության յոթերորդ տարում Ասորեստանի թագավոր Սալմանասարը դուրս եկավ Սամարիայի դեմ ու պաշարեց այն:+ 10  Երրորդ տարվա վերջում Սամարիան գրավվեց:+ Դա տեղի ունեցավ Եզեկիայի իշխանության վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայելի թագավոր Օսեայի իշխանության իններորդ տարում: 11  Դրանից հետո Ասորեստանի թագավորը իսրայելացիներին գերի տարավ Ասորեստան+ ու բնակեցրեց Քալայում ու Քաբորում՝ Գոզան գետի մոտ, և մարերի քաղաքներում:+ 12  Դա եղավ այն պատճառով, որ նրանք չլսեցին իրենց Աստված Եհովային ու խախտեցին նրա ուխտը. չլսեցին և չկատարեցին այն ամենը, ինչ Եհովայի ծառա Մովսեսը պատվիրել էր:+ 13  Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+ 14  Ուստի Հուդայի թագավոր Եզեկիան մարդիկ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ, որ ասեն. «Ես մեղավոր եմ: Հետ քաշվիր, և ինչ որ պահանջես ինձնից, կտամ»: Ասորեստանի թագավորը Հուդայի թագավոր Եզեկիայից 300 տաղանդ* արծաթ ու 30 տաղանդ* ոսկի պահանջեց: 15  Եվ Եզեկիան Եհովայի տան ու արքունիքի գանձարանների ամբողջ արծաթը նրան տվեց:+ 16  Եզեկիան նաև հանեց Եհովայի տաճարի դռներն+ ու դռների կողափայտերը, որոնք ոսկով էր պատել,+ ու այդ ոսկին էլ Ասորեստանի թագավորին տվեց: 17  Ասորեստանի թագավորը տարաթանին,* ռաբսարիսին* ու ռաբսակին* Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց Երուսաղեմ՝+ Եզեկիա թագավորի մոտ: Նրանք գնացին Երուսաղեմ և կանգ առան վերին ավազանի ջրատարի մոտ, որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:+ 18  Նրանք կանչեցին թագավորին, բայց նրանց մոտ դուրս եկան արքունիքի վերակացու Եղիակիմը՝+ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին: 19  Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասեք. «Ահա թե ինչ է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. «Ինչի՞ վրա ես հույսդ դրել:+ 20  Դու ասում ես. «Ես թե՛ ռազմավարական ծրագիր ունեմ, թե՛ պատերազմ մղելու զորություն»: Բայց դրանք դատարկ խոսքեր են: Այդ ո՞ւմ ես ապավինում, որ համարձակվում ես ապստամբել իմ դեմ:+ 21  Դու ապավինում ես այդ կոտրված եղեգի՝ Եգիպտոսի օգնությանը.+ եթե մի մարդ հենվի դրա վրա, այն կմտնի նրա ձեռքը ու կծակի: Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար: 22  Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «Մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային»,+ այդ նրա սրբավայրերն ու զոհասեղանները չէի՞ն, որ դու, Եզե՛կիա, վերացրիր+ և Հուդային ու Երուսաղեմին ասացիր. «Միայն Երուսաղեմի այս զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք»»»:+ 23  Գրազ արի իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ. քեզ 2 000 ձի տամ, տեսնենք՝ կկարողանա՞ս հեծյալներ գտնել դրանց համար:+ 24  Եթե հույսդ Եգիպտոսի կառքերն ու ձիավորներն են, ինչպե՞ս կարող ես հետ մղել թեկուզև մեկ կառավարչի՝ իմ տիրոջ ծառաներից ամենաաննշանին: 25  Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ եկել այս վայրը կործանելու: Եհովան ինքն է ինձ ասել. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և կործանի՛ր այն»»: 26  Դա լսելով՝ Քեղկիայի որդի Եղիակիմը, Սեբնան+ ու Հովաքը ռաբսակին+ ասացին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ արամերեն*+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող այս մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր»:+ 27  Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ: Չէ՞ որ պարսպի վրայի այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպես և դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»: 28  Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 29  Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ, որովհետև նա չի կարող իմ ձեռքից փրկել ձեզ:+ 30  Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»:+ 31  Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 32  մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր, որը ձեր երկրի նման է՝+ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր, ձիթենիների և մեղրի երկիր: Այդ դեպքում դուք ողջ կմնաք՝ չեք մեռնի: Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև նա մոլորեցնում է ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: 33  Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից: 34  Ո՞ւր են Եմաթի+ ու Արփադի աստվածները: Ո՞ւր են Սեֆարուիմի,+ Անայի և Իվայի աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 35  Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+ 36  Բայց ժողովուրդը լուռ էր: Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, քանի որ թագավորը հրամայել էր. «Չպատասխանե՛ք նրան»:+ 37  Արքունիքի վերակացու Եղիակիմը՝ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին, պատռած հագուստներով եկան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին ռաբսակի խոսքերը:

Ծանոթագրություններ

«Աբի»-ն «Աբիա» անվան կրճատ ձևն է:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «պղնձե օձ-կուռք»:
Այսինքն՝ ամեն տեղ՝ թե՛ նոսր, թե՛ խիտ բնակեցված վայրերը:
Մոտ 10,3 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 1,3 տ:
Կամ՝ «հրամանատարին»:
Կամ՝ «գլխավոր պալատականին»:
Կամ՝ «գլխավոր գինեմատույցին»:
Կամ՝ «ասորերեն»: