2 Թագավորներ 16։1-20
16 Աքազը՝+ Հուդայի թագավոր Հովաթամի որդին, թագավոր դարձավ Ռոմելիայի որդի Փակեեի իշխանության 17-րդ տարում:
2 Աքազը 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր իր Աստված Եհովայի աչքում:+
3 Աքազը գնաց Իսրայելի թագավորների հետքերով+ և նույնիսկ իր որդուն այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:
4 Նա նաև զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք սրբավայրերում,+ բլուրների վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի տակ:+
5 Ասորիքի թագավոր Ռասինը և Իսրայելի թագավոր Փակեեն՝ Ռոմելիայի որդին, պատերազմի դուրս եկան Աքազի դեմ:+ Նրանք պաշարեցին Երուսաղեմը, բայց չկարողացան գրավել այն:
6 Այդ ժամանակ Ասորիքի թագավոր Ռասինը Եդոմին վերադարձրեց Ելաթը+ և այնտեղից դուրս հանեց բոլոր հրեաներին:* Եդոմացիները մտան Ելաթ և մինչ օրս այնտեղ են բնակվում:
7 Աքազը պատգամաբերներ ուղարկեց Ասորեստանի թագավոր Թգլատպալասարի+ մոտ՝ պատվիրելով, որ ասեն. «Ես քո ծառան ու քո որդին եմ: Եկ ու փրկիր ինձ Ասորիքի և Իսրայելի թագավորների ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»:
8 Աքազը վերցրեց Եհովայի տան ու արքունիքի գանձարանների արծաթն ու ոսկին և Ասորեստանի թագավորին կաշառք ուղարկեց:+
9 Ասորեստանի թագավորը կատարեց նրա խնդրանքը. գնաց Դամասկոս, գրավեց այն, բնակիչներին գերության տարավ Կիր,+ իսկ Ռասինին սպանեց:+
10 Դրանից հետո Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ Ասորեստանի թագավոր Թգլատպալասարին հանդիպելու: Երբ նա տեսավ Դամասկոսի զոհասեղանը, դրա գծագիրը ուղարկեց Ուրիա քահանային: Դրանում ցույց էր տրված, թե ինչ տեսք ուներ զոհասեղանը և թե ինչպես էր կառուցված:+
11 Ուրիա+ քահանան զոհասեղանը+ կառուցեց բոլոր այն ցուցումների համաձայն, որ Աքազ թագավորը Դամասկոսից ուղարկել էր, և նախքան թագավորը կվերադառնար այնտեղից, ավարտեց այն կառուցելը:
12 Երբ Աքազը Դամասկոսից վերադարձավ ու տեսավ զոհասեղանը, մոտեցավ և զոհեր մատուցեց դրա վրա:+
13 Նա ողջակեզներ, հացի ընծա և ըմպելիքի ընծա մատուցեց ու խաղաղության զոհերի արյունը շաղ տվեց զոհասեղանի վրա:
14 Իսկ պղնձե զոհասեղանը,+ որը կանգնեցված էր Եհովայի առաջ՝ տան առջևում՝ նոր զոհասեղանի ու Եհովայի տան մեջտեղում, նա տեղափոխեց ու դրեց նոր զոհասեղանի հյուսիսային կողմում:
15 Աքազ թագավորը Ուրիա+ քահանային պատվիրեց. «Այս մեծ զոհասեղանի վրա այրիր առավոտյան ողջակեզը,+ երեկոյան հացի ընծան,+ թագավորի ողջակեզն ու հացի ընծան, նաև ողջ ժողովրդի ողջակեզները, նրանց հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: Ողջակեզների և մյուս զոհերի ամբողջ արյունը շաղ տուր զոհասեղանի վրա: Իսկ պղնձե զոհասեղանի համար ես կմտածեմ՝ ինչ անեմ»:
16 Ուրիա քահանան ամեն բան արեց այնպես, ինչպես Աքազ թագավորը պատվիրել էր իրեն:+
17 Աքազ թագավորը նաև կոտրեց սայլերի կողմնապատերը+ և վերցրեց դրանց վրայի ավազանները,+ ծովը հանեց պղնձե ցլերի վրայից,+ որոնք պահում էին այն, և քարահատակի վրա դրեց:+
18 Նա հանեց ծածկը, որը տաճարի մոտ կառուցվել էր Շաբաթի համար, և փակեց Եհովայի տուն տանող արքունիքի արտաքին մուտքը: Դա արեց, քանի որ վախենում էր Ասորեստանի թագավորից:
19 Աքազի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+
20 Աքազը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Եզեկիան:*+