1 Տարեգրություն 13։1-14
13 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ,+
2 ապա Իսրայելի ողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ համար հաճելի է և եթե մեր Աստված Եհովայի համար ընդունելի է, եկեք մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր տարածքներում ապրող մեր մյուս եղբայրների, նաև քահանաների ու ղևտացիների մոտ՝ նրանց քաղաքներ,*+ որպեսզի գան միանան մեզ,
3 և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք»+ (քանի որ Սավուղի օրոք տապանակը անուշադրության էր մատնված):+
4 Ողջ ժողովը համաձայնվեց, որովհետև դա անելը ճիշտ համարեց:
5 Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից* մինչև Եմաթ,*+ որ ճշմարիտ Աստծու տապանակը Կարիաթարիմից բերեն:+
6 Դավիթը և ողջ Իսրայելը գնացին Բաալա,+ այսինքն՝ Կարիաթարիմ, որը Հուդայում է, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը, որի առջև կանչում են Եհովայի անունը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+
7 Ճշմարիտ Աստծու տապանակը մի նոր սայլի վրա դրեցին,+ որ բերեն Աբինադաբի տնից: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Օզան և Աքիովը:+
8 Դավիթը և բոլոր իսրայելացիները մեծ ոգևորությամբ* նշում էին այդ իրադարձությունը ճշմարիտ Աստծու առաջ՝ երգեր էին երգում, քնարներ, լարային այլ գործիքներ և դափեր նվագում,+ ծնծղաներ+ ու շեփորներ հնչեցնում:+
9 Բայց երբ նրանք հասան Քիդոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց տապանակը, որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային:
10 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և Նա մահով պատժեց նրան, քանի որ ձեռքը մեկնել էր տապանակին:+ Օզան այնտեղ՝ Աստծու առաջ մեռավ:+
11 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում:
12 Դավիթն այդ օրը ահով լցվեց ճշմարիտ Աստծու հանդեպ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+
13 Եվ նա տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն:
14 Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «արոտավայրերով քաղաքներ»:
^ Կամ՝ «Սիորից»:
^ Կամ՝ «Եմաթի մուտքը»:
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Բռց.՝ «ամբողջ ուժով»:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Կամ՝ «տրտմեց»:
^ Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»: