1 Սամուել 8։1-22
8 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին նշանակեց, որ Իսրայելում դատավորություն անեն:
2 Նրա առաջնեկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա:+ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում:
3 Սակայն Սամուելի որդիները չէին քայլում նրա ուղիներով. նրանք անազնիվ ճանապարհով էին շահ ստանում,+ կաշառք էին վերցնում+ և խեղաթյուրում էին արդարադատությունը:+
4 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր երեցները հավաքվեցին ու եկան Սամուելի մոտ՝ Ռամա:
5 Նրանք ասացին. «Դու ծերացել ես, իսկ քո որդիները չեն քայլում քո ուղիներով: Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մեջ»:+
6 Բայց Սամուելին դուր չեկավ,* որ նրանք ասացին, թե՝ «Մեզ թագավոր տուր, որ նա՛ դատի մեզ»: Եվ Սամուելը աղոթեց Եհովային:
7 Ի պատասխան՝ Եհովան ասաց նրան. «Արա այն ամենը, ինչ ժողովուրդն ասում է քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժել, այլ ինձ՝ որպես իրենց թագավորի:+
8 Նրանք ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես վարվել են այն օրից ի վեր, երբ իրենց դուրս բերեցի Եգիպտոսից. շարունակ թողնում են ինձ+ և ուրիշ աստվածների են ծառայում:+ Եվ այժմ նույն կերպ էլ քեզ հետ են վարվում:
9 Հիմա լսիր նրանց: Սակայն լրջորեն զգուշացրու և ասա, թե ինչ իրավունքներ է ունենալու թագավորը, որն իշխելու է նրանց վրա»:
10 Այսպիսով՝ Սամուելը Եհովայի բոլոր խոսքերը հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին:
11 Նա ասաց. «Ահա թե ինչ անելու իրավունք կունենա այն թագավորը, որը կիշխի ձեզ վրա.+ նա ձեր որդիներին+ իր համար կառապաններ+ ու հեծյալներ կդարձնի,+ ոմանց էլ կհանձնարարի վազել իր կառքերի առաջից:
12 Ոմանց հազարապետներ+ ու հիսնապետներ+ կնշանակի, ոմանց էլ կպատվիրի, որ իր հողը հերկեն,+ բերքը հավաքեն,+ նաև պատերազմի իր զենքերն ու կառքերի մասերը պատրաստեն:+
13 Իսկ ձեր դուստրերին խոհարար, հացթուխ և քսուքներ* պատրաստող կդարձնի:+
14 Ձեր լավագույն արտերը, խաղողի ու ձիթենու այգիները+ նա կվերցնի և իր ծառաներին կտա:
15 Ձեր հացահատիկի արտերի ու խաղողի այգիների բերքի տասներորդ մասը կվերցնի և իր պալատականներին ու ծառաներին կտա:
16 Ձեր ծառաներին ու աղախիններին, ինչպես նաև ձեր լավագույն նախիրներն ու էշերը կվերցնի և իր համար կաշխատեցնի:+
17 Ձեր հոտերի տասներորդ մասը կվերցնի,+ իսկ դուք նրա ծառաները կդառնաք:
18 Կգա մի օր, երբ դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով,+ բայց Եհովան ձեզ չի պատասխանի այդ օրը»:
19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելին ու ասաց. «Ո՛չ, մենք ուզում ենք՝ թագավոր իշխի մեզ վրա:
20 Այդպես մենք կլինենք մյուս բոլոր ազգերի նման. մեր թագավորը կդատի ու կառաջնորդի մեզ և կմղի մեր պատերազմները»:
21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և դրանք Եհովային հաղորդեց:
22 Եհովան էլ ասաց Սամուելին. «Լսիր նրանց և թագավոր նշանակիր, որ իշխի նրանց վրա»:+ Այդ ժամանակ Սամուելն ասաց իսրայելացիներին. «Ամեն մեկդ ձեր քաղաքը վերադարձեք»: