1 Սամուել 23։1-29
23 Դավթին տեղեկացրին. «Փղշտացիները պատերազմում են Կեիլայի+ դեմ և կողոպտում են կալերը»:*
2 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ կոտորեմ այդ փղշտացիներին»: Եհովան պատասխանեց. «Գնա՛ ու կոտորի՛ր փղշտացիներին և փրկի՛ր Կեիլան»:
3 Սակայն Դավթի մարդիկ ասացին նրան. «Լսիր, մենք նույնիսկ այստեղ՝ Հուդայում+ ենք վախի մեջ ապրում, էլ ուր մնաց՝ գնանք Կեիլա ընդդեմ փղշտացիների զորքի»:+
4 Ուստի Դավիթը Եհովայից կրկին առաջնորդություն խնդրեց:+ Եհովան էլ պատասխանեց նրան. «Գնա՛ Կեիլա, քանի որ փղշտացիներին քո ձեռքն եմ մատնելու»:+
5 Դավիթն իր մարդկանց հետ գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ: Նա մեծ կոտորած արեց այնտեղ և քշեց տարավ նրանց անասուններին: Այսպիսով՝ Դավիթը փրկեց Կեիլայի բնակիչներին:+
6 Աքիմելեքի որդին՝ Աբիաթարը,+ Դավթի մոտ՝ Կեիլա փախչելիս իր հետ եփուդ* էր վերցրել:
7 Որոշ ժամանակ անց Սավուղին տեղեկացրին. «Դավիթը Կեիլա է գնացել»: Սավուղն էլ ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել,*+ որովհետև նա ինքն իրեն ծուղակն է գցել՝ մտնելով դարպասներ ու նիգեր* ունեցող քաղաք»:
8 Ուստի Սավուղն իր բոլոր ռազմիկներին պատերազմի կանչեց, որպեսզի գնան Կեիլա և շրջապատեն Դավթին ու նրա մարդկանց:
9 Երբ Դավիթն իմացավ, որ Սավուղը դավ է նյութում իր դեմ, Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը բեր այստեղ»:+
10 Ապա Դավիթն ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, ես՝ քո ծառան, լսել եմ, որ Սավուղը մտադրվել է գալ Կեիլա և իմ պատճառով կործանել քաղաքը:+
11 Կեիլայի առաջնորդները* ինձ նրա ձեռքը կմատնե՞ն: Սավուղը կգա՞ այստեղ, ինչպես որ քո ծառան լսել է: Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, հայտնիր ծառայիդ, խնդրում եմ»: Եհովան պատասխանեց. «Կգա»:
12 Դավիթը հարցրեց. «Կեիլայի առաջնորդները ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Կմատնեն»:
13 Դավիթն ու իր մարդիկ՝ մոտ 600 հոգի,+ անմիջապես հեռացան Կեիլայից. նրանք տեղից տեղ էին շարժվում՝ գնալով այնտեղ, ուր ապահով է: Երբ Սավուղին հայտնեցին, որ Դավիթը փախել է Կեիլայից, նա չհետապնդեց նրան:
14 Դավիթը մնում էր անապատի դժվարհասանելի վայրերում՝ Զիփի+ անապատի լեռնային մասերում: Սավուղն անդադար փնտրում էր Դավթին,+ բայց Եհովան նրան չէր մատնում Սավուղի ձեռքը:
15 Երբ Դավիթը Զիփի անապատում էր՝ Հորեշում, իմացավ, որ* Սավուղը փնտրում է իրեն, որ սպանի:
16 Սավուղի որդին՝ Հովնաթանը, գնաց Դավթի մոտ՝ Հորեշ, և օգնեց նրան զորանալ* Եհովայով:+
17 Նա ասաց Դավթին. «Մի՛ վախեցիր. իմ հայրը՝ Սավուղը, չի գտնի քեզ: Դու կդառնաս Իսրայելի թագավորը,+ իսկ ես քեզնից հետո երկրորդը կլինեմ: Հայրս՝ Սավուղն էլ գիտի դա»:+
18 Այնուհետև նրանք ուխտ կապեցին+ Եհովայի առաջ: Դավիթը մնաց Հորեշում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն:
19 Մի որոշ ժամանակ անց Զիփի բնակիչները գնացին Սավուղի մոտ՝ Գաբաա,+ և ասացին. «Դավիթը Հորեշի+ դժվարհասանելի վայրերում է թաքնված՝ մեզնից ոչ հեռու՝+ Եքելայի բլրի վրա,+ որը Եսիմոնի* հարավային* կողմում է:+
20 Երբ էլ որ ցանկանաս, ո՛վ թագավոր, արի, և մենք քո ձեռքը կմատնենք նրան»:+
21 Սավուղը պատասխանեց. «Թող Եհովան օրհնի ձեզ, որ կարեկից եղաք իմ հանդեպ:
22 Խնդրում եմ, գնացեք ու փորձեք ստույգ իմանալ, թե որտեղ է նա, և թե ով է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է:
23 Հստակ պարզեք նրա թաքնվելու տեղերը և վերադարձեք ինձ մոտ ստույգ տեղեկություններով: Այդ ժամանակ ես կգամ ձեզ հետ: Եվ եթե նա այդ երկրում է, ապա կփնտրեմ նրան Հուդայի բոլոր տոհմերի* մեջ ու կգտնեմ»:
24 Նրանք հեռացան ու Սավուղից առաջ հասան Զիփ:+ Այդ ժամանակ Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի+ անապատում էր՝ Արաբայում՝+ Եսիմոնից հարավ:
25 Սավուղն ու իր մարդիկ գնացին նրան փնտրելու:+ Երբ Դավթին տեղեկացրին այդ մասին, նա անմիջապես իջավ ժայռի մոտ,+ որը Մաոնի անապատում է, և թաքնվեց այնտեղ: Լսելով այդ մասին՝ Սավուղը գնաց Մաոնի անապատ՝ Դավթին բռնելու:
26 Երբ հասավ լեռանը, այդ ժամանակ Դավիթն ու իր մարդիկ դրա մյուս կողմում էին: Դավիթը շտապեց փախչել,+ բայց Սավուղն ու իր մարդիկ այնքան մոտեցան Դավթին ու նրա մարդկանց, որ ուր որ է բռնելու էին:+
27 Սակայն մի պատգամաբեր եկավ Սավուղի մոտ ու ասաց. «Շտապ վերադարձիր. փղշտացիները հարձակվել են երկրի վրա»:
28 Ուստի Սավուղը դադարեց Դավթին հետապնդել+ ու գնաց՝ փղշտացիների դեմ կռվելու: Դրա համար էլ այդ վայրը կոչեցին Բաժանումների ժայռ:
29 Դավիթը հեռացավ այդտեղից ու թաքնվեց Ենգադիի+ դժվարհասանելի վայրերում:
Ծանոթագրություններ
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Բռց.՝ «վաճառել»:
^ Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
^ Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:
^ Կամ հնարավոր է՝ «վախենում էր, քանի որ»:
^ Բռց.՝ «և զորացրեց նրա ձեռքը»:
^ Կամ հնարավոր է՝ «անապատի»:
^ Բռց.՝ «աջ»:
^ Բռց.՝ «հազարավորների»: