1 Սամուել 19։1-24

  • Սավուղը չի դադարում ատել Դավթին (1-13)

  • Դավիթը փախչում է Սավուղից (14-24)

19  Որոշ ժամանակ անց Սավուղն իր որդուն՝ Հովնաթանին, և իր բոլոր ծառաներին հայտնեց, որ մտադիր է սպանել Դավթին:+  Բայց Հովնաթանը՝ Սավուղի որդին, շատ էր սիրում Դավթին,+ ուստի ասաց նրան. «Հայրս՝ Սավուղը, ուզում է սպանել քեզ: Խնդրում եմ, առավոտյան զգույշ եղիր, թաքնվիր մի ապահով վայրում և մնա այնտեղ:  Իսկ ես դուրս կգամ ու կկանգնեմ հորս կողքին այն դաշտում, որտեղ դու կլինես: Նրա հետ կխոսեմ քո մասին ու, եթե ինչ-որ բան իմանամ, անպայման կասեմ քեզ»:+  Հովնաթանը Սավուղի մոտ լավը խոսեց Դավթի մասին՝+ ասելով. «Թագավորը չպետք է մեղք գործի իր ծառա Դավթի դեմ, քանի որ նա քո դեմ մեղք չի գործել, այլ միայն բարիք է արել քեզ:  Նա վտանգի ենթարկեց իր կյանքը, որ սպանի փղշտացուն,+ ու Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց ողջ Իսրայելին: Դու ինքդ տեսար դա և շատ ուրախացար: Ուրեմն ինչո՞ւ մեղք գործես ու անմեղ արյուն թափես՝ առանց որևէ պատճառի սպանելով Դավթին»:+  Սավուղը լսեց Հովնաթանին ու երդվեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. նա չի սպանվի»:  Դրանից հետո Հովնաթանը կանչեց Դավթին ու պատմեց այն, ինչ խոսել էր Սավուղի հետ: Ապա Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթը շարունակեց առաջվա պես ծառայել նրան:+  Որոշ ժամանակ հետո նորից պատերազմ բռնկվեց, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ կռվելու: Նա, մեծ կոտորած անելով, ջարդեց նրանց, և նրանք փախան Դավթից:  Մի անգամ, երբ Սավուղը, նիզակը ձեռքին, տանը նստած էր, և Դավիթը քնար էր նվագում, Եհովայից վատ ոգի* եկավ Սավուղի վրա:*+ 10  Սավուղը փորձեց նիզակով պատին գամել Դավթին, բայց նա խույս տվեց, և նիզակը պատի մեջ խրվեց: Դավիթն այդ գիշեր փախուստի դիմեց և փրկեց իր կյանքը: 11  Ավելի ուշ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթի տուն, որ հսկեն այն և առավոտյան սպանեն նրան:+ Սակայն Դավթի կինը՝ Մեղքողը, ասաց իր ամուսնուն. «Եթե այս գիշեր չփախչես, վաղը քեզ կսպանեն»: 12  Նա անմիջապես օգնեց Դավթին, որ պատուհանով ցած իջնի, փախչի ու փրկվի: 13  Ապա Մեղքողը թերափ* վերցրեց, դրեց մահճակալին, Դավթի գլխի տեղը այծի մազից պատրաստված ցանցահյուս ծածկոց դրեց ու վրան մի հագուստ գցեց: 14  Մեղքողն ասաց Սավուղի ուղարկած մարդկանց. «Նա հիվանդ է»: 15  Սավուղը նրանց կրկին ուղարկեց՝ Դավթին տեսնելու, և պատվիրեց. «Մահճակալով հանդերձ ինձ մո՛տ բերեք նրան, որ սպանեմ»:+ 16  Երբ այդ մարդիկ եկան, տեսան, որ անկողնու վրա թերափ է դրված, իսկ գլխի տեղը՝ այծի մազից պատրաստված ցանցահյուս ծածկոց: 17  Սավուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր ու թողեցիր, որ թշնամիս փախչի»:+ Մեղքողն էլ պատասխանեց. «Նա ինձ ասաց. «Թող՝ գնամ, թե չէ կսպանեմ քեզ»»: 18  Այսպիսով՝ Դավիթը փախավ ու փրկեց իր կյանքը: Նա եկավ Սամուելի մոտ՝ Ռամա,+ և պատմեց նրան այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն: Դրանից հետո երկուսով գնացին Նավաթ ու մնացին այնտեղ:+ 19  Որոշ ժամանակ անց Սավուղին տեղեկացրին. «Դավիթը Ռամայում է՝ Նավաթում»: 20  Սավուղն իսկույն մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին: Երբ այդ մարդիկ տեսան տարեց մարգարեներին, որոնք մարգարեանում էին, և Սամուելին, որը գլխավորում էր նրանց, Աստծու ոգին իջավ իրենց վրա, և իրենք էլ սկսեցին մարգարեների պես պահել իրենց: 21  Այդ մասին հայտնեցին Սավուղին, և նա անմիջապես ուրիշ մարդիկ ուղարկեց, բայց նրանք էլ սկսեցին մարգարեների պես պահել իրենց: Ուստի Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց. նրանք նույնպես սկսեցին մարգարեների պես պահել իրենց: 22  Ի վերջո Սավուղն ինքը գնաց Ռամա: Հասնելով Սոկքովի մեծ ջրամբար՝ նա հարցրեց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»: Նրան պատասխանեցին. «Ռամայում են՝ Նավաթում»:+ 23  Երբ Սավուղը գնում էր Ռամայի Նավաթ, ճանապարհին Աստծու ոգին նրա վրա էլ իջավ, և մինչև տեղ հասնելը նա իրեն մարգարեի պես պահեց: 24  Սավուղը նույնպես իր վրայից հանեց հագուստները և Սամուելի առաջ իրեն մարգարեի պես պահեց: Նա այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը գետնին մերկ* պառկած մնաց: Այդ պատճառով մարդիկ սկսեցին ասել. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկություն»:
Խոսքը վատ մտավիճակի մասին է:
Այսինքն՝ Եհովան թույլ տվեց, որ վատ մտքերը տանջեն Սավուղին:
Կամ՝ «ընտանեկան աստված», «կուռք»:
Կամ՝ «կիսահագնված»: