1 Սամուել 17։1-58
17 Փղշտացիները+ հավաքեցին իրենց զորքերը, որ պատերազմի դուրս գան: Նրանք հավաքվեցին Սոքովում,+ որը Հուդայում է, և բանակ դրեցին Սոքովի ու Ազեկայի+ միջև՝ Ափեսդոմմիմում:+
2 Սավուղն ու իսրայելացիներն էլ հավաքվեցին և բանակ դնելով Էլայի հովտում՝+ մարտական կարգով շարվեցին՝ փղշտացիների դեմ կռվելու:
3 Փղշտացիները մի լեռան վրա էին, իսկ իսրայելացիները՝ մեկ ուրիշ լեռան վրա. հովիտը նրանց միջև էր:
4 Փղշտացիների բանակատեղիից մի մենամարտիկ դուրս եկավ, որի անունը Գողիաթ էր.+ նա Գեթից էր:+ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ* էր:
5 Գլխին նա պղնձե սաղավարտ ուներ և հագին՝ պղնձե թեփուկավոր զրահ,+ որը կշռում էր 5 000 սիկղ:*
6 Ոտքերին պղնձե սռնապաններ* կային, իսկ թիկունքին՝ պղնձե տեգ:*+
7 Գողիաթի նիզակի փայտե կոթը ջուլհակահաստոցի*+ գլանի էր նման, և նիզակի երկաթե սայրը 600 սիկղ* էր կշռում: Նրա առջևից իր վահանակիրն էր գնում:
8 Գողիաթը կանգ առավ, ձայն տվեց իսրայելացիների զորքին+ և ասաց. «Ինչո՞ւ եք մարտական կարգով շարվել: Ես փղշտացի եմ, դուք էլ Սավուղի ծառաներն եք: Մի մարդ ընտրեք, որ գա ու կռվի իմ դեմ:
9 Եթե նա կռվի իմ դեմ ու սպանի ինձ, մենք ձեր ծառաները կդառնանք: Իսկ եթե ե՛ս հաղթեմ նրան ու սպանեմ, ապա դո՛ւք մեր ծառաները կդառնաք և կծառայեք մեզ»:
10 Ապա փղշտացին ասաց. «Այսօր ես մարտահրավեր եմ նետում* Իսրայելի զորքին:+ Ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք»:
11 Երբ Սավուղն ու բոլոր իսրայելացիները լսեցին փղշտացու խոսքերը, շատ վախեցան. նրանք սարսափած էին:
12 Դավիթը Հեսսեի+ որդին էր: Հեսսեն Եփրաթայից* էր՝+ Հուդայի Բեթլեհեմից:+ Նա ութ որդի ուներ:+ Սավուղի օրերում այդ մարդն արդեն ծեր էր:
13 Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի դաշտում էին:+ Այդ որդիների անուններն էին. առաջնեկինը՝ Եղիաբ,+ երկրորդինը՝ Աբինադաբ,+ և երրորդինը՝ Սամմա:+
14 Դավիթը ամենակրտսերն էր:+ Երեք ավագ որդիները Սավուղի հետ ռազմի դաշտում էին:
15 Դավիթը գնում էր Սավուղին ծառայելու և հետ էր դառնում Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարներին:+
16 Փղշտացի Գողիաթը 40 օր շարունակ վաղ առավոտյան և երեկոյան գալիս ու կանգնում էր իսրայելացիների առաջ, որ մարտահրավեր նետեր:
17 Հեսսեն ասաց իր որդուն՝ Դավթին. «Վերցրու այս մեկ արդու* բոված ցորենն ու տասը հացը և շտապ տար բանակատեղի՝ քո եղբայրներին:
18 Իսկ այս տասը բաժին պանիրը* տար հազարապետին: Նաև տես, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և մի լուր բեր նրանցից»:
19 Այդ ժամանակ Դավթի եղբայրները Սավուղի և մնացած բոլոր իսրայելացիների հետ Էլայի հովտում էին,+ որպեսզի կռվեին փղշտացիների դեմ:+
20 Վաղ առավոտյան Դավիթը վեր կացավ, ոչխարներին հանձնեց մեկ ուրիշի խնամքին, վերցրեց մթերքն ու գնաց, ինչպես որ Հեսսեն պատվիրել էր: Երբ նա եկավ բանակատեղի, տեսավ, որ զորքը, մարտագոչ արձակելով, գնում է ռազմի դաշտ:
21 Իսրայելացիների ու փղշտացիների զորքերը շարվեցին իրար դեմ:
22 Դավիթն իր բեռը իսկույն հանձնեց այն մարդուն, որը հսկում էր իրերը, և վազեց ռազմի դաշտ: Հասնելով այնտեղ՝ նա հարցրեց իր եղբայրներին, թե ինչպես են:+
23 Մինչ Դավիթը խոսում էր նրանց հետ, փղշտացիների շարքերից դուրս եկավ Գողիաթը՝+ այն փղշտացի մենամարտիկը, որը Գեթից էր: Նա կրկնեց իր ասած խոսքերը,+ և Դավիթը լսեց:
24 Տեսնելով այդ մարդուն՝ բոլոր իսրայելացիները սարսափահար փախան:+
25 Իսրայելացիներն ասում էին. «Տեսե՞լ եք այդ մարդուն: Նա Իսրայելին ծաղրելու* համար է դուրս գալիս:+ Նրան սպանողին թագավորը մեծ հարստություն կտա և իր աղջկան կամուսնացնի նրա հետ,+ իսկ նրա հոր տունը կազատի Իսրայելի թագավորի հանդեպ ունեցած պարտավորություններից»:
26 Դավիթը հարցրեց իր մոտ կանգնած մարդկանց. «Ի՞նչ կստանա այն մարդը, որը կսպանի այդ փղշտացուն և Իսրայելից կհեռացնի անպատվությունը: Այդ անթլփատ փղշտացին ո՞վ է, որ ծաղրի կենդանի Աստծու զորքին»:+
27 Եվ մարդիկ նույն խոսքերը կրկնեցին. «Այն մարդը, որը կսպանի նրան, այսինչ բաները կստանա»:
28 Երբ Դավթի ավագ եղբայրը՝ Եղիաբը,+ լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, բարկացավ նրա վրա և ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ: Արոտավայրում ո՞ւմ մոտ ես թողել ոչխարների մեր փոքր հոտը:+ Ես լավ գիտեմ, որ դու հանդուգն ես ու վատ մտադրություններ ունես. դու պարզապես եկել ես կռիվը դիտելու»:
29 Դավիթը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել: Ես միայն հարցրի»:
30 Ապա շրջվեց և նույն հարցը մեկ ուրիշին տվեց,+ ու մարդիկ նրան նույն բանն ասացին:+
31 Ոմանք լսեցին Դավթի խոսքերը և հայտնեցին Սավուղին: Նա կարգադրեց, որ իր մոտ բերեն նրան:
32 Դավիթն ասաց Սավուղին. «Թող ոչ մեկի սիրտը չդողա այդ փղշտացու պատճառով: Քո ծառան կգնա ու կկռվի նրա դեմ»:+
33 Բայց Սավուղն ասաց Դավթին. «Դու չես կարող գնալ ու կռվել այդ փղշտացու դեմ, քանի որ դեռ պատանի ես,+ իսկ նա երիտասարդ տարիքից ռազմիկ է»:
34 Դավիթը պատասխանեց Սավուղին. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում,+ պատահում էր, որ առյուծ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում:
35 Ես ընկնում էի հետևից, հարձակվում էի նրա վրա և ոչխարին ազատում նրա երախից: Իսկ երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորթուց,* տապալում էի ու սպանում:
36 Քո ծառան սպանել է թե՛ առյուծ, թե՛ արջ, և այս անթլփատ փղշտացին էլ նույն վախճանը կունենա, որովհետև կենդանի Աստծու զորքին է ծաղրում»:+
37 Ապա Դավիթն ավելացրեց. «Եհովան, ով ազատեց ինձ առյուծի և արջի ճանկերից, այդ փղշտացու ձեռքից էլ կազատի»:+ Այս խոսքերը լսելով՝ Սավուղն ասաց Դավթին. «Գնա՛, և թող Եհովան քեզ հետ լինի»:
38 Սավուղը Դավթին հագցրեց իր հանդերձանքը, գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ հագցրեց:
39 Ապա Դավիթը գոտկատեղին կապեց նրա սուրը և փորձեց քայլել, բայց չկարողացավ, որովհետև սովոր չէր սպառազինություն կրել: Ուստի ասաց Սավուղին. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ»: Եվ Դավիթն իր վրայից հանեց դրանք:
40 Նա վերցրեց իր ձեռնափայտը, գետի հունից* հինգ հարթ քար հանեց, դրեց հովվի իր պարկի գրպանի մեջ և պարսատիկը+ ձեռքին՝ շարժվեց փղշտացու ուղղությամբ:
41 Փղշտացին սկսեց մոտենալ Դավթին, իսկ վահանակիրը նրա առջևից էր գնում:
42 Երբ փղշտացին տեսավ Դավթին, արհամարհանքով քմծիծաղ տվեց, որովհետև նա ընդամենը մի պատանի էր՝ կարմրաթուշ ու գեղեցկատես:+
43 Ուստի ասաց Դավթին. «Ես շո՞ւն եմ,+ ի՞նչ է, որ ինձ վրա փայտով ես գալիս»: Եվ փղշտացին իր աստվածների անունով անիծեց նրան:
44 Ապա ասաց. «Մոտ արի, և ես քո մարմինը երկնքի թռչուններին ու վայրի գազաններին կտամ»:
45 Դավիթն էլ ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս,+ բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի Աստծու,+ որին դու ծաղրում ես:+
46 Այսօր իսկ Եհովան քեզ իմ ձեռքը կտա.+ ես կսպանեմ քեզ և գլուխդ կկտրեմ: Այսօր փղշտացի զինվորների դիակները երկնքի թռչուններին ու վայրի գազաններին կտամ, և ողջ երկրի մարդիկ կտեսնեն, որ Իսրայելը Աստված ունի:+
47 Բոլոր այստեղ հավաքվածները* կիմանան, որ Եհովան ո՛չ սրով է փրկում,+ ո՛չ էլ նիզակով, որովհետև պատերազմը Եհովայինն է,+ և նա ձեզ բոլորիդ մեր ձեռքն է մատնելու»:+
48 Այդ ժամանակ փղշտացին ավելի մոտեցավ Դավթին, Դավիթն էլ արագ վազեց նրան ընդառաջ՝ թշնամու զորքի կողմը:
49 Նա ձեռքը մտցրեց պարկի մեջ և այնտեղից մի քար վերցնելով՝ պարսատիկով նետեց ու հարվածեց փղշտացու ճակատին: Քարը մխրճվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր գետնին ընկավ:+
50 Այսպիսով՝ Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց Գողիաթին:* Նա տապալեց փղշտացուն ու սպանեց նրան, թեև ձեռքին սուր չուներ:+
51 Դավիթը, շարունակելով վազել, գնաց ու կանգնեց փղշտացու կողքը: Հետո նրա պատյանից հանեց սուրն+ ու կտրեց գլուխը, և ոչ մի կասկած չմնաց, որ նա մեռել է: Երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր ռազմիկը սպանվեց, փախուստի դիմեցին:+
52 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ գոռուն-գոչյունով հետապնդեցին փղշտացիներին հովտից+ մինչև Ակկարոնի+ դարպասները: Փղշտացիները սպանված ընկան Սագարիմից+ Գեթ և Ակկարոն տանող ճանապարհին:
53 Իսրայելացիները կատաղի հետապնդումից հետո գնացին փղշտացիների բանակատեղի ու թալանեցին այն:
54 Դավիթը վերցրեց փղշտացու գլուխը և բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում:+
55 Այն պահին, երբ Սավուղը Դավթին տեսել էր փղշտացուն ընդառաջ գնալիս, զորագլուխ Աբեներին+ հարցրել էր. «Ո՞վ է այս տղայի հայրը,+ Աբենե՛ր»: Աբեներն էլ պատասխանել էր. «Քո կյանքով եմ երդվում, ո՛վ թագավոր, տեղյակ չեմ»:
56 Թագավորն ասել էր. «Պարզիր, թե ով է այս պատանու հայրը»:
57 Ուստի երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո վերադարձավ, Աբեները նրան բերեց Սավուղի մոտ: Փղշտացու գլուխը Դավթի ձեռքին էր:+
58 Սավուղը հարցրեց նրան. «Ո՞վ է քո հայրը»: Դավիթն էլ պատասխանեց. «Քո ծառա բեթլեհեմցի+ Հեսսեն»:+
Ծանոթագրություններ
^ Մոտ 2,9 մ: Տես հավելված Բ14:
^ Մոտ 57 կգ: Տես հավելված Բ14:
^ Սրունքներին հագնելու և դրանք հարվածից պաշտպանելու հարմարանք:
^ Կարճ նիզակ:
^ Մոտ 6,8 կգ:
^ Կտորեղեն գործելու հաստոց:
^ Կամ՝ «ծաղրուծանակի եմ ենթարկելու»:
^ Բռց.՝ «եփրաթացի»:
^ Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «կաթը»:
^ Կամ՝ «մարտահրավեր նետելու»:
^ Կամ՝ «ծնոտից»: Բռց.՝ «մորուքից»:
^ Բռց.՝ «Այս ողջ ժողովը»:
^ Բռց.՝ «փղշտացուն»: