1 Սամուել 10։1-27
10 Սամուելը վերցրեց յուղի սրվակը, յուղը լցրեց Սավուղի գլխին,+ համբուրեց նրան ու ասաց. «Եհովան օծեց քեզ, որ իր ժողովրդի*+ առաջնորդը լինես:+
2 Այսօր, երբ այստեղից գնաս, երկու մարդու կհանդիպես Ռաքելի գերեզմանի մոտ՝+ Բենիամինի տարածքում՝ Սելսահում: Նրանք կասեն քեզ. «Այն ավանակները, որոնց գնացել էիր փնտրելու, գտնվել են: Բայց հիմա քո հայրը ավանակների մասին չի էլ մտածում, այլ ձեզ համար է անհանգստանում ու ասում. «Որդիս չվերադարձավ. ի՞նչ անեմ»»:+
3 Այնտեղից կգնաս ու կհասնես Թաբորի մեծ ծառին, որտեղ կհանդիպես երեք մարդու, որոնք Բեթել+ են գնում՝ ճշմարիտ Աստծուն երկրպագելու: Նրանցից մեկը երեք ուլ տանելիս կլինի, մյուսը՝ երեք հաց, իսկ երրորդը՝ գինու մի մեծ սափոր:
4 Քո որպիսությունը հարցնելուց հետո նրանք քեզ երկու հաց կտան, որոնք պետք է վերցնես:
5 Այնուհետև կգնաս ու կհասնես ճշմարիտ Աստծու բլրին, որտեղ փղշտացիների կայազորն է: Երբ քաղաք մտնես, սրբավայրից իջնող մարգարեների մի խմբի կհանդիպես: Նրանք կմարգարեանան,* իսկ նրանց առջևից տավիղ, դափ, սրինգ ու քնար նվագողներ կգնան:
6 Այդ ժամանակ Եհովայի ոգին կներգործի քեզ վրա.+ դու էլ նրանց հետ կմարգարեանաս* և ուրիշ մարդ կդառնաս:+
7 Երբ այս բաները* կատարվեն, ձեռքիցդ եկածն արա, որովհետև ճշմարիտ Աստված քեզ հետ է:
8 Ապա Գաղգաղա+ իջիր: Հետո ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեմ: Յոթ օր սպասիր, մինչև որ գամ: Այդ ժամանակ քեզ կհայտնեմ, թե ինչ պետք է անես»:
9 Երբ Սավուղը շրջվեց, որ գնա, Աստված սկսեց փոխել նրա սրտի տրամադրվածությունը:* Նույն օրը Սամուելի ասած բոլոր բաները կատարվեցին:
10 Այսպիսով՝ Սավուղն ու սպասավորը* ճանապարհ ընկան ու, երբ հասան բլրին, մարգարեների մի խմբի հանդիպեցին: Այդ պահին Աստծու ոգին ներգործեց Սավուղի վրա,+ և նա նրանց հետ սկսեց մարգարեանալ:*+
11 Բոլոր նրան ճանաչողները, տեսնելով, որ նա մարգարեների հետ է և նրանց պես է խոսում, ասացին իրար. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն: Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»:
12 Նրանցից մեկն ասաց. «Իսկ մյուս մարգարեների՞ հայրերը ովքեր են»: Եվ այսպես՝ «Մի՞թե Սավուղն էլ է մարգարե»+ խոսքերը ասացվածք դարձան:
13 Մարգարեի պես խոսելուց հետո Սավուղը բարձրացավ սրբավայր:
14 Որոշ ժամանակ անց նրա հորեղբայրը հարցրեց նրան ու սպասավորին. «Ո՞ւր էիք գնացել»: Սավուղն էլ պատասխանեց. «Ավանակներին փնտրելու,+ բայց երբ չգտանք, գնացինք Սամուելի մոտ»:
15 Հորեղբայրը հարցրեց. «Պատմիր, խնդրում եմ, Սամուելն ի՞նչ ասաց ձեզ»:
16 Սավուղը պատասխանեց. «Նա ասաց, որ ավանակները գտնվել են»: Սակայն նրան չհայտնեց, թե Սամուելն իրեն ինչ է ասել իր՝ թագավոր դառնալու մասին:
17 Սամուելը իսրայելացիներին կանչեց Մասփա՝+ Եհովայի առաջ,
18 և ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես էի, որ ձեզ՝ իսրայելացիներիդ, հանեցի Եգիպտոսից,+ ազատեցի Եգիպտոսի և ձեզ ճնշող բոլոր թագավորությունների ձեռքից:
19 Բայց այսօր դուք մերժեցիք ձեր Աստծուն՝+ ձեր Փրկչին, ով ազատել է ձեզ բոլոր չարիքներից ու նեղություններից, և ասացիք. «Ո՛չ, թագավոր նշանակիր, որ իշխի մեզ վրա»: Այժմ կանգնե՛ք Եհովայի առաջ ձեր ցեղերով ու տոհմերով»»:*
20 Ապա Սամուելն ասաց, որ Իսրայելի բոլոր ցեղերը մեկ առ մեկ մոտենան:+ Ընտրվեց Բենիամինի ցեղը:+
21 Հետո նա Բենիամինի ցեղին ասաց, որ տոհմ առ տոհմ մոտենա, և ընտրվեց Մատրիի տոհմը: Ի վերջո ընտրվեց Կիսի որդին՝ Սավուղը:+ Բայց երբ գնացին նրան փնտրելու, ոչ մի տեղ չգտան:
22 Ուստի հարցրին Եհովային.+ «Այդ մարդը եկե՞լ է այստեղ»: Եհովան պատասխանեց. «Ահա այնտեղ է՝ բեռների մեջ է թաքնվել»:
23 Նրանք էլ վազելով գնացին ու բերեցին նրան այնտեղից: Երբ Սավուղը կանգնեց ժողովրդի մեջ, հասակով մի գլուխ բարձր էր բոլորից:+
24 Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսնո՞ւմ եք, թե ում է ընտրել Եհովան:+ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»: Եվ ողջ ժողովուրդը սկսեց բղավել. «Կեցցե՛ թագավորը»:
25 Այնուհետև Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի իրավունքները,+ դրանք գրեց մի գրքում ու դրեց Եհովայի առաջ:* Ապա բոլորին ասաց, որ տուն գնան:
26 Սավուղը նույնպես գնաց իր տուն, որը Գաբաայում էր: Նրան ուղեկցեցին ռազմիկներ, որոնց Եհո՛վան մղեց, որ գնան նրա հետ:*
27 Բայց որոշ անպիտան մարդիկ ասացին. «Այս մարդն ինչպե՞ս կարող է փրկել մեզ»:+ Նրանք արհամարհանքով վերաբերվեցին Սավուղին և ոչ մի նվեր չբերեցին:+ Բայց նա ոչինչ չասաց:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ժառանգության»:
^ Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
^ Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
^ Բռց.՝ «նշանները»:
^ Բռց.՝ «Աստված նրան ուրիշ սիրտ տվեց»:
^ Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
^ Բռց.՝ «նրանք»:
^ Բռց.՝ «հազարավորներով»:
^ Այսինքն՝ խորանում:
^ Բռց.՝ «որոնց սրտերին Եհո՛վան դիպավ»: