1 Կորնթացիներ 4։1-21
4 Ուզում ենք, որ մարդիկ մեզ համարեն Քրիստոսի սպասավորներ* և տնտեսներ, որոնց վստահվել են Աստծու սրբազան գաղտնիքները:+
2 Իսկ տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի:
3 Ինձ համար էական չէ, թե ինչպես եք ինձ դատում դուք կամ որևէ մարդկային դատարան: Ես ինքս էլ ինձ չեմ դատում,
4 և չկա մի բան, ինչի համար խիղճս տանջում է: Բայց դա դեռ չի նշանակում, որ ես արդար եմ. միայն Եհովան* կարող է դատել՝ արդար եմ, թե ոչ:+
5 Ուրեմն ոչ ոքի մի՛ դատեք,+ այլ սպասեք ճիշտ ժամանակին, երբ կգա Տերը: Նա լույս կսփռի խավարում թաքնված գաղտնի բաների վրա և կբացահայտի մարդկանց սրտում եղածը: Այդ ժամանակ ամեն մեկը Աստծուց կստանա իր արժանի գովասանքը:+
6 Եղբայրնե՛ր, այս ամենը իմ ու Ապողոսի+ վրա օրինակ բերեցի, որ դուք օգուտ քաղեք և վարվեք այս սկզբունքի համաձայն. «Գրվածից այն կողմ մի՛ անցեք»: Այդպես վարվելով՝ չեք հպարտանա+ և մեկին մյուսից բարձր չեք դասի:
7 Ի վերջո, ինչո՞վ եք առավել մյուսներից: Ի՞նչ ունեք, որ չեք ստացել:+ Եվ եթե ստացել եք, ինչո՞ւ եք պարծենում, ասես ինքներդ եք ձեռք բերել:
8 Ի՞նչ է, արդեն ամեն ինչ ունե՞ք: Արդեն հարստացե՞լ եք: Առանց մեզ արդեն սկսել եք թագավորե՞լ:+ Ինչ խոսք, կուզենայի, որ սկսած լինեիք թագավորել, որովհետև այդ դեպքում մենք էլ ձեզ հետ կթագավորեինք:+
9 Ինձ թվում է, որ Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինն է ասպարեզ հանել՝ ի ցույց դնելով որպես մահվան դատապարտվածների:+ Մենք դարձել ենք թատերական ներկայացում ողջ աշխարհի մարդկանց+ ու հրեշտակների համար:
10 Քրիստոսին հետևելու պատճառով մենք հիմար ենք+ համարվում, մինչդեռ դուք, դառնալով Քրիստոսի հետևորդ, ձեզ խելամիտ եք կարծում. մենք թույլ ենք, դուք՝ ուժեղ, մենք պատվազուրկ ենք, դուք՝ հարգված:
11 Մինչև հիմա էլ մենք սովի ենք մատնվում,+ ծարավ ենք լինում+ ու խղճուկ հագնված,* ծեծվում ենք,+ անտուն ենք մնում
12 և տքնաջան աշխատում ենք:+ Երբ մեզ վիրավորում են, մենք բարությամբ ենք արձագանքում,*+ երբ հալածում են, համբերությամբ դիմանում ենք,+
13 երբ զրպարտում են, մեղմությամբ ենք պատասխանում:+ Աշխարհը մինչև հիմա մեզ աղբ ու թափթփուկ է համարում:
14 Այս ամենը գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու համար, այլ ուղղելու՝ որպես իմ սիրելի զավակների:
15 Նույնիսկ եթե 10 000 դաստիարակ* էլ ունենաք քրիստոնեական կյանքում, դուք հաստատ շատ հայրեր չունեք. ես եմ դարձել ձեր հայրը՝ Քրիստոս Հիսուսի մասին բարի լուրը ձեզ քարոզելով:+
16 Ուստի աղաչում եմ, հետևեք իմ օրինակին:+
17 Ես ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին՝ իմ սիրելի և հավատարիմ զավակին ու Տիրոջ ծառային, որ նա ձեզ հիշեցնի այն սկզբունքները,* որոնց հետևում եմ Քրիստոս Հիսուսին ծառայելիս,+ այն նույն սկզբունքները, որոնք սովորեցնում եմ ամենուրեք՝ բոլոր ժողովներում:
18 Ոմանք հպարտացել են և կարծում են, թե ես չեմ գալու ձեզ մոտ:
19 Բայց շուտով կգամ, եթե Եհովան կամենա, և կգամ ոչ թե հպարտացողների խոսքերը լսելու, այլ տեսնելու, թե արդյոք առաջնորդվում են Աստծու զորությամբ:
20 Աստծու թագավորությանը հնազանդ ենք, թե ոչ, երևում է ոչ թե մեր խոսքերից, այլ գործերից, որ անում ենք Աստծու զորությամբ:
21 Ո՞րն եք նախընտրում՝ մահակո՞վ գամ ձեզ մոտ,+ թե՞ սիրով ու մեղմությամբ:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ենթականեր»:
^ Տես հավելված Ա5:
^ Բռց.՝ «մերկ»:
^ Բռց.՝ «օրհնում ենք»:
^ Կամ՝ «պաշտպան», «խնամակալ»:
^ Կամ՝ «մեթոդները»: Բռց.՝ «իմ ճանապարհները»: