1 Կորնթացիներ 1։1-31

  • Ողջույնի խոսքեր (1-3)

  • Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն կորնթացիների համար (4-9)

  • Միաբան լինելու հորդոր (10-17)

  • Քրիստոսը նա է, ում միջոցով դրսևորվել է Աստծու զորությունն ու իմաստությունը (18-25)

  • «Ով պարծենում է, թող Եհովայով պարծենա» (26-31)

1  Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով կանչվել եմ լինելու Քրիստոս Հիսուսի առաքյալ:+ Ինձ հետ է նաև մեր եղբայր Սոսթենեսը: 2  Գրում եմ Աստծու ժողովին, որ Կորնթոսում+ է՝ ձեզ, որ Քրիստոս Հիսուսի հետ միավորվելով՝ սրբագործվել եք+ ու կանչվել սուրբ լինելու, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ամենուրեք հռչակում* են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունը,+ ով և՛ իրենց Տերն է, և՛ մեր: 3  Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ: 4  Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նա անզուգական բարություն է դրսևորել ձեր հանդեպ Քրիստոս Հիսուսի միջոցով: 5  Հիսուսի հետ միավորված լինելու շնորհիվ դուք ամեն ինչ առատությամբ ստացել եք, ունեք Աստծու խոսքի լավ իմացություն, այն հարկ եղած ձևով հռչակելու կարողություն,+ 6  և Քրիստոսի+ մասին վկայությունը ամուր արմատներ է գցել ձեր մեջ: 7  Այնպես որ, մինչ փափագով սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն,+ դուք անհրաժեշտ ոչ մի բանի պակասություն չունեք: 8  Աստված կօգնի, որ անսասան մնաք մինչև վերջ, որպեսզի երբ գա մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը, դուք անմեղադրելի լինեք:+ 9  Հավատարիմ է Աստված,+ ով կանչել է ձեզ, որ նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ընկերակիցները լինեք:* 10  Այժմ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով հորդորում եմ, որ բոլորիդ խոսքերը իրար ներդաշնակ լինեն: Թող ձեր մեջ բաժանումներ չլինեն,+ այլ միաբան եղեք և նույն մտածելակերպն ունեցեք:+ 11  Բանն այն է, եղբայրնե՛րս, որ Քլոյեի տնեցիներն ինձ տեղեկացրել են, որ ձեր մեջ պառակտումներ կան: 12  Նկատի ունեմ այն, որ մեկդ ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում»,* մյուսդ՝ «Ես՝ Ապողոսին»,+ մեկը՝ «Ես՝ Կեփասին»,* մյուսն էլ՝ «Իսկ ես՝ Քրիստոսին»: 13  Բայց մի՞թե Քրիստոսը մասերի է բաժանված: Չէ՞ որ Պողո՛սը չի սյանը գամվել ձեզ համար, և չէ՞ որ Պողոսի անունո՛վ չեք մկրտվել: 14  Փառք Աստծուն, որ Կրիսպոսից+ ու Գայոսից+ բացի՝ ուրիշ ոչ մեկիդ չեմ մկրտել, 15  այնպես որ ոչ մեկդ չի կարող ասել, թե իմ անունով է մկրտվել: 16  Մեկ էլ Ստեփանասի տնեցիներին եմ մկրտել:+ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, չեմ հիշում, որ ուրիշ մեկին էլ մկրտած լինեմ: 17  Քրիստոսն ինձ ուղարկել է ոչ թե մկրտելու, այլ բարի լուրը հռչակելու,+ բայց ոչ մարդկային իմաստությամբ,* այլապես տանջանքի սյան* վրա Քրիստոսի մահը անօգուտ կլիներ: 18  Տանջանքի սյան վրա Քրիստոսի մահվան մասին քարոզվող խոսքը հիմարություն է թվում նրանց, ովքեր գնում են դեպի կործանում,+ բայց մեզ՝ փրկության ճանապարհին գտնվողներիս համար դա Աստծու զորության դրսևորումն է:+ 19  Չէ՞ որ գրված է. «Իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածեմ և խելացիների բանականությունը կմերժեմ»:+ 20  Ո՞ւր մնաց այս աշխարհի* իմաստունը, ո՞ւր մնաց Օրենքի գիտակը,* ո՞ւր մնաց մտավորականը:* Չէ՞ որ Աստված աշխարհի իմաստությունը հիմարության վերածեց: 21  Քանի որ աշխարհն ապավինեց իր իմաստությանը+ և դրա համար էլ չճանաչեց Աստծուն,+ Աստված իր իմաստությամբ որոշեց փրկել հավատացողներին այն պատգամի միջոցով, որն աշխարհը հիմարություն է համարում:+ 22  Հրեաները նշաններ են ուզում,+ հույները իմաստության հետևից են ընկել, 23  իսկ մենք քարոզում ենք սյան վրա մահապատժի ենթարկված Քրիստոսի մասին, ինչը գայթակղության քար է հրեաների համար և հիմարություն՝ ուրիշ ազգերի համար:+ 24  Մինչդեռ կանչվածների համար՝ լինեն հրեա, թե հույն, Քրիստոսը նա է, ում միջոցով դրսևորվել է Աստծու զորությունն ու իմաստությունը:*+ 25  Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ հիմարություն թվա մարդկանց, ավելի իմաստուն է, քան այն ամենը, ինչ նրանք են իմաստուն համարում, և Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ անզոր թվա մարդկանց, ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչ նրանք են զորեղ համարում:+ 26  Եղբայրնե՛ր, դուք ինքներդ էլ տեսնում եք, որ ձեր՝ կանչվածներիդ մեջ շատ չեն նրանք, ովքեր մարդկային տեսանկյունից իմաստուն են,+ ոչ էլ շատ են զորավոր կամ ազնվատոհմ մարդիկ,+ 27  այլ Աստված աշխարհի աչքին հիմար թվացողներին* է ընտրել, որ իմաստուններին ամաչեցնի, և աշխարհի աչքին թույլ թվացողներին է ընտրել, որ զորեղներին ամաչեցնի:+ 28  Աստված ընտրել է աշխարհի տեսանկյունից աննշան, արհամարհելի և անկարևոր համարվողներին,* որ կարևոր համարվողներին ոչնչի վերածի,+ 29  և որ իր առաջ ոչ մի մարդ չկարողանա պարծենալ: 30  Աստծու շնորհիվ է, որ դուք միավորվել եք Քրիստոս Հիսուսի հետ, ով մեզ համար բացահայտում է Աստծու իմաստությունը, օգնում է արդար դառնալ Աստծու աչքում,+ սուրբ է դարձնում մեզ+ և փրկագնի միջոցով ազատագրում,+ 31  որպեսզի լինի այնպես, ինչպես գրված է. «Ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կանչում»:
Կամ՝ «մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասնության մեջ լինեք»:
Բռց.՝ «Ես Պողոսին եմ պատկանում»:
Հայտնի է նաև որպես Պետրոս:
Կամ՝ «խելացի խոսքերով»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դպիրը»:
Կամ՝ «բանավիճողը»:
Բռց.՝ «Քրիստոսը Աստծու զորությունն է և Աստծու իմաստությունը»:
Կամ՝ «հիմար թվացող բաները»:
Կամ՝ «անկարևոր համարվող բաները»: