1 Թագավորներ 7։1-51

  • Սողոմոնի պալատի համալիրը (1-12)

  • Հմուտ վարպետ Քիրամը աջակցում է Սողոմոնին (13-47)

    • Պղնձե երկու սյուները (15-22)

    • Ձուլածո ծովը (23-26)

    • Պղնձե տասը սայլերն ու ավազանները (27-39)

  • Տաճարի ոսկե իրերը (48-51)

7  Սողոմոնը իր համար էլ տուն* կառուցեց:+ Ողջ շինարարությունը* նա ավարտին հասցրեց 13 տարում:+  Սողոմոնը կառուցեց նաև Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունը՝+ 100 կանգուն երկարությամբ, 50 կանգուն լայնությամբ և 30 կանգուն բարձրությամբ:* Տունը կառուցված էր չորս շարքով կանգնեցված սյուների վրա, որոնք մայրու փայտից էին պատրաստված, և դրանց վրա մայրու փայտից+ չորսուներ* կային:  Սյուների վրա դրված երկայնական հեծանների* վերևի հատվածում տունը երեսպատված էր մայրու տախտակներով. դրանց* թիվը ընդհանուր հաշվով 45 էր, ամեն շարքում՝ 15 տախտակ:  Շենքն ուներ շրջանակներով պատուհաններ՝ երեք շարքով: Յուրաքանչյուր պատուհանի հանդիպակաց կողմում մեկ ուրիշ պատուհան կար:  Հանդիպակաց եռաշար պատուհանների շրջանակների պես բոլոր մուտքերի դռներն ու կողափայտերը քառանկյուն* էին:  Սողոմոնը կառուցեց Սյուների սրահը, որի երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 30 կանգուն:* Այդ սրահի առաջ նախասրահ կար՝ սյուներով և ծածկով:  Նա կառուցեց նաև Գահի+ սրահը, այսինքն՝ Ատյանի սրահը, որտեղ դատեր էր վարելու:+ Հատակից մինչև առաստաղի չորսուները սրահը երեսպատեցին մայրու փայտով:  Տունը, որտեղ Սողոմոնը պետք է ապրեր, ուրիշ գավիթում էր՝+ Սրահի* հետևում: Այն նույն ձևով էր կառուցված: Այս Սրահի նման նա մի տուն էլ կառուցեց փարավոնի դստեր համար, որին կնության էր առել:+  Այս բոլոր շինությունները հիմքից մինչև պատի վերնամասը, ինչպես նաև դրսի մասը ընդհուպ մինչև մեծ գավիթ արժեքավոր քարերից+ էին կառուցված, որոնք կտրված էին ըստ չափի և քարի սղոցով բոլոր կողմերից տաշված էին:+ 10  Հիմքը դրված էր շատ մեծ և արժեքավոր քարերով. որոշ քարեր տասը կանգուն* էին, որոշ քարեր էլ՝ ութ:* 11  Իսկ դրանց վրա ուրիշ արժեքավոր քարեր էին դրված՝ կտրված ըստ չափի: Նաև մայրու փայտ էր օգտագործված: 12  Մեծ գավիթի շուրջբոլորը երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու չորսուներով պատ էր շարված, ինչպես որ Եհովայի տան ներսի գավիթի+ ու դրա նախասրահի+ շուրջբոլորն էր: 13  Սողոմոն թագավորը Տյուրոսից կանչել տվեց Քիրամին:+ 14  Նա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր, իսկ նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր:+ Քիրամը հմուտ ու փորձառու վարպետ էր և պղնձի* հետ կապված ամեն տեսակ գործից լավ հասկանում էր:+ Այսպիսով՝ նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա հանձնարարած բոլոր գործերը: 15  Քիրամը պղնձից երկու սյուն ձուլեց:+ Յուրաքանչյուրի բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ 16  Նա պղնձե երկու խոյակ* ձուլեց սյուների գլխին դնելու համար: Խոյակներից յուրաքանչյուրը հինգ կանգուն* էր: 17  Սյուների խոյակները զարդարված էին ցանցաձև և շղթայաձև հյուսվածքներով.+ յոթը մի խոյակի վրա էին, և յոթը՝ մյուս: 18  Սյունախոյակները զարդարելու համար նա նռներ պատրաստեց ու երկու շարքով շարեց յուրաքանչյուր հյուսվածքի շուրջը: Երկու սյունախոյակներն էլ նա այդպես զարդարեց: 19  Նախասրահի սյուների խոյակների՝ չորս կանգուն* չափով հատվածը շուշանաձև էր: 20  Երկու սյունախոյակների շուշանաձև հատվածը ուռուցիկ մասի վերևում էր՝ այն մասի, որը զարդարված էր ցանցաձև հյուսվածքով, և որի շուրջը շարքերով 200 նուռ կար:+ 21  Քիրամը սյուները կանգնեցրեց տաճարի* նախասրահի մոտ:+ Մի սյունը կանգնեցրեց աջ* կողմում և կոչեց Հաքին,* իսկ մյուսը կանգնեցրեց ձախ* կողմում և կոչեց Բոոս:*+ 22  Սյուների վերնամասը շուշանաձև էր: Այսպիսով՝ սյուների հետ կապված աշխատանքներն ավարտվեցին: 23  Հետո նա ձուլածո կլոր ավազան պատրաստեց, որը կոչվում է ծով:+ Դրա մի եզրից մյուսը 10 կանգուն էր, բարձրությունը՝ 5 կանգուն, իսկ շրջագիծը, լարով չափած, 30 կանգուն էր:*+ 24  Եզրից ներքև՝ ծովի շուրջբոլորը, վայրի ձմերուկի նախշեր կային,+ յուրաքանչյուր մեկ կանգուն հատվածում՝ տասը նախշ: Ծովն ու դրա վրա արված երկու շարք նախշերը միաձույլ էին: 25  Այն դրված էր պղնձե 12 ցլերի վրա,+ որոնցից 3-ը նայում էին հյուսիս, 3-ը՝ արևմուտք, 3-ը՝ հարավ, և 3-ը՝ արևելք: Ծովը ցլերի վրա էր, և ցլերի հետնամասերը դեպի կենտրոնն էին ուղղված: 26  Ծովի պատի հաստությունը ձեռքի ափի լայնության* չափ էր, իսկ եզրը գավաթի եզրի պես էր արված՝ շուշան ծաղկի նման: Ծովի տարողությունը 2 000 մար* էր: 27  Հետո նա պղնձե տասը սայլ* պատրաստեց.+ ամեն մի սայլի երկարությունն ու լայնությունը չորս կանգուն էին, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն:* 28  Սայլերն այսպես էին պատրաստված. դրանց կողմնապատերը սալիկներից էին կազմված, և սալիկները շրջանակների մեջ էին առնված: 29  Կողմնապատերի սալիկների վրա առյուծներ,+ ցլեր և քերովբեներ+ էին պատկերված: Նույն բաները պատկերված էին նաև շրջանակների վրա: Իսկ առյուծներից ու ցլերից վերև ու ներքև գեղազարդային ուռուցիկ քանդակներ էին արված: 30  Սայլերից ամեն մեկը պղնձե չորս անիվ ու պղնձե սռնիներ* ուներ, որոնք ամրացված էին անկյունային չորս հենաձողերին: Ավազանի տակի հենաձողերը և դրանք զարդարող գեղազարդային քանդակները միաձույլ էին: 31  Ավազանի բերանը կլոր շրջանակի մեջ էր առնված: Ավազանի հատակից մինչև կլոր շրջանակը մեկ կանգուն* էր: Կլոր շրջանակը հենաձողերի հետ մեկուկես կանգուն* բարձրություն ուներ և ծառայում էր որպես հենակալ: Այդ շրջանակի վրա քանդակներ կային: Սալիկները քառանկյուն էին, ոչ թե կլոր: 32  Չորս անիվները կողմնապատերի տակ էին, իսկ անիվների սռնիները ամրացված էին սայլին: Յուրաքանչյուր անվի տրամագիծը մեկուկես կանգուն էր: 33  Այդ անիվները սովորական կառքի անիվների նման էին սարքված: Դրանց բոլոր կցորդիչները, անվագոտիները, ճաղերն ու անվակունդերը* ձուլածո էին: 34  Ամեն մի սայլի չորս անկյուններում չորս հենաձողեր կային: Այդ հենաձողերը սայլի հետ միաձույլ էին: 35  Սայլի վերնամասում կես կանգուն* լայնությամբ կլոր շրջանակ՝ օղակապ կար, և սայլի վերևի մասում եղող շրջանակներն ու սալիկները սայլի հետ միաձույլ էին: 36  Հետո, հաշվի առնելով առկա տարածությունը, Քիրամը շրջանակների ու սալիկների վրա քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ փորագրեց և շուրջբոլորը գեղազարդային քանդակներ արեց:+ 37  Տասը սայլերը նա այդպես պատրաստեց:+ Բոլորն էլ միևնույն ձուլվածքն ունեին՝+ նույն չափն ու ձևը: 38  Քիրամը նաև տասը պղնձե ավազան պատրաստեց:+ Ամեն մի ավազանի տարողությունը 40 մար* էր, իսկ տրամագիծը չորս կանգուն էր: Տասը սայլերից յուրաքանչյուրի վրա մեկ ավազան կար: 39  Ապա նա հինգ սայլը դրեց տան աջ կողմում, մյուս հինգ սայլը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք:+ 40  Քիրամը+ պատրաստեց նաև տաշտեր, բահեր+ ու թասեր:+ Այսպիսով՝ Քիրամն ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները, որոնք նա անում էր Սողոմոն թագավորի համար:+ 41  Նա պատրաստեց երկու սյուները+ և երկու գավաթաձև խոյակները, որ երկու սյուների վրա էին, երկու գավաթաձև սյունախոյակները զարդարող ցանցաձև հյուսվածքները,+ 42  երկու սյունախոյակների հյուսվածքների վրայի 400 նռները+ (երկու շարք՝ ամեն մի հյուսվածքի վրա. դրանք զարդարում էին երկու գավաթաձև սյունախոյակները), 43  տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը ավազանները,+ 44  ծովը+ և այն պահող 12 ցլերը, 45  նաև դույլերը, բահերը, թասերն ու մյուս բոլոր պիտույքները: Այս ամենը, որ Քիրամը Սողոմոն թագավորի ասածով պատրաստեց Եհովայի տան համար, փայլեցված պղնձից էր: 46  Թագավորը դրանք կավե կաղապարների մեջ ձուլեց Հորդանանի շրջանում,* որը Սոկքոթի և Սարթանի միջև է: 47  Պիտույքներն այնքան շատ էին, որ Սողոմոնը չկշռեց դրանք, ուստի պղնձի կշիռը հայտնի չեղավ:+ 48  Սողոմոնը պատրաստեց Եհովայի տան բոլոր պատկանելիքները՝ խնկարկության ոսկե սեղանը,*+ Նրա առաջ դրվող հացերի ոսկե սեղանը,+ 49  մաքուր ոսկուց ճրագակալները+ (հինգը՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում՝ խորքի սենյակի առաջ), ոսկե ծաղիկներն+ ու ճրագները, այրված պատրույգը հանելու ունելիները,+ 50  մաքուր ոսկուց տարաները, պատրույգի մկրատները,+ թասերը, անոթները,+ այրուքի ամանները*+ և ոսկե փոսիկները, որոնց մեջ հագնում էին ներքին սենյակի,+ այսինքն՝ Սրբությունների Սրբության, ինչպես նաև Սրբության* դռների ծխնիները:+ 51  Այսպիսով՝ Սողոմոն թագավորը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները: Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու Եհովայի տան գանձարաններում դրեց:+

Ծանոթագրություններ

Խոսքը Սողոմոնի տան և ստորև նշված մյուս շինությունների մասին է:
Կամ՝ «պալատ»:
Շինության չափսերը՝ մոտ 44,5 × 22,3 × 13,4 մ: Տես հավելված Բ14:
Քառակող գերաններ:
Հեծանը գերան է, որ ձգում են երկու հանդիպակաց պատերի վրա որպես հենարան:
Հնարավոր է՝ խոսքը երկայնական հեծանների մասին է:
Կամ՝ «ուղղանկյուն»: Բռց.՝ «քառակուսի»:
Սյուների սրահի չափսերը՝ մոտ 22,3 × 13,4 մ:
Բռց.՝ «Սրահի տան»: Հավանաբար վերաբերում է Գահի սրահին:
Մոտ 4,5 մ:
Մոտ 3,6 մ:
Կամ՝ «բրոնզի» (այստեղ և գլխի մնացած տեղերում):
Սյան չափսերը՝ մոտ 8 × 5,3 մ:
Այսինքն՝ սյունագլուխ:
Մոտ 2,2 մ:
Մոտ 1,8 մ:
Հնարավոր է՝ նշանակում է «զորությամբ»:
Կամ՝ «հյուսիսային»:
Նշանակում է «թող նա [Եհովան] ամուր հաստատի»:
Կամ՝ «հարավային»:
Խոսքը Սրբության մասին է:
Մոտ 4,4 × 2,2 × 13,4 մ:
Մոտ 44 000 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ջրի ավազանի համար սայլակառք»:
Սայլի չափսերը՝ մոտ 1,8 × 1,8 × 1,3 մ:
Այն ձողը, որի վրա հագցվում և պտտվում են անիվները, ատամնանիվները:
Մոտ 44,5 սմ:
Մոտ 66,8 սմ:
Անվի կենտրոնական մասը, որին ագուցվում են առանցքը և ճաղերը:
Մոտ 22,3 սմ:
Մոտ 880 լ:
Այսինքն՝ այն տարածքում, որն ընդգրկում էր Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Բռց.՝ «տաճարի տան»:
Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»: